«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրել էր մի առաջարկ, որը բուռն քննադատության արժանացավ հանձնաժողովում:
Հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագիծը՝ «Գովազդի մասին», ինչպես նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Ու Բաղդասարյանն առաջարկում էր, որ այդ դաշտի գործող այն տնտեսվարողները, որոնք 30 մլն-ի ներդրում կանեն, այդ գումարը կուղղվի, օրինակ, մարզադպրոցներում, մարզադաշտերում տվյալ մարզադաշտը անվանափոխվի ու ժամանակավոր կոչվի տնտեսվարողի անունով:
ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ընդդիմացավ՝ ասելով. «Ունենք ազգային հերոս, մարզադաշտ կա իր անունով, մեկը բերի մի երկու կոպեկ փող տա, ասի՝ իմ անունո՞վ գրի: Օրինակ, մարզադաշտ կա հերոսի անունով, 30 մլն բերի մարդը ներդրում անի, ասի փոխեք իմ անունո՞վ: Կարելի է ձեւ ֆիքսել, ինչ-որ չափով ամրագրել, փակցնել, ասել՝ էդ մարդը էդքան միլիոնի ներդրում է արել: Անուն փոխելն իմ համար էդքան էլ ճիշտ չի»:
Բաղդասարյանը պատասխանեց, որ խնդիր չկա, կարող է փոխել, բայց միջազգային պրակտիկայում նման օրինակներ կան: Ծառուկյանը արձագանքեց՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի անունը փոխե՞նք՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Դե հիմա, ժամանակավոր է դա»: Ծառուկյանը դժգոհեց՝ «Ինձ համար դա նորմալ չի»:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ առաջարկը ոչ այնքան «Գովազդի մասին» օրենքին է վերաբերում, որքան սպորտի զարգացման. «Այլ բաներ կարելի է մտածել, կարող է մենք էլ ունենանք Ֆորմուլա-1, մեքենաների վրա թույլատրենք գովազդել, ո՞նց է Մարլբորոյի գովազդը: Գաղափարը հետաքրքիր է»:
Արտակ Մանուկյանի խոսքով՝ «Անունը փոխելու հարցը միակողմանի է դիտարկվում, որովհետեւ լրջագույն տուրիստական բաղադրիչ ունի: Պատկերացրեք՝ քարտեզներ, բուկլետեր, այդ թվում մասնավոր հատվածը ներդրում է կատարում, այդ անունը նշում է, մեկ էլ տարին մեկ սա փոխվում է: Դա հավելյալ ծախսերի է հանգեցնելու: Դրա համար այդ անվանափոխման մասին դրույթը հանեք: Դա հավելյալ բեռ է կամայական բիզնեսի համար ու չտրամաբանված: Ճիշտ չենք համարի, որ մենք հիմա մարզական լեգենդներին բան անենք: Պատկերացրեք, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը մեկը բերում է ու սրա անունը դնում է ի՞նչ: Գյումրիում Շախմատի տուն կա: Շախմատի տունը մի օր էլ եկան, տեսան՝ Տոտո՞ է արդեն»:
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հորդորեց «ուղերձը» նկատել նախագծի. «Դրա նպատակը բացարձակապես մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրումների ուղղորդումն է մարզերում, որը ողջունում ենք բոլորս: Նախագծով առաջարկվում է գումարային սահմանաչափ, որը գերազանցելու դեպքում նոր թույլատրվում է ինչ-որ բան անել: Անվանակոչության փոխարեն Արկադի Խաչատրյանն առաջարկեց հուշատախտակ տեղադրել. «30 մլն-ի շեմը, ներդրումների ձեւը նույնպես քննարկելի է»:
Նախագծի հեղինակը՝ Հրաչյա Հակոբյանն ասաց, որ մտահոգություն ունի, որ այն հաստատություններում, որտեղ երեխաներ են սովորում, չերեւա առհասարակ շահումով խաղերի գովազդը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ եթե Բաղդասարյանի առաջարկը դրվի քվեարկության, մերժվելու է, դեմ են քվեարկելու, իսկ դեմ քվեարկելիս «դիսկոմֆորտ» են զգում: Ուստի հորդորեցին պատգամավորին հետ վերցնել իր առաջարկները:
Գուրգեն Բաղդասարյանը համաձայնեց, ասաց, որ առաջարկը հետ կվերցնի, հետո այն կդարձնի առանձին նախագիծ ու կներկայացնի ԱԺ-ի քննարկմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ