Բիզնես Արմենիա հիմնադրամը կազմակերպչական փոփոխություններից հետո գործում է առանց կառավարության մասնակցության և պետական բյուջեի ուղղակի ֆինանսավորման։ Հիմնադրամի աշխատակազմը հանդես է գալիս հայտարարությամբ․
«Բիզնես Արմենիա հիմնադրամը հայտարարում է, որ կազմակերպչական փոփոխությունների ենթարկվելուց հետո շարունակում է գործունեությունը՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է ներդրումների և արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման խթանմանը։
Բիզնես Արմենիան, ունենալով գործարարության խթանման ահռելի փորձ, ներդրողներին, արտահանողներին, զբոսաշրջության ոլորտի գործարարներին կտրամադրի ֆինանսական, իրավական, մարքեթինգային, վերլուծական, հարկային, բիզնեսի համար անհրաժեշտ այլ խորհրդատվություն և աջակցություն։
Կարդացեք նաև
Բիզնես Արմենիա հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր ներդրողներին ու արտահանողներին, իր օտարերկրյա պաշտոնական ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին ու դիվանագիտական կառույցներին՝ հիմնադրամի հետ համագործակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու համար։ Հիմնադրամը կոչ է անում հետագա համագործակցության՝ հանուն ավելի գրավիչ Հայաստանի։»
Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Պողոսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր նույն հիմնադրամի ֆինանսատնտեսական և իրավական տնօրենի պաշտոնը։
Հիմնադրամի գործունեության հասցեն և կոնտակտային տվյալները նույնն են։
Հանրային կապերի թիմ