Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հեքիաթերեն» թատրոնը նպատակ ունի «Ավտոբուս-թատրոն» նախագծով ՀՀ սահմանամերձ շրջաններ այցելել

Հունիս 17,2019 12:00

Բոլոր ժամանակներն իրենց պահանջներն են դնում արվեստի առաջ, որոնք տարբեր դրսեւորումներ են ունենում: Նոր փոփոխություններին շատ արագ են արձագանքում հատկապես երիտասարդները: Մեր ժամանակներում ժանրային նոր ձեւաչափերով է ներկայանում ինտերակտիվ թատրոնը, կինոն…

Օրինակ, տիկնիկային թատրոնի ժանրում մեզ մոտ թեեւ նորություն չէ հանդիսատեսի հետ երկխոսությունը, նրա մասնակցությունը բեմական գործողություններին, բայց փաստենք, որ մանուկները շատ շուտ «ընտելացան», սիրեցին մոտեցման այս ձեւը:

Մոտ երկու տարի առաջ երեւանյան սրճարաններից մեկում «Առավոտը» ներկա գտնվեց Թումանյանի «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացմանը, սակայն չանդրադարձանք, սպասելով, թե ինչ շարունակություն կամ ընդունելություն կունենա, կամ՝ կունենա՞, թե՞ ոչ, շարժական, ինտերակտիվ «Հեքիաթերեն» տիկնիկային թատրոնը: Ինչպես այն ժամանակ, մինչ օրս էլ թատրոնն իր ձեւաչափով եզակի է:

Հիմնադիրները երիտասարդ ամուսիններ, գրող-սցենարիստ Անի Ամսեյանն ու ծնունդով Եգիպտոսից կոմպոզիտոր Հակոբ Մազլումյանն են: Նրանց խոսքերով՝ երեխան, որ չի գալիս թատրոն, թատրոնը պետք է գնա երեխայի մոտ եւ ի սկզբանե ցանկություն են ունեցել տիկնիկներին դուրս բերել իրենց «տնից»՝ թատրոնից:

«Հեքիաթերեն» թատրոնի ներկայացումները ստեղծվում են երեխաների մասնակցությամբ: Շուրջ մեկ ժամվա ընթացքում փոքրիկները պատրաստում են տվյալ հեքիաթի որոշ հերոսներին (գլխավոր տիկնիկները նախօրոք պատրաստված են լինում), շփվում դրանց հետ: Ավելին՝ իրենց երեւակայությամբ զարգացնում են սյուժետային գիծը, դառնում տիկնիկավար: Ներկայացումից հետո էլ պատրաստած տիկնիկները, որոնք, բնականաբար, պարզունակ են, տուն են տանում, որպեսզի տանն էլ խաղան, հեքիաթն էլ շարունակություն ունենա:

Հակոբ Մազլումյանը, որն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Վարդան Աճեմյանի դասարան), յուրաքանչյուր հեքիաթի համար երաժշտություն է գրում, իհարկե, դասական ժանրում: Բայց դա չի նշանակում, որ միայն սեփական ստեղծագործություններն են հնչում բոլոր ներկայացումների ժամանակ: Օրինակ՝ ներկա ենք գտնվել նաեւ «Պինգվինաշեն» ներկայացմանը: Ամուսինները երեխաներին նախ ներկայացրին այդ ճանաչված ու սիրված անիմացիոն կինոնկարի հեղինակ, ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի, երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի արվեստը: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ նրանք ասացին, թե հեղինակներին ներկայացնելը շատ կարեւոր է, քանի որ երեխաների մեծ մասի մոտ հեքիաթի ժանրը նույնացվում է միայն Թումանյանի հետ:

Հավաստիացրին նաեւ, որ ներկայացումների երաժշտական ձեւավորմանը հաճախ օգտագործում են համաշխարհային դասականներից մինչեւ ժամանակակից հեղինակների երկերից «կտորներ»: Այս առիթով Անի Ամսեյանը հավաստիացնում է, թե դա յուրօրինակ երաժշտաթերապիա է: Ի պատասխան հարցին՝ նախագծին ինչպե՞ս է վերաբերվում «հանրապետության տիկնիկների գլխավոր շեֆը»՝ Ռուբեն Բաբայանը, որի արվեստանոցում է ուսանել, Անին ասաց. «Ախր, պատկառանքս այնքան մեծ է պարոն Բաբայանի նկատմամբ, որ մինչ օրս համարձակություն չեմ ունեցել նախագծի առիթով զրուցել նրա հետ: Բայց բոլոր ներկայացումներում, այս պահին համարձակվում եմ բարձրաձայնել (ժպտում է.- Մ.Դ.), դոմինանտում են պրոֆեսորիցս ստացած գիտելիքները»: Հակոբն էլ շարունակելով կնոջ միտքը՝ նշեց, թե իր պրոֆեսորին թոռնիկի հետ քանիցս հրավիրել է ներկայացումներին՝ բայց նրանք ինչ-ինչ պատճառներով դեռ երբեւէ ներկա չեն գտնվել:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ այս նախագծից բացի, ամուսինների ստեղծագործական կյանքին: Անին փաստեց, որ հրատարակել է իր բանաստեղծությունների առայժմ միակ ժողովածուն, իսկ Հակոբը հայտնեց, թե «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ սկսվել են նոր ստեղծագործության փորձերը, մանրամասնեց նաեւ. «Այն ստեղծված է Անիի բանաստեղծությունների կոլաժից, հրավիրված է նաեւ ճանաչված թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Շատ կուզենայի, որ պրեմիերան կայանա այստեղ»: Մինչդեռ, մեր տեղեկություններով, ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա աշնանը՝ Մյունխենում:

Ամուսինները նպատակ ունեն առաջիկայում իրականացնել «Ավտոբուս-թատրոն» նոր նախագիծը՝ թատրոնը տանել մարզեր, սահմանամերձ գյուղեր: Եվ եթե երեւանյան ներկայացումներին վաճառվում են տոմսեր սիմվոլիկ գումարով, նորի դեպքում հասկանալի պատճառով դա բացառվելու է ու կարիք է լինելու հովանավորի.

«Թատրոնի ստեղծման մտահղացման սկզբից մինչ օրս մեր կողքին են Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, այժմ արդեն՝ փոխնախարար Նարինե Թուխիկյանը, ներկայիս տնօրեն Անի Եղիազարյանը եւ ընդհանրապես, առանց չափազանցության, ողջ անձնակազմը: Հենց Թումանյանի տուն-թանգարանի աջակցությամբ էլ գարնանը Աթենքում մասնակցեցինք Թումանյանի եւ Կոմիտասի հոբելյաններին նվիրված միջոցառումներին: Հանդես եկանք թումանյանական «Պոչատ աղվեսը», «Շունն ու կատուն», «Ճամփորդները» հեքիաթներով»: Մեր զրուցակիցները նշեցին, որ ներկայացումներին հանդիպել են հայազգի այնպիսի փոքրիկների, որոնք բացարձակ մայրենիին չեն տիրապետում, բայց մեկ-երկու բան սփոփել է իրենց, մեկը՝ երեխաների ոգեւորությունն ու մասնակցությունը ներկայացումներին, մյուսը՝ ծնողների հավաստումը, թե վաղվանից երեխաներին կուղեկցեն հայկական կիրակնօրյա դպրոցներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930