Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր դեմարշ՝ Արցախի դեմ. Փոխարտգործնախարարը՝ Ֆրանսիայի դատարանների որոշումն է մեկնաբանում՝ Արցախի հետ բարեկամության համաձայնագրերը չեղարկելու

Հունիս 17,2019 12:50

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն էր՝ երկրորդ ընթերցմամբ: Փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ առաջարկում են արտգործնախարարության դիվանագետներին գործուղման մեջ գտնվել նաեւ ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի համակարգում՝ երկարատեւ գործուղման կարգավիճակով: Ներկայիս օրենքով միայն հնարավորություն ունեն վարչապետի աշխատակազմում գործուղման մեջ լինել:

Սրանով հնարավորություն կտան պրոֆեսիոնալ դիվանագետներին իրենց ստաժը պահպանել նաեւ ԱԺ-ի եւ նախագահի աշխատակազմում: Համազեկուցող Տաթեւիկ Հայրապետյանը հավելեց, որ խորհրդարանական կառավարման անցնելու արդյունքում նման փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագիծը դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը փոխարտգործնախարարին դժգոհեց. «Վերջին ժամանակաշրջանում բավականին տհաճ իրադարձություններ են կատարվում Հայաստանի սահմանից դուրս: Խոսքը մասնավորապես Ֆրանսիայի դատարանների որոշումների մասին է. «Այդ փաստաթղթերով, դատարանների որոշումներով՝ այն քաղաքները, որոնք ժամանակին Արցախի Հանրապետության հետ կնքել են բարեկամության համաձայնագրեր, կամ պետք է հետ կանչեն, կամ չեղարկեն: Ֆրանսիայում սրա հետ կապված բավականին մեծ աղմուկ է եւ արդեն որոշ քաղաքների ղեկավարներ հայտարարությամբ են հանդես եկել, որ բողոքարկելու են: ՀՀ արտգործնախարարության քայլերը կարելի՞ է իմանալ ու ի՞նչ ընթացքների հետեւանք է սա»: Փոխնախարարը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ, Ֆրանսիան շարունակում է մնալ մարդու իրավունքների, համերաշխության, ճնշված ժողովուրդների պաշտպանը եւ սոցիալական պահանջը, այդ զգացողությունը շատ ներկա է Ֆրանսիայի հասարակարգում: Այն, ինչ տեղի է ունեցել դատարաններում, անշուշտ, մենք դա չենք մեկնաբանի: Դա ֆրանսիական դատարանի որոշումն է: Ակնհայտ է, որ դա մասնավոր մի…քանի որ չկա հասարակական պահանջ եւ չկա քաղաքական դասի շրջանում դրանք վերանայելու, Արցախի հետ հարաբերությունները իջեցնելու կամ դրանք վերացնելու պահանջարկ, ենթադրում ենք, որ դա մասնավոր դեմարշ է եղել: Չենք կարծում, որ դա հետեւանք կունենա Արցախի ընդհանուր ընկալման եւ Արցախի ժողովրդի ընկալման վրա Ֆրանսիայում: Իմ անձնական համոզմունք է, որ սա չի կասեցնի ժողովրդավարական հորիզոնական դիվանագիտությունը եւ քույր քաղաքների հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն: Դրա վկայությունն է այն ընդվզումը,որը կա թե՛ ֆրանսահայ համայնքի, թե՛ ֆրանսիական քաղաքական դասի մոտ: Գործընթացը արձագանք է ստանում ֆրանսիական հասարակության մեջ եւ մենք, որպես ԱԳՆ, անելիք այստեղ առանձնապես չունենք»:

Աբովյանն ասաց, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է, բայց ՀՀ դիվանագիտական կորպուսն աշխատո՞ւմ է այն ուղղությամբ, որ չեղարկի ադրբեջանական լոբբինգի աշխատանքը, թե՞ ոչ: Փոխարտգործնախարարը պատասխանեց. «ՀՀ դիվանագիտությունն աշխատում է ՀՀ-Ֆրանսիա դիվանագիտական հարթակներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ հակառակորդ երկրների միջամտությունը կանխելու եւ չեզոքացնելու: Որեւիցե մասնավոր խնդիր լուծելու մենք չունենք»: Հովհաննիսյանն ասաց, որ աշխատելու են այնպես անել, որ ֆրանսիացիներն է՛լ ավելի շատ ցանկանան ու այցելեն Արցախ:

Փոխնախարարը նաեւ ասաց, որ իրավական թյուրըմբռնման արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ Ֆրանսիայի ժողովրդի քաղաքների բնական ընդվզումը համերաշխության շրջանակ ստեղծելու Արցախի ժողովրդի հետ հարցականի տակ է դնում. «Դատարանները պետք է զերծ մնան ժողովրդական դիվանագիտությունից: Սա է մեսիջը: Մեր թե՛ դեսպանը, թե՛ հայկական կազմակերպությունները ակտիվ են, կազմակերպված են ու այս մեսիջը լայնորեն տարածում են Ֆրանսիայում»:

Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ ցանկացած մարտահրավեր կարելի է օգտագործել նաեւ ի նպաստ մեզ, օրինակ, դատարանների թեման ֆրանսիական մամուլում լայնորեն քննարկվեց եւ դատապարտվեց դատարանների որոշումը. «Բացի այդ, սա հենց Արցախի արտգործնախարարության արդյունքն ր այս ամենը ու Արցախի արտգործնախարարությունը իր դերակատարումն ունեցել է: Բնականաբար, հաճելի չէր այս ամենը, բայց դրական արդյունք կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930