Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Հայաստանում ազգային հայրենասիրությունը տակավին մոդայիկ զբաղմունք չէր դարձել»

Հունիս 17,2019 13:30

ԽՍՀՄ քաղբանտարկյալի նոր օրագրությունը

«Որեւէ պետության ներքին քաղաքականությունը հասկանալու, նրա օրենքների խստության չափը ճանաչելու եւ նրա իրական դեմքը տեսնելու համար պետք է գտնվել տվյալ երկրի բռնության օջախներում ու զորանոցներում: Նման վայրերում պետությունը բացահայտ կերպով է դրսեւորում իր վերաբերմունքն իրեն հպատակ քաղաքացու եւ մարդու նկատմամբ ընդհանրապես»,-իր նոր «Հանգույց» գրքում գրել է ԽՍՀՄ քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ, բանաստեղծ, հրապարակագիր Մերուժանը:

Նրա նոր «Հանգույց» գիրքը վավերագրություն է, օրագրություն քաղբանտարկյալի անցած ուղու մասին, երբ «Հայաստանում ազգային հայրենասիրությունը տակավին մոդայիկ զբաղմունք չէր դարձել»: Գիրքը տպարանից դուրս եկավ Մերուժանի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին:

Գիրքն առանձին մասերից է բաղկացած. «Վլադիմիրի բանտում», «Ասք հիշատակաց», «Առեղծվածը»:

Հեղինակը նկարագրում է 1960-ականները, երբ հանրապետությունում տարվում էր ազգայնականների կողմից ազգայնական տրամադրությունների քարոզչություն, որը կոմունիստական պրոպագանդայի ազդեցության հզորացման հետ աճում էր: Ուսանողների ու երիտասարդ մտավորականների սերուցքը հիմնեց ընդհատակյա «Հայ երիտասարդաց միությունը»:

Այդ կազմակերպության մեջ էին անլեգալ գործող «Յոթ հայրենասերների» անդամները՝ Մերուժանը, Խաչիկ Ամիրջանյանը, Խաչիկ Սաֆարյանը, որը ԳԽ պատգամավոր ընտրվեց անկախ Հայաստանում, Կարապետ Քիրամիջյանը, Գրիգոր վարդապետ Եղյանը, Էդվարդ Կակոսյանը:

Մերուժանը գրքում պատմում է, որ այդ կազմակերպությունը բացահայտվեց եւ որ իրենք ձերբակալվեցին տարիուկես հետո: Հարուցվել էր քրեական գործ, եւ նրանց՝ յոթ կալանավորներին տեղափոխեցին Ռուսաստան՝ Մորդովայի Ինքնավար Հանրապետությունում տեղաբաշխված համակենտրոնացման ճամբարներում իրենց հասանելիք պատժաչափերը կրելու:

Մերուժանն այդ ժամանակ դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, եւ գտնվում էր տասնմեկերորդ ճամբարում. «1966թ. հունիսին մեր համակենտրոնացման ճամբար եկավ Մորդովայի Ինքնավար Հանրապետության Զուբովո-Պոլյանսկի դատարանը եւ իր արտագնա նիստում քննելով ճամբարի ադմինիստրացիայի կողմից իմ դեմ հավաքված նյութերը՝ որոշեց, որ Հայաստանի Գերագույն դատարանի դատավճռով ինձ տրված պատժի մնացած մասը կրեմ բանտային ռեժիմի ազատազրկման վայրում»:

Հեղինակը ներկայացնում է այն, գեղարվեստական գունեղ նկարագրության տակ չարիքի ճաղապատված գոտին էր. «Ռուսական պետության պատմությունը Ռոմանովների տիրապետության ժամանակաշրջանում հիշատակում է երկու նշանավոր միապետերի, որոնցից մեկը՝ Նիկոլայ Առաջինը, կառուցել է հիվանդանոցներ, ծերանոցներ, դպրոցներ, իսկ մյուսը՝ Եկատերինա Երկրորդը, կառուցել է բանտեր, ամրոցներ, զորանոցներ: Իմ ճակատագրում ես ծանոթացել եմ Եկատերինայի կառույցներին՝ սկսած Աստրախանի բանտից մինչեւ Վլադիմիրի բանտ»:

Հայ քաղբանտարկյալը գրքում հիշում է ճակատագրի իր ընկերներին Լատվիայից՝ Յան Տարվանին, փիլիսոփա Էդվարդ Կուզնեցովին, երգահան եւ բանաստեղծ Անատոլի Պրուտկովին, բանաստեղծ Անատոլի Ռոդիգինին…

Գիրքն արժե կարդալ նաեւ մեկ այլ բանի համար. ինչ սկզբունքների էր դավանում ԽՍՀՄ քաղբանտարկյալը, եւ արդյոք այս օրերին քաղաքական պոռոտախոսության համար դատապարտվածը կարո՞ղ է համարվել քաղբանտարկյալ, երբ գտնվելով կապի, արտաքին աշխարհի գորովալից պաշտպանության ներքո, ուշադրության կենտրոնում, իրավապաշտպանների հետ լեգալ շփման մեջ, մի տող անգամ չի երկնում իր քաղաքական «հայացքների» մասին:

Մերուժանն իր գրքով շատ հարցերի պատասխանն է տալիս. «Բանտային ռեժիմի դատապարտված քաղկալանավորը զրկված էր երկարատեւ տեսակցության իրավունքից: Նրան տրվում էր տարեկան երկու տեսակցություն, յուրաքանչյուրը երեսուն րոպե ժամանակով: Տեսակցության ժամանակ, բացի ռուսերենից, որեէ լեզվով խոսելն արգելված էր: Տեսակցության ընթացքում, եթե փորձեիր քո մայրենի լեզվով երկու բառ անգամ փոխանակել հարազատիդ հետ, ապա տեսակցությունդ անմիջապես կընդհատվեր, եւ դու կզրկվեիր քեզ հասանելիք ծանրոցից, որը նույնպես տրվում էր տարեկան երկու անգամ, ընդամենը հինգ կիլոգրամ քաշով»:

Մեկ այլ դրվագով էլ պատմվում է կալանավորի «բարոյական հիգիենայի» կանոնների մասին. «Վլադիմիրի բանտում կալանավորի «բարոյական հիգիենան» պահպանվում էր նաեւ ցուցադրական ագիտացիայի միջոցով՝ լոզունգներ, պլակատներ, պատվո տախտակներ, կինոֆիլմերի ցուցադրում: Բոլոր միջանցքների պատերը ծածկված էին թղթերով: Ահա մի պլակատ՝ նկարում գերմանացի սոցիալիստ Վիլի Բրանդն է՝ արեւմտյան Բեռլինի օբերբուրգոմիստրը……որպես բարի կամքի դրսեւորում, ցուցադրվում էին ֆիլմերը, ամիսը երկու անգամ, այն էլ Մակարենկոյի դաստիարակչական թեմաներով, ինչպիսիք վայել էին մանկատներում ապաստանած որբուկներին: Այսպիսով՝ կոմունիզմի ուրվականը ազատորեն շրջում էր նաեւ Վլադիմիրի բանտում, այնտեղ, ուր մարդիկ ազատության ցնորքի մեջ լսում էին մահվան զառացանքը»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930