«Խորհրդարանը նաեւ մշակութային արժեքների կարեւոր կենտրոն է, որտեղ քննարկումներ են տեղի ունենում մշակույթի եւ գիտության ներկայացուցիչների հետ: Այսօր անհրաժեշտ եւ հրատապ է դարձել գործուն քայլեր ձեռնարկելը՝ կինոարվեստում պետական մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթների պահպանման ու տարածման, կինոլորտի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ»,-կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այսօր հայտարարեց ԱԺ կրթության, գիտության, սպորտի, սփյուռքի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նրա բնորոշմամբ՝ հայկական կինոարտադրությունը զարգացել ու զարգանում է, ուստի ոլորտն ունի օրենսդրական կարգավորումների կարիք. «Կինոյի մասին օրենք ունենալը հրատապ խնդիր է դարձել: Քանիցս այն քննարկվել է, բայց վերջնական լուծում չի ունեցել: Այդ պատճառով ԱԺ-ում մեր պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին նախաձեռնեցինք հանդիպումներ՝ կինոյի ոլորտի ներկայացուցիչների հետ: Ակնկալվող օրենքը կհեշտացնի եւ կկարգավորի կինոարտադրության ոլորտում գործունեությունը: Վստահ եմ, որ այս քննարկումները կառուցողական նշանակություն կունենան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ