Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբաստանյալն իր ծանոթներին տվել է դեղին մետաղից պատրաստված, ոսկի չհանդիսացող զարդեր»

Հունիս 17,2019 13:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի ապրիլի 5-ի որոշմամբ Արթուր Քալաշյանի միջնորդությունը բավարարվել էր, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել էր, եւ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Ամբաստանյալը պատճառաբանել էր, թե իր խնամքի տակ են երեք անչափահաս երեխաները, ովքեր իր կալանավորվելուց՝ 2016 թվականի ապրիլից հետո հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում: Կինն ունի առողջական խնդիրներ, չի կարող աշխատել: Ամբաստանյալի առողջական վիճակը նույնպես վատթարացել էր: Ի դեպ, չունենալով նյութական միջոցներ, հայտնել էր, թե գրավի մասին չի կարող մտածել անգամ:

Այս քրեական գործով, որի դատաքննությունը շարունակվում է Շենգավիթի նստավայրում, ամբաստանյալ Ա. Քալաշյանը հայտնել է, որ մասնակի է իրեն մեղավոր ճանաչում: Մեղադրողը դիմել էր վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը եւ ամբաստանյալին կալանքից ազատելը ճանաչել անթույլատրելի: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Էդ. Արսենյանի վերաքննիչ բողոքը:

Արթուր Քալաշյանը մեղադրվում է տուժող Հովհ. Բալասանյանին պատկանող Երեւան քաղաքի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքը խարդախությամբ հափշտակելու փորձի համար, «կեղծ ոսկյա զարդերի գրավադրման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նպատակով, նախնական համաձայնության է եկել ընկերոջ` բանկերից մեկի մասնագետ-ոսկերիչ Վ. Մաթեւոսյանի հետ»:

Ա. Քալաշյանն իր ծանոթներին, առանց նրանց իմացության, տվել է դեղին մետաղից պատրաստված, իրականում ոսկի չհանդիսացող զարդեր եւ խնդրել է դիմել բանկ` դրանք գրավադրելու եւ դրանց դիմաց ստացված գումարն իրեն փոխանցելու համար: Այս դատական գործով անցել են 20-ից ավելի քաղաքացիներ, նշվում է, որ տուժողների կողմից ներկայացված մետաղները գնահատելով որպես ոսկի` բանկից ստացված վարկային՝ 185.277.614,20 ՀՀ դրամ գումարից 91.280.875,7 ՀՀ դրամն ամբաստանյալի հետ նախնական համաձայնությամբ խաբեությամբ հափշտակվել է:

Ամբաստանյալն իր խափանման միջոցի հետ կապված միջնորդության ժամանակ հայտնել էր, որ այդ արարքը կատարել է միայնակ, բանկի ոսկերիչի հետ որեւէ նախնական պայմանավորվածություն չի ունեցել եւ նա ըստ էության դրա մասին տեղյակ չի եղել, իսկ պատճառված վնասի չափի մասին հայտնել էր. «Գրավի դիմաց ստացված գումարներով մարվել են մյուս վարկերը եւ որոշ ժամանակ անց այլեւս անհնար է եղել մարել տոկոսները եւ մայր գումարը»: Ամբաստանյալի գնահատմամբ, ՀՀ քրօր-ի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ այդ հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, այսինքն, իր գործողություններում բացակայում է հացակազմը:

Ամբաստանյալ Ա. Քալաշյանը հայտնել էր, որ քրեական գործով տուժողը եւ վկաների մեծ մասը հարցաքննվել են. «Չեմ ցանկանում օգտվել չհարցաքննված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իմ իրավունքից»:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ, 

15.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930