Newmag հրատարակչական ընկերության «Գահերի խաղը. ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն տարբերակի թարգմանության եւ հրատարակման վրա շատերն են աշխատել: Շնորհանդեսի ժամանակ հանդիսավարը նշեց, որ գիրքը լույս է տեսել նաեւ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ եւ ամբիոնի մոտ հրավիրեց Սերժ Սարգսյանին:
«Հարգելի գործընկերներ, գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ծնել է բազմաթիվ շնորհաշատ զավակներ, ովքեր իրենց լուրջ ներդրումն են ունեցել մեր ժողովրդի զարգացման գործում: Իհարկե, նրանցից մեկն էլ, անշուշտ Տիգրան Պետրոսյանն է, ով մնացածներից տարբերվեց նաեւ նրանով, որ իր տաղանդի դրսեւորմամբ իրավիճակ փոխեց Հայաստանում: Լինելով միակ հայ գրոսմայստերը՝ նրա շնորհիվ ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիան միավորում է 43 գրոսմայստերի: Եթե հետաքրքրասերները փորձեն համեմատել, թե աշխարհում ինչքան գրոսմայստեր կա եւ նրանցից ինչքանն են գործում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի դրոշի ներքո, ապա հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ Տիգրան Պետրոսյանն, իրոք, իրավիճակ փոխեց Հայաստանում: Եվ ոչ միայն շախմատում, որովհետեւ այն հարյուր հազարավորները, որ Հայաստանում շախմատ են խաղում, կյանքին վերաբերվում են մի քիչ այլ կերպ, քան նրանք, ովքեր շախմատ չեն խաղում: Բայց այսօրվա այս համեստ միջոցառումն իմ կարծիքով մեկ այլ խորհուրդ էլ ունի: Մեր ժողովուրդը մշտապես տեսել է աշխարհում առաջավորը, այն ընկալել է, տեղայնացրել է, սեփական երանգներն է հաղորդել: Ու կարծում եմ, նաև դրա շնորհիվ է, որ մենք հարատեւում ենք այս չափազանց բարդ տարածաշրջանում: Եվ այդ գործը հիմնականում առաջ է ընթացել նաեւ թարգմանիչների, այն մարդկանց օգնությամբ, ովքեր գիտելիքը տարածել են գրքի միջոցով: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր ուրախացրին Տիգրան Պետրոսյանի այս հոյակապ գիրքը մեզ ու հարյուր հազարավորներին նվիրելով»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ