Լրահոս
Օրվա լրահոսը

1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը  և Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը

Հունիս 17,2019 17:30

1920 թվականի հայ-թուրքական անփառունակ պատերազմից (որն ավարտվեց Հայաստանի խայտառակ պարտությամբ) և Հայաստանի բռնի խորհրդայնացումից հետո՝ 1921 թվականի սկզբներին եկավ ստեղծված իրողությունները իրավաբանորեն ամրագրելու ժամանակը:

Սակայն ժամանակից շուտ խորհրդայնացված Հայաստանը կարող էր խոչընդոտել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաստատված դաշնակցային հարաբերություններին և ընդդեմ Անտանտի պայքարելու միասնական քաղաքականությանը: Բազմաթիվ փաստերը թույլ են տալիս ենթադրելու, որ Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններից խուսափելու համար Ռուսաստանի իշխանությունները ժամանակավորապես, մինչև Մոսկվայի կոնֆերանսի անցկացումը, թույլ տվեցին, որպեսզի Հայաստանում վերականգնվի դաշնակցականների իշխանությունը:

Նման օպերացիայի անցկացման համար Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը (Չեկան), որն ստեղծվել է 1917 թվականի դեկտեմբերի 20-ին, ուներ համապատասխան մտավոր և կազմակերպչական կարողություններ: 20-ական թվականներին Չեկան իրականացրեց «Սինդիկատ» և  «Տրեստ» արտաքին-քաղաքական օպերացիաները, որոնց շրջանակներում Ռուսաստանում ստեղծվեցին հակահեղափոխական կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ կազմված էին պրովոկատորներից և կապ հաստատելով արտասահմանի էմիգրանտական կազմակերպությունների առավել կարկառուն ներկայացուցիչների հետ՝ նրանց խաբեությամբ բերեցին Ռուսաստան, իբր բոլշևիկյան իշխանության դեմ ապստամբություն բարձրացնելու նպատակով և բոլորին ձերբակալեցին:1

Նմանօրինակ շախմատային կոմբինացիաների մասին է վկայում նաև այն փաստը, որ 20-ական թվականներին բոլշևիկյան Ռուսաստանը ակտիվորեն իրականացնում էր «գունավոր հեղափոխություններ», որի ժամանակ «տվյալ երկրի իրեն ոչ հարմար իշխանությունը փոխարինել է իրեն հնազանդ, բառացիորեն խամաճիկ իշխանությամբ: Այն էլ ոչ միայն արտաքին օժանդակության, այլ ուղղակի ուժային՝ ռազմական միջամտությամբ: Ճիշտ է, հետհոկտեմբերյան շրջանի այդ հեղափոխությունները, թեև եղել են գունավոր, բայց, ցավոք սրտի՝ միշտ մեկ գույնի՝ կարմիր: Այդ «կարմիր» հեղափոխությունների ամենադասական իրագործումը դրսևորվեց Անդրկովկասում: Դա ստացավ խորհրդայնացում անվանումը»:2

Թեև 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը օբյեկտիվ պատճառներ ուներ, սակայն մի շարք փաստեր խոսում են այն մասին, որ իշխանափոխությունը թույլ էր տրված բոլշևիկյան իշխանությունների կողմից: Այդ փաստերն են՝

1. Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները տեղեկացված էին սպասվող ապստամբության մասին, սակայն ոչ մի քայլ չձեռնարկեցին այն կանխելու համար: «ՌՍՖՍՀ-ի լիազոր-ներկայացուցիչ Շեյնմանը 1921 թվականի փետրվարի 2-ի նամակում Ս. Օրջոնիկիձեին հաղորդում էր, որ իր ձեռքի տակ եղած տեղեկությունների համաձայն առաջիկա գարնանը Կովկասում ապստամբություն է սպասվում… Կովկասի տագնապալից դրության և հակահեղափոխական ելույթի վտանգի մասին Օրջոնիկիձեն գրում էր 1921 թվականի փետրվարի 6-ին Բաքվից Լենինին հասցեագրած նամակում. «Կրկին ու կրկին տեղեկացնում եմ Ձեզ, որ գարնան մոտենալու հետ դրությունը Կովկասում ավելի ու ավելի սպառնալից է դառնում…» և այդ կապակցությամբ «ոչ միայն չի կարելի քչացնել զորքի քանակը, այլ ընդհակառակը, անհրաժեշտ է այն ավելացնել…»:3

2. Եվ, հետևաբար, այս պարագայում տրամաբանության չի ենթարկվում այն փաստը, որ «այդ օրերին Երևանից դուրս էին բերվել 11-րդ կարմիր բանակի զորամասերը (18-րդ դիվիզիայի 106-րդ հեծյալ գունդը)»:4

3. Իշխանափոխության պատճառներից էր և այն, որ դաժան և անխոհեմ իրականացված պարենմասնատրման պատճառով Հայաստանում ըստ կանխատեսումների սով էր ապասվում, որից ևս բոլշևիկները ցանկանում էին խուսափել: Ինչպես նշում է Ս. Վրացյանը. «Հայաստան եկած բոլշևիկները, ճնշող մեծամասնությամբ տգետ ու անբարոյական, շատերը՝ քրեական անցյալի տեր, գիշատիչ անգղների պես հարձակվեցին հայ ժողովրդի ու պետության ստացվածքի վրա ու սկսեցին առանց խնայելու խժռել»: Ռուսաստանից պարեն գալու փոխարեն, Հայաստանի մեջ եղածն էլ Մոսկվա էր ուղարկվում… ալյուր, խտացրած կաթ, կակաո և ուրիշ ուտելիքներ: Այս բոլորը կատարվում էր հանուն «հեղափոխական օրենքի», իսկ ով դիմադրեր, «հակահեղափոխական էր» և թշնամի բանվորա-գյուղացիական իշխանության»:5

4. Կարմիր բանակի հարձակումը ապստամբների դեմ սկսվեց մարտի վերջերին, երբ արդեն ստորագրվել էր 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը: Ինչպես նշված է Հայոց պատմության 4-րդ հատորում. «Մարտի 27-ին Ղարաքիլիսայում Երևանի ուղղության զորախմբի հրամանատար Մ. Վելիկանովը ստորագրեց ռազմաճակատի զորքերի հարձակման անցնելու մասին հրամանը»:6

5.Սակայն Հայաստանում դաշնակցականների իշխանությունը ժամանակավորապես վերականգնելու  հիմնական պատճառը այն էր, որ իր դաշնակից և գաղափարակից Հայաստանի տարածքները նրա հարևանների միջև բաժանելը չէր կարող որևէ ձևով արդարացվել: Այդ պատճառով հարկավոր էր, որ Հայաստանում ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում լինի ոչ խորհրդային իշխանություն: Ինչպես արդարացիորեն նշում է Վ. Հարությունյանը. «Եթե հանկարծ 1920 թվականի մայիսին խորհրդային Ռուսաստանը գնար Հայաստանի խորհրդայնացմանը, մեղմ ասած, խիստ անտրամաբանական է, որ երկրի կեսը խորհրդայնացվեր որպես հայկական խորհրդային պետություն, մյուս մասն էլ՝ Կարսի մարզը— նվիրաբերվեր քեմալականներին, մի քանի կտոր էլ տրվեր Ադրբեջանին: Դա չաշխատող տարբերակ էր… Դա կլիներ արդեն քեմալական կողմին հասցված մահաբեր հարված, որի հետևանքները հենց նույն Ռուսաստանի համար լինելու էին անկանխատեսելի և ոչ դյուրին, առավելևս, որ քեմալականներն այդ օրերին արդեն ինտենսիվ շփումների մեջ էին հաղթող տերությունների հետ: Այնպես, որ առճակատումը քեմալականների հետ, Հայաստանի խորհրդայնացման գնով չէր կարող տեղավորվել Կովկասում իր համար երաշխավորված դիրքեր հաստատելու ձգտող Ռուսաստանի պլանների մեջ, որոնք ապահովելու համար քեմալական կողմի հետ վաղօրոք արդեն ձեռք էր բերվել ու բազմիցս հավաստիացվել ապագա Թուրքիայի սահմանը Արփաչայ-Արաքս գծով անցնելու պայմանավորվածությունը: Այնպես, որ այդ օրերին Խորհրդային Ռուսաստանը ոչ թե օժանդակելու էր հայ բոլշևիկներին շուտափույթ խորհրդայնացնել Հայաստանը, այլ հակառակը, նա կոնկրետ քայլեր ձեռնարկեց, որպեսզի այդ օրերին բռնկված խռովությունը զարգացում չստանա և այդ պահին գործը հանկարծ չհասնի ամբողջ երկիրը խորհրդայնացնելուն: Ի դեպ, Անկարան էլ էր բավականին անհանգստացած մայիսին Հայաստանում ծավալված դեպքերով: Քյազիմ Կարաբեքիրը… խիստ մտահոգ նամակ է հղում Անկարա, որտեղ կարծիք է հայտնում, որ եթե հանկարծ Հայաստանում տեղի ունենա խորհրդայնացում, ապա իրենք հավերժ պետք է հրաժարվեն Կարս-Արդահանին տիրանալու մտքից…»:7

Նմանօրինակ իրավիճակ էր ստեղծվել նաև 1921 թվականի սկզբներին, երբ նախատեսվում էր անցկացնել Մոսկվայի ռուս-թուրքական բանակցությունները: Վերջիվերջո, զոհասեղանին դրված էին Հայաստանի տարածքները, որի շուրջն էլ սակարկում էին Ռուսաստանն ու Թուրքիան: Անկախ այն հանգամանքից, թե ինչ գույն կունենար Հայաստանը, ըստ էության, նշանակություն չուներ: Հայկական տարածքները կամ պետք է տրվեին Հայաստանին, կամ՝ Թուրքիային: Այդ ժամանկաշրջանում Ռուսաստանում ընթացող քաղաքական իրողությունները այսպիսին էին: «Չիչերինի կողմից թուրքերին ներկայացված տարածքային պահանջի մասին հայտնի է դառնում նաև Ի. Ստալինին, որը շտապում է իր մտահոգությունները կիսել Վ. Լենինի հետ: Նա փետրվարի 12-ին Լենինին ուղղված նամակ է գրել՝ «Ընկ. Լենին, ես միայն երեկ տեղեկացա, որ Չիչերինը իսկապես ինչ-որ հիմար և պրովոկացիան պահանջ է ներկայացրել թուրքերին այդ թուրքական գերակշիռ մեծամասնությամբ բնակեցված Վան, Մուշ և Բիթլիս մարզերը մաքրելու մասին: Դա հայկական իմպերիալիստական պահանջ է և չի կարող լինել մեր պահանջը: Հարկավոր է արգելել Չիչերինին թուրքերին նոտա ուղարկել՝ ազգայնականորեն տրամադրված հայերի թելադրանքով»:8

Դժբախտաբար, դա Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարության դիրքորոշումն էր: Դեռևս 1920 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՍԽՀ ներկայացուցիչներին ընդունելու ժամանակ Լենինը նշում էր. «Մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի: Այնուհետև շարունակում է. «մենք չենք պատրաստվում Հայաստանի համար պատերազմել որևէ մեկի, հատկապես Քեմալի հետ»:9

Ստեղծված քաղաքական իրավիճակում Ռուսաստանի իշխանությունները որոշեցին զոհաբերել հայ ժողովրդի շահերը և նորից կրկնվենք, այս դեպքում Հայաստանում խորհրդային կարգեր լինելը միայն խոչընդոտ էին ի հաշիվ Հայաստանի շահերի Թուրքիայի հետ պայմանագիր կնքելուն:

Փետրվարյան ապստամբության արժևորումը հայ քաղաքական գրականության մեջ՝ կախված Մոսկվայի պայմանագրի հայկական տարածքներին վերաբերող դրույթների ձևակերպումից՝ տարբեր վերաբերմունքի է արժանացել: Խորհրդային պատմագրությունը գրեթե առանց բացառության դատապարտում են այն՝ գտնելով, որ եթե Հայաստանը 1921 թվականի Մոսկվայի կոնֆերանսի օրերին խորհրդային լիներ, ապա հնարավոր կլիներ որոշ հայկական տարածքներ պահպանել:

Է. Զոհրաբյանը, Ա. Հակոբյանը, Վլ. Ղազախեցյանը և այլն, ապացուցում են, որ «Թուրքիան Հայաստանի մասնակցության մասին դրական վերաբերմունք չի ունեցել նաև մինչև փետրվարյան ապստամբությունը»:10

Մեզ առավել ճիշտ է թվում քաղաքագետ Լ. Շիրինյանի դիրքորոշումը, որն չարդարացնելով և չդատապարտելով Փետրվարյան ապստամբությունը Մոսկվայի պայմանագրի ոչ հայանպաստ հոդվածների կապակցությամբ՝ արձանագրում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ այն է՝ պայմանագիրը իրավունքներ և պարտականություններ չի ստեղծում նրան չմասնակցող կողմի համար առանց վերջինիս համաձայնությանը դրան: «1921 թվականի մարտի 16-ին կնքվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանագիրը, որը, հայկական կտրվածքով, արտառոց էր և իր տեսակի մեջ (այն, փաստորեն 1939 թվականի օգոստոսի 23-ի Ռիբենտրոպ-Մոլոտով գաղտնի պայմանագրի նախատիպն է՝ աշխարհի բաժանման առումով), և ըստ էության: Կնքված լինելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև որպես «ազգերի եղբայրության ու ժողովրդի ինքնորոշման սկզբունքից» բխած պայմանագիր՝ այն ոտնահարել է առաջին հերթին ազգերի ինքնորոշման իրավունքը: Ստորագրության պահին Հայաստանն անկախ պետություն էր (Հայաստանում գործում էր Ազգային Փրկության կոմիտեն, իսկ բոլշևիկները երկրից փախել էին Ադրբեջան) և իր ստորագրությունը չի դրել դաշնագրի տակ: Հայ պատվիրակությունը, ինչպես Բեռլինի կոնգրեսում 1878 թվականին, չի մասնակցել բանակցություններին: Բնականաբար, այդ դաշնագրով հայկական կողմի վրա որևէ պարտավորություն չի կարող դրվել»:11

Այսպիսով, Ռուսաստանը, իրենից անկախ, արհեստականորեն ստեղծեց մի իրավիճակ, երբ Հայաստանում նորից իշխանության եկան դաշնակցության ներկայացուցիչները, որոնք արդեն Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածք չէին ներկայացնում և որի առնչությամբ երրորդ պետությունների կնքած պայմանագիրը՝ հակասելով միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, ab initio (ի սկզբանե) ուժ չուներ: Սա այն նվազագույն առավելությունն էր, որ ստացավ Հայաստանը՝ չմասնակցելով ռուս-թուրքական կոնֆերանսի աշխատանքներին:

Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Կարսի կոնֆերանսում հայկական պատվիրակությունը խոնարհաբար ստորագրեց Կարսի պայմանագիրը: Հետևաբար, Մոսկվայում էլ նույնն էր լինելու և ռուս-թուրքական անօրինական, դավադիր գործարքը, կստանար միջազգային-իրավական անվիճարկելի, «օրինական» տեսք: Սակայն Ռուսաստանին այդ ժամանակ հետաքրքրում էր ոչ թե Հայաստանին՝ կնքվելիք պայմանագիրը անօրինական համարելու համար կռվաններ ընձեռելը, այլ անարգել, առանց խորհրդային Հայաստանի կողմից խոչընդոտներ հարուցելու, Թուրքիայի հետ կնքել իրենց շահերին համապատասխան պայմանագիր:

Ներկայումս կարծում եմ Ռուսաստանի շահերը ևս պահանջում են վերանայել 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, ու այդ անելու համար Հայաստանն ունի միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի կռվաններ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելու համար:

Սահակ Ասլանյան

իրավաբան-միջազգայնագետ

 

Օգտագործած գրականություն

1. Кристофер Эндрю и Олег Гордиевский КГБ история внешнеполитических операций от Ленина до Горбачева, Nota Bene, 1992, c.114-125:

2. Квашонкин А. В. Технология <<красных революции>> в Закавказье в начале 20 века,/Политика и Общество, 2016, N 4, с.432-456, N 5, с.586-610—մեջբերումը Վ.Հարությունյան Առաջին հանրապետության Կարսի վերջնախաղը, Ե., 2018, էջ 108:

3. Եսայան Ա. Հայաստանի միջազգային-իրավական դրությունը (1920-1922թթ.) Ե., 1967, էջ 179:

4. Հայոց պատմություն, հ 4, առաջին գիրք, Ե., 2010, էջ 301:

5. Վրացյան Ս. Էջեր մոտիկ Անցյալից, Հայրենիք ամսագիր, Բ տարի, Թիվ 4, փետրվար 1924, էջ 101-102—մեջբերումը Ռուբինա Փիրումյան Հայաստանը Հ.Յ.Դ.-Բոլշևիկ հարաբերությունների ոլորտում 1917-1921թթ., Ե., 1997, էջ 320:

6. Հայոց պատմություն, հ 4, գիրք առաջին, էջ 310:

7. Վ. Հարությունյան, նշվ. աշխ. էջ 135-136:

8. Геноцид армян (документы и комментарии), Т.2, Ч. 1, с.374:

9. Հայոց պատմություն, հ 4, առաջին գիրք, էջ 325-326:

10.Ղազախեցյան Վլ. Հայաստանը 1920-1940թթ., էջ 59-60:

11. Շիրինյան Լ. Գանձանակ հայ քաղաքագիտական մտքի և Հայաստանի քաղաքական պատմության, Պրակ 1, Ե., 2018, էջ 117-118:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930