Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանի գանգրենան արդեն հասել է 50 տոկոսանոց աստիճանի եւ վտանգի տակ է վերջույթների անդամահատումը». Պաշտպանների խոսքով՝ հաշվեհարդար են տեսնում

Հունիս 17,2019 17:50

Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով նիստն է:

Մեղադրող կողմը դատավորին փոխանցեց դատապարտյալների հիվանդանոցում կազմած արձանագրությունները այն մասին, որ Մանվել Գրիգորյանի ճնշումը չափել են, եղել է 180/100 սահմաններում: Առաջարկվել է կալանավորված անձին ցուցաբերել բժշկական օգնություն, հրաժարվել է:

Մանվել Գրիգորյանն առաջարկել է կանչել շտապօգնության մեքենա եւ իրեն տեղափոխել այլ բուժհաստատություն՝ շեշտելով, որ չի ցանկանում բուժօգնություն ստանալ դատապարտյալների հիվանդանոցում:

Մանվել Գրիգորյանը ցանկացել է, որ իր հարազատների ֆինանսական միջոցներով բուժումը շարունակի «Նաիրի» ԲԿ-ում:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարություն արեց. «Այն, որ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից հարկադրաբար տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց, դա մենք դիտում ենք անօրինական այնքանով, որքանով ՀՀ կառավարությունը դեռեւս ամիսներ առաջ, երբ անհապաղ միջոցների հետ կապված դիմել ենք ՄԻԵԴ, որ տեղափոխենք քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի դրանից հետո տեղափոխենք արտերկիր՝ բուժման՝ անմիջապես դրանից հետո ՀՀ կառավարության կողմից, իր ցուցումով պետական լիազոր մարմինը տեղափոխեց «Նաիրի» ԲԿ Մանվել Գրիգորյանին, ՄԻԵԴ-ի առաջ պարտավորություն ստանձնեց, որ քաղաքացիական հիվանդանոցում պետք է բուժի: Դրանից հետո, երբ հարկադրաբար վերջինիս ցանկացան տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց, դա էլ է անօրինականություն եւ դրա համար է, որ մեր պաշտպանյալը փորձել է հրաժարվել բուժօգնությունից «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ ձերբակալվելիս Մանվել Գրիգորյանն ունեցել է 3 հիվանդություն, այս պահին արդեն ունի 30 հիվանդություն: Պաշտպանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը կարիք ունի խնամակալի: Նա նաեւ ներկայացրեց Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի եզրակացությունը, որ «կյանքին սպառնացող ռիսկը կարող է շատ շուտ վրա հասնել», ըստ պաշտպանի՝ արդեն բժիշկն ահազանգում է, որ այն հիվանդությունը, որը պետք է բուժեին, դրա կարիքը արդեն կարող է չլինել:

Պաշտպանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ հոգեթերապեւտիկ աջակցությունն էլ, ըստ բժշկի, չեն կարող տրամադրել երրորդ անձի ներկայությամբ: Այսինքն, անհրաժեշտ է, որ Մանվել Գրիգորյանը բժշկի հետ մենակ մնա:

Լեւոն Բաղդասարյան ասաց, որ ամիսներ շարունակ իրենք բարձրաձայնել են ապօրինի կալանքի եւ խոշտանգման փաստի մասին, այդ հարցն արդեն գտնվում է ՄԻԵԴ-ում. «Խոշտանգումից զատ ուղղակի միտում ենք տեսնում անձի նկատմամբ ուղղակի հաշվեհարդար տեսնելու»:

Պաշտպանները դատարանին հորդորում էին հաշվի առնել՝ Մանվել Գրիգորյանը, որի առողջական վիճակը անընդհատ վատանում է, ի վիճակի՞ է ինչ-որ բանի խոչընդոտելու: Պաշտպաններից մեկն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ չեն կարող բուժել Գրիգորյանին: Դատավորը հարցրեց՝ փաստական տվյալներ ունե՞ք, որ Դատապարտյալների հիվանդանոցն է նպաստել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատացմանը, մասնավորապես՝ զարկերակային բարձր ճնշման բարձրացմանն ու արյան մեջ գլյուկոզայի բարձրացմանը:

Պաշտպանը պատասխանեց, որ բժիշկների եզրակացությունն են տվել, ըստ որի Մանվել Գրիգորյանն ունի բազմապրոֆիլ ստացիոնար բուժման կարիք: Դատավորը ավելի հստակեցրեց հարցը՝ «Նաիրի» ԲԿ-ն ի՞նչ բուժում էր անում, որ դատապարտյալների հիվանդանոցը չի կարողանում անել: Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրեց ընդհուպ հիվանդասենյակը մինչեւ եւ հայտարարեց, որ Դատապարտյալների հիվանդանոցը չի համապատասխանում, որ Մանվել Գրիգորյանն այնտեղ բուժվի:

Թե ինչու է Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ հոգեթերապեւտ՝ պաշտպաններն ասացին, որ Մանվել Գրիգորյանը դյուրագրգիռ վիճակում է, չեն կարողանում պաշտպաններն աշխատել: Պաշտպանի խոսքով Մանվել Գրիգորյանի գանգրենան արդեն հասել է 50 տոկոսանոց աստիճանի եւ վտանգի տակ է վերջույթների անդամահատումը. «90-ականներին ոնց որ ոստիկանական բաժիններում մարդկանց ծեծի էին ենթարկում, այսօր ոչ մի բանով չի տարբերվում, խոշտանգումը մնում է խոշտանգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930