Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում. հավելավճարների չափը թողնում են կողմերի համաձայնությանը

Հունիս 17,2019 14:00

Նախագծով առաջարկվում է ամենամյա երկարացված արձակուրդ տրամադրել այն անձանց, որոնց աշխատանքը կապված է մտավոր եւ հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հունիսի 13-ից շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այն մշակվել է գործատուների վարչական բեռը թեթեւացնելու, գործատուի եւ վարձու աշխատողի միջեւ հարաբերությունների ազատականացման, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանների շուրջ պայմանավորվելու հնարավորության ստեղծման համար։

Նախագծով առաջարկվում է՝ արտաժամյա աշխատանք կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ որոշ դեպքերում գործատուի պահանջով:

Իսկ լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների քանակը, տեւողությունը եւ հանգստանալու տեղն, ըստ նախագծի, սահմանվելու է կողմերի համաձայնությամբ եւ ամրագրվելու է աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրերում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների համար լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների քանակն ու տեւողությունը սահմանելու է կառավարությունը:
Արձակուրդների մասով նախարարությունն առաջարկում է՝ ամենամյա երկարացված արձակուրդ տրամադրել աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր եւ հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ:

Ըստ նախագծի՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդ կտրամադրվի այն աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

Ընդ որում, ամենամյա երկարացված եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդների տեւողություններն, ըստ նախագծի, կսահմանվեն կողմերի համաձայնությամբ եւ կամրագրվեն աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրերում:

Օրենքի նախագծով փորձում են կարգավորել նաեւ աշխատանքի վարձատրությունը: Օրինակ՝ նախագծով սահմանվում է՝ «Աշխատանքի վարձատրությունը աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի իջեցնելու անհնարինության դեպքում՝ այն աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի, վճարվում է հավելում, կողմերի համաձայնությամբ որոշված չափով, որը պետք է ամրագրվի աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրերում: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց ենթակակազմակերպությունների աշխատողներին վճարվող հավելման չափը սահմանում է կառավարությունը»:

Նկատենք, որ մեր երկրում գործատու-աշխատող հարաբերությունները խոցելի են, եւ գործազրկության ներկայիս մակարդակի պայմաններում, այն էլ, այսպես ասած՝ «վնասակար ցեխում» աշխատողներն արդյո՞ք քաջություն կունենան պնդել ու ստանալ իսկապես վնասակարությանը համարժեք վարձավճար:

Նույն նախագծով նաեւ առաջարկվում է արտաժամյա աշխատանքի եւ գիշերային յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի վճարվոող հավելումների չափը թողնել կողմերի, այսպես ասած՝ «բարիշելուն»:

Մեկ այլ հոդվածով էլ նախագծի հեղինակներն առաջարկում են. «Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական կամ հիշատակի օրերին կատարած աշխատանքի համար աշխատողին վճարովի այլ հանգստյան օր տրամադրելու դեպքում, դրա տեւողությունը պետք է ավելի երկար լինի, քան նրա կողմից կատարված աշխատանքի տեւողությունը, սակայն ոչ ավել, քան դրա կրկնակին: Աշխատողին տրամադրվող հանգստի տեւողությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ»:

Հեղինակներն այս նախագծի ընդունման դեպքում, ինչպես իրենք են հիմնավորում, ակնկալում են՝ աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձեւավորման, փոփոխման եւ դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաեւ տնտեսավարողների մրցունակության բարձրացում, քաղաքացիների եւ բիզնեսի համար կողմերի համագործակցությամբ սոցիալական եւ տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ եւ փոխշահավետ որոշումների կայացման ապահովում:

Հեղինակների վստահեցմամբ՝ նախագծի նպատակն է՝ աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել արդյունավետ եւ ճկուն մեխանիզմներ աշխատանքային հարաբերությունների կողմերի համար՝ հիմնված երկուստեք փոխհամաձայնության եւ փոխշահավետ լուծումներ, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն հիմքեր հատկապես փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար:

Երեկվա դրությամբ, այս նախգծին e-draft.am կայքում դեմ են քվեարկել 68%-ը, կողմ՝ 32%:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930