Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել. հետմահու քրեական գործ է հարուցվել նաև Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ

Հունիս 17,2019 13:16

Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել հոր դաժան սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերին, երկու ամսվա ընթացքում գործը կփոխանցվի դատարան: Կրտսեր աղջիկն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Ավագ և միջնեկ քույրերին սպասվում է մինչև 20 տարվա ազատազրկում, հաղորդում է gazeta.ru-ն:

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի քննությունն ավարտին է մոտենում: Քննության հավաքած ապացույցների հիման վրա նրանց ներկայացվել է վերջնական մեղադրանքը:

«Նրանց վերագրվում է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն՝ «Սպանություն, այսինքն` նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի դիտավորյալ մահվան հանգեցնելը»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Այդ մեղադրանքով աղջիկներին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:

Ընդ որում, գործը դատարան կուղարկվի ոչ ուշ, քան երկու ամիս հետո, ասել է Քրիստինե Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Մինչև հուլիսի վերջ մեզ կծանոթացնեն գործի նյութերին, որից հետո այն կուղարկվի դատախազություն՝ հաստատման համար. եթե դատախազությունն այն հաստատի այդ տեսքով, ապա գործը կփոխանցվի դատարան: Դա տեղի կունենա մոտավորապես օգոստոսին»,- ասել է փաստաբանը:

Սակայն ազատազրկում սպասվում է սպանությունն իրականացրած երեք աղջիկներից միայն երկուսին: Փաստաբանը նշել է, որ նախնական հոգեբուժական փորձաքննությունից հետո կրտսեր դուստրը, որը սպանության իրագործման պահին անչափահաս էր, ճանաչվել է անմեղսունակ: Չի բացառվում, որ նրան կուղարկեն բուժման:

Ինչ վերաբերում է Անգելինային և Քրիստինային, ապա հետազոտությունները ցույց են տվել, որ սպանությունն իրագործելիս նրանք «կարողացել են գիտակցել կատարվող գործողության փաստացի բնույթը և այն ղեկավարել»:

Այնուամենայնիվ, հոգեկան որոշակի խանգարումներ գրանցվել են նաև նրանց մոտ, հայտնել է փաստաբանը: Նա նշել է, որ այդ խանգարումները ենթադրաբար առաջ են եկել հոր կողմից ոչ իրավական գործողությունների հետևանքով. հենց նա է աղջիկների համար ստեղծել հոգեկան խանգարման մթնոլորտ:

Այս պահին քննությունն արդեն հաստատել է հայր Խաչատուրյանի կողմից տարբեր տեսակի բռնություն գործադրելու փաստը: «Ըստ քննության՝ դա դարձել է հանցագործության դրդապատճառ. տղամարդու պատճառով աղջիկների կյանքը պարզապես անտանելի էր դարձել»,- ասել է Լիպցերը:

Այդ կապակցությամբ հետմահու քրեական գործ է հարուցվել նաև Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, դա մեղմացուցիչ հանգամանք կդիտարկվի աղջիկների գործում:

«Այդպիսով կպարզվի, որ բռնի գործողություններ իսկապես տեղի ունեցել են: Հետո քրեական գործը կդադարեցվի մահվան պատճառով: Սակայն քննությունը պարտադիր իր որոշումը կհայտնի: Այն նաև կկցվի աղջիկների քրեական գործի նյութերին»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո դատարանը որոշում կկայացնի Խաչատուրյան քույրերի գործով:

Ավելի վաղ քննությունն արդեն ստացել էր մի քանի փորձաքննությունների արդյունքներ Խաչատուրյան քույրերի գործով:

Դրանցից մեկում հաղորդվում էր, որ կյանքի ողջ ընթացքում Միխայիլ Խաչատուրյանի մոտ վառ արտահայտված են եղել այնպիսի գծեր, ինչպիսիք են եսակենտրոնությունը, սրված կասկածամտությունը, բռնատիրությունը, այլ մարդկանց մանիպուլացնելը և հակվածությունը ահաբեկմանը:

Այնուամենայնիվ, նրա մոտ որևէ խրոնիկ հոգեկան խանգարում կամ տկարամտություն չի հայտնաբերվել: Հետմահու համալիր սեքսոլոգիական-հոգեբանական-հոգեբուժական վերլուծությունը ցույց է տվել, որ նրա մոտ հայտնաբերվել է միայն խառը անձնային խանգարում:

Վերջին շրջանում հոր մոտ աղջիկների նկատմամբ գերիշխող դիրք ունենալու ցանկությունը սրվել էր հոգնածությամբ, քնի խանգարմամբ և գլխում ծանրությամբ ուղեկցվող պաթոլոգիայի պատճառով: Նա հաճախ վիրավորում և ստորացնում էր աղջիկներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կոշտ ֆիզիկական ուժ գործադրում, այդ թվում տարբեր տեսակի զենքերի կիրառմամբ:

Բացի այդ, ավագ և միջնեկ աղջիկները հոր կողմից ենթարկվում էին նաև սեռական ոտնձգության: Այսպես, ըստ քննության, նա պահանջում էր, որպեսզի աղջիկները հանվեն իր առաջ՝ իբր առողջությունը ստուգելու նպատակով: Բացի այդ, նա աղջիկներին խնդրում էր օգնել իրեն բուժվել շագանակագեղձի խնդիրներից: Գործի նյութերից երևում է, որ աղջիկներից մեկի հետ նա քննարկել է նրա հղիության հեռանկարը. «Կմեծանաս, մորդ տեղը կզբաղեցնես, կամուսնանամ քեզ հետ, ինձ համար երեխա կունենաս»:

Կրտսեր Խաչատուրյանը պատմել է նաև, որ 9-րդ դասարանից հետո հայրը հաճախ իրեն և քույրերին թույլ չէր տալիս դպրոց գնալ, որպեսզի ամբողջ ընթացքում իր հետ լինեին և կատարեին իր հրամանները: Դա հաստատել են նաև աղջիկների որոշ ընկերներ:

Սպանության օրը վեճի պատճառ է դարձել այն, որ աղջիկներն ավելի շատ գումար էին ծախսել, քան թույլատրված էր: Զայրացած հայրը սկսել է հայհոյել նրանց և պղպեղագազ ցանել նրանց դեմքին:

Քննության արդյունքները ցույց են տվել, որ ավագ դուստրը՝ Քրիստինան, ասթմայով հիվանդ է, ուստի գազից գիտակցությունը կորցրել է: Միջնեկ և կրտսեր քույրերը որոշել են պաշտպանել նրան և հարձակվել են հոր վրա, որը երեկոյան բազմոցի վրա քնած էր:

Այդ ժամանակը հայրը զարթնել է և հարձակվել աղջիկների վրա: Աղմուկից ուշքի եկած Քրիստինան ներս է վազել սենյակ, վերցրել պղպեղագազը և ցանել կռվողների ուղղությամբ: Հաշվի առնելով, որ մահացածի մոտ այրվածքներ չեն հայտնաբերվել, քննությունը ենթադրել է, որ աղջկա գործողություններն իսկապես ծրագրված չեն եղել:

Դրանից հետո հայրը վազել է աղջիկների հետևից. ինքնապաշտպանության նպատակով միջնեկ աղջիկը փոքրի ձեռքից վերցրել է դանակը և հարվածել հոր սրտին, որից էլ նա տեղում մահացել է:

Ավելի ուշ աղջիկներն իրենք շտապ օգնություն են կանչել և փորձել բեմադրել իրենց վրա հարձակում: Դրա համար կրտսերը դանակով հարվածներ է հասցրել քույրերին՝ իբր հայրն է հարվածել: Ձերբակալությունից հետո նրանք ամեն ինչ խոստովանել են:

Փորձագետները նաև պարզել են, որ հարձակման պահին կրտսեր աղջիկը՝ Անգելինան, եղել է սուր էմոցիոնալ լարվածության վիճակում, որը վերագրվում է «սահմանափակ մեղսունակության»:

Այս ամենը հաշվի առնելով՝ իրավապաշտպանները վստահ են, որ գործը պետք է քննել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ «Ինքնապաշտպանության գերազանցում»:

Մինչդեռ Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդին վստահ է, որ աղջիկները հորինել են ոտնձգությունների մասին պատմությունը՝ փորձելով այդ կերպ խուսափել պատասխանատվությունից:

Հիշեցնենք, Միխայիլ Խաչատուրյանը սպանվել էր 2018թ. հուլիսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում: Նրա մարմնի վրա՝ վզի և կրծքի հատվածում հայտնաբերվել են բազմաթիվ կտրող ծակող գործիքով հասցված վերքեր:

Հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուրյանի դուստրերը: 19-ամյա Քրիստինա, 18-ամյա Անգելինան և 17-ամյա Մարիան: Նրանք մեկուսարանում անցկացրել են երկու ամիս, որից հետո դատարանը փոխել է նրանց խափանման միջոցը՝ գործողությունների որոշակի սահմանափակմամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930