Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին՝ մի կերպ, ճռռալով աշխատում ենք, որ հաստիքները չշատացնենք

Հունիս 17,2019 17:11

Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու քաղաքապետարանի հաստիքակազմի ավելացման հարցը: Նախագիծը հարուցեց Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի դժգոհությունը: Դավիթ Խաժակյանի խոսքով, հաստիքացուցակը նույնն է՝ ավելացրած ՓԲԸ-ների փոփոխությունը, աղբահանության վճարման-գանձման փոփոխությունը:

«Երեւի արդեն նշանակություն չունի հիմնավորել, որ ուռճացված հաստիքացուցակ է, նույն բանն է, ինչ նախկինում՝ չհաշված, որ թվաքանակի առումով մեկնարկային փուլում 1998-ը դարձել է 2132: Հիմա նույն նախագիծն է՝ հանած աշխատանքային խումբը: Ես հասկանում եմ, որ կողմ պետք է քվեարկեք, եւ անցնի այս նախագիծը, բայց օպտիմալացումը կառավարությունում գնում է մի ուղղության վրա, այստեղ մի այլ ուղղության վրա, եւ մենք, փաստորեն, այն հաստիքացուցակը, ինչ-որ ունեինք նախկինում, համարում ենք օպտիմալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ փաստորեն, մի մեղադրանք է միայն մնում նախկիններին՝ կոռումպացված էին. «Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, մենք ասում ենք՝ թող ունենա 4-ը , 4 օգնական եք առաջարկում, ասում ենք՝ 2 օգնականը բավարար է: Մեր տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19.5 աշխատակից եք բերել տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչություն: Սա ադեկվա՞տ է մեր քաղաքի համար, ես ասում եմ՝ ոչ»:

Ըստ Դավիթ Խաժակյանի, իշխող ուժը ծանրաբեռնվածության հանգամանքն է առաջ քաշում, բայց այն վարչությունում՝ ճարտարապետական բլոկում, որն ամենածանրաբեռնվածներից մեկն է, ոչ մի հաստիք չի ավելացել:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հակադարձեց. «Այստեղ հնչեց միտք՝ դե, հենա կառավարում էին լավ էլ: Լավ է, որ գոնե ասացիք կոռուպցիա կար, թե չէ պատկերացումներս լրիվ կփոխվեր: Լավ է, որ այդ մի հարցում բոլորս միակարծիք ենք»:

Քաղաքապետն ասաց, որ որքան էլ պետք են այդ նոր հաստիքները, բայց իրենք «մի կերպ, ճռռալով» աշխատում են, որ չշատացնենք. «Այդ վարչության պետերը գալիս զեկուցում են՝ չենք կարող, մեզ մարդ է պետք, ես ասում եմ՝ տղերք, դիմացեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով ավելացնել հաստիքները, բայց այո, կարող է մի պահ գալ, որ էլի ավելացնենք: Օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, որ մի վարչությունում կբարձրանա, մյուսում կկրճատվի:

Այս պահին այս հաստիքացուցակը, որ կա, մեծ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որոնք գալիս են, որովհետեւ իրականում մշակվում են այդ դիմումները: Ես ցավում եմ, որ դուք այդ ամեն ինչը համեմատում եք: Դուք չեք տեսնում այն փաստը, որ չկա որեւէ դիմում, որը օրենքից դուրս է մշակվում, կամ ինչ-որ նորմերի խախտմամբ է մշակվում կամ ինչ-որ անուն ազգանունով պայմանավորված է մշակվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930