Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որ «նիսիայի» ցուցակը ցույց տամ, ուղղակի կապշեք»

Հունիս 17,2019 12:30

Սահմանամերձ Ճամբարակ համայնքում ապրելը հեշտ չէ

Վարսիկ Դանիելյանն ապրում է Ճամբարակ համայնքի Վերին Ճամբարակ գյուղում, որը 800 մետր հեռավորության վրա է գտնվում Ադրբեջանի սահմանից: Ասում է` թեեւ ողջ համայնքը սահմանամերձ է, բայց իրենց անտեսված են զգում: Մինչեւ հիմա դեռ տների վրա պահպանվել են 90-ականների գնդակոծության հետքերը:

«Տաղանդավոր երեխաներ ունենք, լավ մարդիկ, բայց գյուղը թողնում ու գնում են, լավ բժիշկներ ունենք, այլ մասնագետներ, որ գնում են, էլ չեն ուզում վերադառնալ, որովհետեւ ոչ ժամանցային կենտրոն ունենք, ոչ նորմալ երաժշտական գործիքներ: Մեր կառավարությունը կարող էր ուշադրություն դարձնել, որ ճամբարակցիները տները չթողնեն դուրս գան, վերջիվերջո սահման է, մենք այստեղ ապրում ենք, ուղղակի պետք է աջակցեն մեզ»,-ասում է տիկին Դանիելյանը:

Հավելում է, որ թեեւ իբրեւ սահմանամերձ համայնք, բնակիչներին անտոկոս վարկեր են տրամադրվում, բայց ոչ մեկին հասու չէ այդ արտոնությունը, քանի որ շատերն արդեն «սեւ ցուցակում» են: «Վարկ վերցնողը պետք է անասուն կամ մի ինչ-որ բան գրավ դնի, բայց դա էլ չունենք, ի՞նչը գրավ դնենք; Ոչ մի կողմից աջակցություն չունենք: Ջրի խնդիրը մեզ մոտ սուր չէ, գոնե սարերից եկող ջերերից ենք օգտվում, բայց ուրիշներն ունեն խնդիր: Գազիֆիկացված է համայնքը, բայց շատ դժվար է այդքան գազի վարձ վճարելը, կամ փայտ են վառում մարդիկ, կամ գոմաղբ»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա ցավով փաստում է, որ գյուղական խանութները «նիսիաների» հսկայական ցուցակներ ունեն. «Մի խանութի աշխատող էլ ես եմ, որ «նիսիայի» ցուցակը ցույց տամ, ուղղակի կապշեք: Ասենք մարդը գալիս է երեխայի համար ինչ-որ բան գնելու, խղճիդ էլ չի նստում, որ չտաս, մեկս մյուսին ծանոթ ենք, շփվում ենք, ամեն օր իրար երես ենք նայում, բարեւ-բարի լույս ենք տալիս, չենք կարող մերժել: Բայց դե ապրանքն էլ տալիս ես, չգիտես, թե գումար կունենան, որ վճարեն»:

Տիկին Վարսիկից տեղեկացանք, որ հացը մարդիկ տներում են թխում, բայց հացի փուռ կա տարածքում: Նա իրենց համայնքը շատ աղքատ է բնորոշում:

«Ես իմ ժամանակներում չեմ զգացել, թե մեր գյուղն ինչի կարիք ունի, մենք լավ ենք ապրել, չի եղել, որ «նիսիայով» մի բան վերցնենք: Բայց հիմա մեր երեխեքն էդ հոգսով են ապրում: Նախ կուզեմ, որ մեր համայնքում ուսմանն առաջնահերթ տեղ տրվի:

Կուզենք մեր հիվանդանոցին ուշադրություն դարձնեն, լավ վերանորոգված հիվանդանոց ունենք, բայց մասնագետներ չեն գալիս այստեղ աշխատելու: Վիրաբույժ, կանացի բժիշկ ունենք: Բայց բարդ խնդիրների դեպքում Երեւան կամ Գավառ ենք գնում, իսկ, օրինակ, ականջի, քիթ-կոկորդի բժիշկ չունենք: Բարդ ծննդաբերության դեպքում էլ Գավառ, Սեւան կամ Երեւան ենք գնում»,- վիճակը ներկայացնում է ճամբարակցի կինը:

Նա նաեւ երազում է, որ իրենց երեխաները լավ մարզագույք ունենան ու կարողանան սպորտով զբաղվել. «Մեկ-մեկ, որ նայում եմ Երեւանի սպորտդպրոցների հագեցածությանը, մտածում եմ` լավ, մեր երեխեքն ինչո՞վ են մեղավոր, ինչո՞ւ մեկը տեր չի կանգնում, որ մենք էլ ունենանք, դրա համար Երեւան չհասնենք»: Ափսոսում է, որ այլ մարզերում ապրողների նման ճամբարակցիները «դրսում» ապրող օլիգարխ հայրենակից չունեն, որ համայնքին ձեռք մեկնի: Մի քանիսն էլ, որ արտասահմանում ապրող միջին խավի ներկայացուցիչներ են, օգնել են, որ խաղահրապարակը կարգի բերվի, հացատուն են կառուցել:

«Ոչ մեկը չի ուզում իր ծննդավայրը թողնի ու գնա, բայց մեր երեխաների ապագայի մասին ենք մտածում: Երբ տեսնում եմ, որ էս դուռը փակվեց, էն դուռը փակվեց, սրտի մեծ ցավ եմ ապրում»,-ասում է տիկին Վարսիկը: Նաեւ հավելում է, որ Երեւանում սովորող ուսանողները չեն ցանկանում վերադառնալ Ճամբարակ, քանի որ ոչ աշխատատեղ ունեն, ոչ էլ լավ ապագայի հույս:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ,

15.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930