Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անգործության ենք մատնվել». Արման Բաբաջանյանը ԱԳՆ-ին հորդորում է Ֆրանսիային հասկացնել, որ Արցախի այդ հարցը համահայկական է

Հունիս 17,2019 13:43

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում պատգամավորները ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն՝ չեզոքացնելու ադրբեջանական լոբբինգը Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի դատարանները որոշումներ են կայացրել, ըստ որոնց այն քաղաքները, որոնք ժամանակին Արցախի Հանրապետության հետ կնքել են բարեկամության համաձայնագրեր, կամ պետք է հետ կանչեն, կամ չեղարկեն դրանք:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ դատարանների այդ որոշումները Ֆրանսիայում կանխատեսելի էին, դրան նախորդել են մեծածավալ աշխատանքներ Ադրբեջանի կողմից. «Մենք անգործության ենք մատնվել, ամբողջությամբ հույսը դրել ենք սփյուռքի ներուժի վրա եւ ակնկալել ենք, որ սփյուռքը պիտի այս հարցերին լուծումներ գտնի: Նրանք արել են այնքան, որքան կարողացել են, փաստաբան են ներգրավել, որը, ըստ էության, չի կարողացել արժանիորեն ներկայացնել հարցը»: Ըստ Բաբաջանյանի, սա ունենալու է հետեւանքներ նաեւ ԵՄ անդամ երկրների, քաղաքների համար. «Մենք ոչ մի միջոց չպետք է խնայենք այս պահին գործընթացը արագ կասեցնելունն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար: Սա այն դեպքը, չէ, երբ լռելու հերթն է: Մենք պիտի աշխատենք համակողմանիորեն: Սփյուռքի օգնությունը այս հարցում չպիտի մերժենք, բայց այստեղ պիտի ներկայանանք՝ որպես պետություն ու Ֆրանսիային հասկացնենք, որ սա համահայկական հարց է, որովհետեւ Արցախի հետ կապված ցանկացած հարց ունի մեզ համար համահայկական նշանակություն»:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Ֆրանսիայում ապակենտրոնացման գործընթաց գոյություն ունի, որը թույլ է տալիս Ֆրանսիայի քաղաքներին ունենալ քույր քաղաքների հետ պայմանագիր: Դա ստանդարտ պայմանագիր է, այդ թվում նաեւ ոչ ճանաչված պետությունների հետ: Ուղղակի այդ երկրներում Մինսկի խումբը չի աշխատում ու չունի իր տերմինոլոգիայի ձեւաչափը: Բողոքարկող կողմը օգտագործեց մի ձեւաչափ, որը չի համապատասխանում Մինսկի խմբի շրջանակներում գործող տերմինոլոգիային, որտեղ տեղական իշխանությունն այլ ձեւով է ներկայացվում եւ դա օգտագործվեց զուտ իրավական տեսանկյունից: Օրենքում այդպես է նշված, համաձայնագրում՝ այսպես: Սա է պատճառը, որ գրեթե բոլոր՝ 12 համաձայնագրերը չեղյալ են համարվել»:

Ըստ Իգիթյանի, այստեղ անելիք ունի Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը. «Գտնում են երկու տարբերակ՝ կա՛մ փոխել այդ բառակապակցությունները, որ համապատասխանի, կա՛մ պրեամբուլան հանվի բոլոր համաձայնագրություններից»: Նա հույս հայտնեց, որ շուտով այդ հարցը լուծում կստանա ու Ֆրանսիայի քաղաքները ապակենտրոնացված ձեւով կշարունակեն համագործակցել Արցախի հետ:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Արման Բաբաջանյանին հիշեցրեց, որ խոսքը դատական որոշման մասին է. «Մեզ համար խնդիր կլիներ, եթե որեւէ դեսպանատան աշխատող գար եւ որեւիցե դատավորի կամ որեւիցե դատարանի ինչ-որ հարցի հետ կապված հարց բարձրացներ: Ֆրանսիայում դատական անկախություն կա: Միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ խնդիր կա ու պետք է աշխատենք համապատասխան օղակներով ու համապատասխան օղակների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930