Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի մտահոգությունները՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ

Հունիս 17,2019 15:25

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)

366-րդ հոդվածի իրականացման վերաբերյալ

 14 հունիսի, 2019

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի իրականացման վերաբերյալ։

Համաձայն այդ հոդվածի՝ «Ստեղծվում է Քաղաքացիական հասարակության հարթակ: Այն կլինի հանդիպումների եւ կարծիքների փոխանակման հարթակ եւ կազմված կլինի Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ցանցերի եւ հարթակների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից»:

Հայաստանի ազգային պլատֆորմը մշտապես արտահայտել է իր հավատարմությունը Քաղաքացիական հասարակության նոր հարթակի ձեւավորման ժողովրդավար, թափանցիկ եւ ներառական գործընթացի հանդեպ, նախաձեռնել է Հայաստանում եւ ԵՄ երկրներում այնպիսի գործընկերների ներգրավումը, որոնք կարող են նպաստել ՀԸԳՀ իրականացմանը։ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի աջակցությամբ ուսումնասիրվել է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նույնօրինակ երկկողմանի հարթակների փորձը եւ մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ։ Սակայն այդ բոլոր ջանքերն անտեսվել են։ Դրա փոխարեն Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Քաղաքացիական հասարակության հարթակի ձեւավորման համար հրավիրել է արտասահմանյան խորհրդատուների, որոնց ամիսներ տեւած գործունեության արդյունքների մասին հայաստանյան քաղաքացիական հասարակությանը ոչինչ հայտնի չէ։

Հայտնի չէ նաեւ, թե ՀԸԳՀ հիմնական սուբյեկտ հանդիսացող Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկկողմանի համաձայնագրի վերոհիշյալ հոդվածի իրականացումը ինչ մեխանիզմների եւ պայմանավորվածությունների արդյունքում է, փաստորեն, ամբողջապես հանձնարարվել Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեին (ԵՏՍԿ), որը նախկինում առանձնապես աչքի չի ընկել Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում իր ակտիվությամբ։ Ավելին, չնայած այն բանին, որ ՀԸԳՀ-ում ԵՏՍԿ-ն հիշատակված է նույն կարգավիճակով, ինչ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, այդ կազմակերպությունը փորձում է իրեն վերապահել ոչ միայն Եվրամիության քաղաքացիական հասարակության կողմից նոր հարթակի բոլոր անդամների ընտրության իրավունքը, այլ նաեւ իր պայմանները թելադրել հայաստանյան անդամների երկու երրորդին որոշելու հարցում։ Ցավոք, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի հետ փոխընբռնման եւ գործընկերային հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների ջանքերը որեւէ արդյունք չեն տվել։ Եվ այդ ամենը կատարվում է Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության երկկողմանի համաձայնագրի իրականացման համար պատասխանատու կառույցների բացահայտ թողտվությամբ։

Ընդ որում, ԵՏՍԿ-ի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին 2019թ. ապրիլի 8-ին ուղղված պաշտոնական նամակում նշված է, որ «Քաղաքացիական հասարակության հարթակի հայաստանյան կողմի մասնակիցների ընտրության գործընթացը պետք է լիովին տնօրինվի Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից»։ Այս նախադասությամբ ի ցույց է դրվում հարթակի ձեւավորման սկզբունքների եւ գործնականում արվող քայլերի միջեւ առկա բազմաթիվ հակասություններից ընդամենը մեկը։ Նույն նամակում որպես գործընթացի կարեւորագույն չափանիշ է ներկայացվում թափանցիկությունը («ընտրական գործընթացի արդյունքները չպետք է վիճարկման առարկա դառնան»), սակայն ԵՏՍԿ կողմից կիրառվող մեխանիզմներն այդ չափանիշի հետ որեւէ առնչություն չունեն։

Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումներում բազմիցս արտահայտել են իրենց անհանգստությունը ՀԸԳՀ շրջանակներում հարթակի ձեւավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի` Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանը (13 մայիսի, 2019թ․) հասցեագրված ուղերձում նշված է. «Մենք կոչ ենք անում նաեւ ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության հարթակի ձեւավորման եւ առաքելության հստակեցման հարցում ականջալուր լինել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից արտահայտված մտահոգություններին»։ Այդուհանդերձ, կոչը մնացել է անարձագանք։

Ներկայացված խնդիրը գնահատում ենք ՀԸԳՀ 2-րդ հոդվածի սահմանումների էական բաղադրիչ հանդիսացող ժողովրդավարական սկզբունքներին, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, հետեւաբար նաեւ ՀԸԳՀ դրույթներին չհամապատասխանող:

Անընդունելի համարելով իրադարձությունների նման ընթացքը, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրությունը կրկին հրավիրում է ՀԸԳՀ իրականացման գործում քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությանն առնչվող խնդիրների վրա։

Մենք հայտարարում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ՀԸԳՀ-ով նախատեսված Քաղաքացիական հասարակության հարթակի ձեւավորմանը կմասնակցի միայն գործընթացի ժողովրդավար, ներառական եւ թափանցիկ իրականացմանն ուղղված շտկումների պարագայում։

Կոչ ենք անում քաղաքացիական հասարակության գործընկեր բոլոր կազմակերպություններին՝ համերաշխություն եւ պատասխանատվություն դրսեւորել Եվրամիության եւ մեր երկրի միջեւ երկկողմանի հարաբերությունների արդյունավետ զարգացման համար սկզբունքային նշանակություն ունեցող այս խնդրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930