«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր Երեւանի ավագանու նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելը, ասաց, որ հրատապ հարցի մասին պետք է խոսի: Տիկին Վարդանյանն ասաց, որ Արզումանյան փողոցի վթարային շենքն «ավելի կատաստրոֆիկ» վիճակում է, քան Արցախի փողոցի վթարային շենքերը, որոնց բնակիչները վերջերս ապահովեցին բնակարաններով: Ըստ Թեհմինա Վարդանյանի, ի տարբերություն Արցախի փողոցի շենքերի՝ Արզումանյանի շենքը նույնիսկ հիմք չունի:
«Բնակիչները գիշեր-ցերեկ դրսում են անցկացնում, որովհետեւ վախենում են, պատերը ճռճռում են: Պատերն առաստաղից առանձնացել են, աստիճանավանդակները փլվում են»,-ասաց ավագանու անդամը՝ հորդորելով, գոնե ժամանակավոր մի մի լուծում գտնել, մինչեւ,որ նրանց բնակարանների հարցն էլ կորոշվի: Ասաց նաեւ, որ բնակիչներից մի մասը չեն ցանկանում տեղափոխվել, բայց 12 ընտանիք ցանկացած պայմաններով համաձայն է տեղափոխվել. «Մինչեւ կգտնվի կառուցապատող, առաջարկում եմ պահուստային ֆոնդից գումարներ տրամադրել այդ բնակիչները տեղափոխվեն վարձով»:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ տիկին Վարդանյանը շատ ճիշտ նկարագրում է իրավիճակը, սակայն առաջարկվող տարբերակին բնակիչները դեմ են եւ, կատեգորիկ հրաժարվել են դուրս գալ բնակարաններից: Ըստ Հայկ Սարգսյանի, տարբերակներից մեկը նույն շենքի տեղում նորը կառուցելն էր: Մեկ այլ տարբերակով էլ առաջարկել են նույն վարչական շրջանում գտնել համայնքապատկան հողատարածք, հատկացնել կառուցապատողին, որը նաեւ պատրաստակամ էր իր հաշվին վճարել վարձով բնակարանների համար՝ մինչեւ որ նոր շենքը կառուցվեր, սակայն այս դեպքում էլ, բնակիչները դեմ են եղել առաջարկվող տարածքներին.
«Առնվազն երկու տարածք, որոնք առաջարկվել էր կառուցապատողին այս շենքի բնակիչները չեն համաձայնել: Խոսքը 16-րդ թաղամասում գտնվող շենքի մասին է»:
Կարդացեք նաև
Քաղաքապետ Հայկ Մարությանը սակայն նեղսրտեց, որ բնակիչները որեւէ փոխզիջման չեն ցանկանում գնալ: Ըստ Մարությանի, բնակարանով ապահովելը չնայած համայնքի վրա դրված պարտավորություն չէ, բայց քաղաքապետարանը փորձում է լուծել այդ հարցը, քանի որ հարցը մարդկանց կյանքին է առնչվում:
Հայկ Մարությանը ավագանու անդամներին հորդորեց օրենսդրական փոփոխություն նախաձեռնել, որպեսզի այն, ինչ անում է քաղաքապետարանը՝ անի պարտադիր կերպով, որպեսզի բնակիչների կյանքը, ճակատագիրը կախված չլինի «քմահաճ» բնակիչների ցանկություններից եւ, եթե մասնագետները գտնեն, որ շենքը վտանգում է բնակիչները կյանքը, ապա նրանք տարհանվեն. «Որովհետեւ մենք պատասխան ենք տալիս բնակիչների անվտանգության համար: Քմահաճույքով, չլինի: Գտնում ենք կառուցապատող, որը պատրաստ է անել, բայց շենքի կեսն ասում է՝ չենք ուզում: Պետք է օրենք ունենանք, որ պարտադիր կերպով անենք: Այնպես չէ, որ կողքը հողատարածք ունենք եւ չենք տրամադրում»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը Հայկ Մարությանին եւ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին փոխանցեց Արցախի փողոցի բնակիչների շնորհակալությունը՝ բնակարաններով ապահովելու համար: Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ ինքն էլ շնորհակալ է բոլոր այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ գործընթացում՝ այդ թվում նաեւ քաղաքային նախկին իշխանություններին, որոնք սկսել են այդ ծրագիրը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ