Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակցությունն ընդդեմ «Առավոտ» առցանց լրատվամիջոցի՝ Արթուր Սաքունցի դիմումի վերաբերյալ

Հունիս 17,2019 16:18

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին է դիմել  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ընդդեմ առցանց «Առավոտում» 2019թ. մարտի 28-ին հրապարակված «Նոր լծակներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին. հանուն ինչի՞» վերտառությամբ հոդվածի (հեղինակ` Նելլի Գրիգորյան, հղումը)։ Ըստ բողոքի հեղինակի՝ լրագրողն իրենից հարցազրույց է վերցրել, սակայն իր պատասխաններն օգտագործել է այլ՝ վերլուծական նյութի մեջ եւ որ (մեջբերում ենք բողոքից). «մեկնաբանությունները, գնահատականները, որոնք լրագրողն իր կողմից  ներկայացրել է նյութում  (և որոնց հետ համատեղված ներկայացրել է իմ պատասխանները),  ունեն ակնհայտ ոչ թե անհիմն, սուբյեկտիվ, այլ ՀԿ-ների, քաղհասարակության գործունեության նպատակներն ու բովանդակությունն ակնհայտ աղճատող բնույթ… Սեփական այլ սուբյեկտիվ և կողմնակալ, միակողմանի  գնահատականների միջոցով փորձում է լսարանի, ընթերցողի մոտ ստեղծել ակնհայտ բացասական պատկերացում, տպավորություն ՀԿ-ների, կոնկրետ նաև մեր ՀԿ-ի գործունեության մասին» (մեջբերման ավարտը):

Ա. ՓԱՍՏԵՐ

1. Առցանց «Առավոտում» 2019թ․ մարտի 28-ին հրապարակվել է «Նոր լծակներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին. հանուն ինչի՞» վերտառությամբ հոդվածը (հեղինակ՝ Նելլի Գրիգորյան, հղումը), որը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմին ստեղծելու վերաբերյալ քննարկումներին:

2. Հոդվածում օգտագործված են հատվածներ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրույցից։ Մասնավորապես, հոդվածի վերջում գրված է (մեջբերում ենք). «Ավելի լավ է ընդհանրապես դատական իշխանություն չունենալ, քան ունենալ այն ինչ ունենք»,-ասում է նա (Սաքունցը – ԴՄ): Այս դեպքում, երբ չունենք բարեփոխված դատարան, առնվազն հասկանալի չէ ՀԿ-ների համառությունը ունենալ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգ: Եթե խնդիրը դատարանն է, ինչո՞ւ եք այլ տեղ լուծումներ փնտրում: Այս մոտեցումը կապ ունի՞ այն իրողության հետ, որ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգի կողմնակից է ՀԿ-ների ավագ ընկեր «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը, ապակենտրոնացված համակարգի դեպքում լայն լիազորություններ է ստանում Հատուկ քննչական ծառայությունը, իսկ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության եւ հատուկ քննչական ծառայության ղեկավարները եղբայրներ են՝ Դավիթ եւ Սասուն Խաչատրյաններ» (մեջբերման ավարտը):

3. 2019թ․ ապրիլի 4-ին Արթուր Սաքունցը դիմել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ խնդրելով քննել հրապարակման համապատասխանությունը Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին։ Դիմողը նաեւ մատնանշել է Կանոնագրի այն հոդվածները, որոնք, իր կարծիքով, խախտվել են:

4. 2019թ․ ապրիլի 5-ին Դիտորդ մարմինը, իր աշխատակարգի 4.9 եւ 4.10 կետերի հիման վրա առաջարկել է Արթուր Սաքունցին՝ դիմել «Առավոտին»՝ իր պատասխանը հրապարակելու պահանջով: Իսկ եթե ինքը պնդում է բողոքը եւ ցանկանում է, որ առանց «Առավոտին» դիմելու ԴՄ-ն քննություն սկսի, ապա պիտի հստակեցնի եւ կոնկրետացնի բողոքի առարկան. արդյո՞ք լրագրողը խեղաթյուրել է իր խոսքը, արդյո՞ք թյուրիմացության մեջ է գցել, արդյո՞ք նա արատավորել է նրա կամ իր կազմակերպության բարի համբավը կամ գուցե ա՞յլ կոնկրետացումներ ներկայացնի:

5. Ապրիլի 19-ին Արթուր Սաքունցը պատասխանել է. «Առավոտ»-ին դիմելը հարմար չեմ գտնում, այլ կարևորում եմ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի մասնագիտական եզրակացությունը, և հայտնում եմ, որ լրագրողը ինձանից հարցազրույց վերցնելիս, կամ երբ կապվեց և խնդրեց պատասխանեմ իր հարցերին, չեմ իմացել, որ իմ պատասխաններն օգտագործելու է մեկ այլ նյութի մեջ, չեմ իմացել, թե ինչ նյութի մեջ են ներկայացվելու իմ պատասխանները»:

6. Մայիսի 5-ին Դիտորդ մարմինն, առաջնորդվելով իր աշխատակարգով, դիմել է առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրաելյանին, տեղեկացնելով բողոքի մասին եւ նշելով՝ «Քննության անաչառությունն ապահովելու համար Դիտորդ մարմինը պատրաստ է լսելու նաեւ ձեր կամ նյութի հեղինակի պարզաբանումները»։

7. Մայիսի 22-ին ստացվել է «Առավոտի» հրապարակման հեղինակ Նելլի Գրիգորյանի պատասխանը, որում պարզաբանումներ են ներկայացված բողոքի առարկա նյութի վերաբերյալ։ Նելլի Գրիգորյանն անդրադարձել է Արթուր Սաքունցի բողոքում ներկայացված հարցերին:

Մասնավորապես,

ա) Արթուր Սաքունցի մատնանշած՝ հրապարակման մեջ տեղ գտած «ՀԿ-ների ավագ ընկեր «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը» ձևակերպման մասին (մեջբերում Նելլի Գրիգորյանի պատասխանից). «Պարոն Սաքունցին վիրավորել է ձևակերպումը, որ ՀԿ-ների այդ խումբը «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» ավագ գործընկերն են: Քավ լիցի: Արդի հայերենի բացատրական բառարանների համաձայն, ընկեր նշանակում է գաղափարակից, համախոհ, նույն ոլորտում աշխատող եւ այլն: «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը ավագ ընկեր է որակվել՝ ֆինանսավորող իմաստով: Պարոն Սաքունցն ավելի վաղ հայտարարել էր, իրենց ֆինանսավորման ընդամենը 40 տոկոսն է «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանից»: Ես կարծում եմ, որ նման դոմինանտ ֆինանսավորման պարագայում կարելի է գործընկեր կազմակերպությանն ավագ անվանել: Պարոն Սաքունցը չի կարծում: Չեմ վիճում, բայց և խնդիր, առավել ևս էթիկայի խախտում չեմ տեսնում» (մեջբերման ավարտը):

բ) Արթուր Սաքունցի՝ «Հոդվածում ոչ ճիշտ է մեջ բերվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հակակոռուպցիոն ցանցի կողմից դեռևս 2005թ․ ՀՀ-ի վերաբերյալ զեկույցից հղումը, թե իբր «Հայաստանին խորհուրդ էին տալիս ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին` Հոնկոնգի օրինակով», մինչդեռ ՏՀԶԿ-ն իր զեկույցում ընդամենը առաջարկում էր ուսումնասիրել Հոնկոնգի հակակոռուպցիոն մարմնի փորձը կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում, նշելով որ նման ուսումնասիրության առաջարկ ներկայացրել է նաև այլ պետություններին» պնդման վերաբերյալ(մեջբերում Նելլի Գրիգորյանի պատասխանից).«Ստորև ներկայացնում եմ զեկույցի այդ հատվածը և դրան համարժեք հայերեն թարգմանությունը.

“Armenia should study examples of countries where specialized independent anticorruption bodies with a combination of repressive (investigative, prosecutorial), preventive and educational tasks and powers have been established (Hong Kong’s Independent Commission Against Corruption (ICAC) might serve as the most well known example of such body).”

«Հայաստանը պետք է ուսումնասիրի այնպիսի երկրների օրինակները, որտեղ ստեղծվել են հակակոռուպցիոն մասնագիտացված անկախ մարմիններ, ռեպրեսիվ (հետաքննչական, դատախազական), կանխարգելիչ և կրթական խնդիրների ու լիազորությունների համակցությամբ/համադրությամբ (Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովը (ICAC) կարող է ծառայել որպես այդպիսի մարմի առավել հայտնի օրինակ)»:

Սովորաբար, առաջարկում են ուրիշի փորձն ուսումնասիրել՝ այն քո մոտ տեղայնացնելու եւ կիրառելու համար: Այս դեպքում «խորհուրդ են տվել ստեղծել» և «առաջարկել են ուսումնասիրել փորձը» ձեւակերպումները կարծում եմ, էականորեն չեն տարբերվում միմյանցից, առավել ևս, եթե, որպես այդպիսի մարմնի առավել հայտնի օրինակ է բերվել Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովը (ICAC)» (մեջբերման ավարտը):

գ)  Իր պատասխանը Նելլի Գրիգորյանն ամփոփել է այսպես (մեջբերում ենք).  «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի վերոնշյալ կետերից որևէ մեկով խախտում չեմ իրականացրել, նախքան հրապարակումը ստուգել եմ հրապարակման աղբյուր հանդիսացող տեղեկատվության հավաստիությունը, չեմ խեղաթյուրել փաստերը, որոնց հիման վրա էլ կատարել եմ իմ վերլուծություններն ու մեկնաբանությունները, չեմ հրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ: Ինչպես նաև հրապարակված նյութի մեջ՝ պարոն Սաքունցի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում հնչեցված պատասխաններն ոչ ճիշտ, աղավաղված կամ ակնհայտ կեղծ չեմ ներկայացրել, ինչն էլ իր կողմից կասկածի տակ չի դրվել, միաժամանակ, հրապարակված նյութում հարգել եմ պարոն Սաքունցի՝ որպես հարցազրույցի տեքստի նկատմամբ համահեղինակի, իրավունքները» (մեջբերման ավարտը):

 

Բ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ 

Ա) «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք

 Հոդված 32. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջեւ չկա այլ պայմանավորվածություն:

2. Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ:

 

Բ) Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների  Էթիկական սկզբունքների կանոնագիր

 1. Ճշգրտություն և անկողմնակալություն

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`

1.1 մինչև հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել և չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ,

1.3. հստակ սահմանազատել փաստերի և տեղեկությունների շարադրանքը՝ կարծիքներից, վերլուծություններից և մեկնաբանություններից,

1.4. վերլուծություններ և մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի և հավաստի տեղեկությունների վրա:

2. Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում

Այս սկզբունքի պահպանումը նշանակում է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`

… 2.6. հարգել հարցազրույց տվողի՝ որպես հարցազրույցի տեքստի նկատմամբ համահեղինակի, իրավունքները:

 

 Գ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝

– հիշեցնելով, որ լրատվամիջոցների առաքելությունը ոչ միայն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելն է, այլ նաեւ դրանք վերլուծելը, մեկնաբանելը,

արձանագրում է.

1. Նելլի Գրիգորյանի մեկնաբանությունը, որը վերաբերում է Ա. Սաքունցի մատնանշած «Հոդվածում, ոչ ճիշտ է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հակակոռուպցիոն ցանցի կողմից դեռևս 2005թ․ ՀՀ-ի վերաբերյալ զեկույցից մեջբերումը» պնդմանը, համոզիչ է, և այն փաստի աղավաղում չէ,

2. հոդվածի հեղինակ Նելլի Գրիգորյանը, լրագրողական բարեխղճությունից ելնելով, պետք է մինչ զրույցը սկսելը Արթուր Սաքունցին տեղեկացներ, որ ոչ թե հարցազրույց է վարում, այլ տեղեկություններ է հավաքում վերլուծական նյութ պատրաստելու համար, մանավանդ Արթուր Սաքունցը հիմքեր ուներ ենթադրելու, որ իր հետ հարցազրույց են վարում, որն այդպես էլ հրապարակվելու է,

3.  հոդվածի՝ «Այս մոտեցումը կապ ունի՞ այն իրողության հետ, որ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգի կողմնակից է ՀԿ-ների ավագ ընկեր «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը, ապակենտրոնացված համակարգի դեպքում լայն լիազորություններ է ստանում Հատուկ քննչական ծառայությունը, իսկ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության եւ հատուկ քննչական ծառայության ղեկավարները եղբայրներ են՝ Դավիթ եւ Սասուն Խաչատրյաններ» պարբերությունում «ՀԿ-ների ավագ ընկեր «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը» ձեւակերպումն ունի ակնհայտ հեգնական բնույթ, եւ Դիտորդ մարմնին ուղղված նամակում այս խնդրի վերաբերյալ Նելլի Գրիգորյանի պարզաբանումները համոզիչ չեն,

4. հոդվածի նույն պարբերությունում երկու փաստ՝ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու ՀԿ-ների առաջարկը և «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրներ լինելու հանգամանքն իրար կապելը մանիպուլյատիվ է, որովհետեւ նման ձեւակերպմամբ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվում, թե ՀԿ-ները եւ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգի կողմնակից են ոչ թե հանրային անհրաժեշտությունից ելնելով, այլ որոշակի շահագրգռվածությունից դրդված, այն դեպքում, որ լրագրողը նման հետեւություն անելու համար բավարար հիմնավորումներ չի ներկայացնում: Նույն հնարքն է կիրառվել հոդվածը վերնագրելիս՝ («Նոր լծակներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին. հանուն ինչի՞»), ինչը չի բխում հոդվածում ներկայացված փաստերից ու մեկնաբանություններից:

Ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ հունիսի 11-ի նիստում, Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով՝

 Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մամուլի փորձագետ

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության

պաշտպանության կոմիտեի նախագահ

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը»

լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր,

«Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ, Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր

Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Media.am-ի պրոդյուսեր

Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական

ընկերության հանրային կապերի պատասխանատու

 ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորվել է ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների կողմից, որոնք այս պահին թվով 46-ն են: ԴՄ-ն իր եզրակացություններում ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին,  վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների 2015 թվականի մայիսի 16-ի ընդհանուր ժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930