Արփա գետի ձախ կողմում, Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվում է սահմանապահ Խաչիկ գյուղը: Գյուղում էլ գտնվում է Սուրբ Աստվածածին 300-ամյա եկեղեցին, որի գմբեթն, ըստ որոշ աղբյուրների, ավերվել է երկրաշարժից, սակայն գյուղացիներն ասում են, որ կայծակից է վայր ընկել: Խաչիկցիները ջերմ են ու բարեհամբույր, անգամ անծանոթին կարող են տուն հրավիրել, մի գավաթ սուրճ առաջարկել: Մերժումն իբրեւ վիրավորանք են ընկալում: Գյուղի հոգսերը հակառակ համեմատական են խաչիկցիների ջերմությանը:
Երվանդ Հարությունյանը ծնվել է Խաչիկ գյուղում եւ առայսօր ապրում է այնտեղ: Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ-ինժեներ է, բայց այսօր ինքն ու կինը խանութ են աշխատեցնում: Այժմ ցանկանում է կտավատի արտադրությամբ զբաղվել: «Անցյալ տարի լավ բերք եմ ստացել, այս տարի 4,5 հեկտար ցանել եմ, շատ գոհ եմ, որ կառավարությունը երեք միլիոն վարկ տրամադրեց: Ավելին էին առաջարկում, բայց վախեցա: Այժմ տեղ եմ պատրաստում ձեթի ճզմման ապարատի համար, որ կտավատի ձեթ արտադրեմ, ընտանեկան բիզնես անենք»,- Aravot.am հետ զրույցում նշեց Երվանդ Հարությունյանը: Ձեթը կարտադրվի, բերքն առատ է, սակայն մարդը նաեւ իրացման խնդիր ունի:
Նրանից տեղեկացանք, որ ունի երեք երեխա, որոնցից երկուսը բարձրագույն ուսումնական հաստատություն են ավարտել, տղան՝ պոլիտեխնիկական կրթություն ունի, դուստրը՝ տնտեսագիտական, իսկ կրտսեր դուստրը որոշել է հոգեբան դառնալ:
Ափսոսում է, որ երեխաները չեն ուզում մնալ գյուղում. «Ապագա չկա, դա է ցավալին: Եթե մարդը բուհ է ավարտել, գա, ի՞նչ անի գյուղում, որտեղ աշխատանք չկա, թող մնա Երեւանում, երկրի համար պիտանի մարդ դառնա»:
Կարդացեք նաև
Երվանդ Հարությունյանը տեղեկացրեց, որ Խաչիկում հիմնականում հողագործությամբ են զբաղվում եւ անասնապահությամբ: Ասում է՝ անասնապահությունը նահանջել է խորհրդային տարիների համեմատ: «Այստեղ մի ժամանակ ուզում էին շամպայնի գործարան բացել, սակայն չստացվեց»,-նշեց մեր զրուցակիցը:
Նրանից տեղեկացանք, որ մարդիկ իրենց բերքն ու գյուղմթերքն իրացնելու խնդիր ունեն. «Մարդիկ պանիր են արտադրում, չեն կարողանում սպառել: Մեր գյուղի միրգն էլ է լավը, կտավատն էլ, խաղողն էլ, մեղրն էլ, բայց չեն կարողանում վաճառել, իրացնել, դա լուրջ խնդիր է ու հրատապ լուծում պահանջող»:
Խոսելով Խաչիկի առանձնահատկության մասին՝ Երվանդ Հարությունյանը նշում է. «Խաչիկը հայրենիքի դարպասն է, եթե մեր գյուղը չլինի, Վայոց Ձորից սկսած՝ չի լինի»: Վերջին հարսանիքը գյուղում մի քանի օր առաջ է եղել, միայն ափսոս, որ երիտասարդ զույգերը չեն ցանկանում գյուղում մնալ: «Ախր ո՞ր մի գյուղացին է հարստացել գյուղում, գյուղացուն պետք է աշխատելու հնարավորություն տալ ու սպառման շուկա, էլ ուրիշ բան պետք չէ, ինքը երկրին էլ կպահի, իրեն էլ»,-կրկին շեշտում է մեր զրուցակիցը:
«Խորհրդային տարիներին այստեղ Ռելեի գործարան էին կառուցել, որ գյուղը չքանդվի, կուզեինք, որ մի գործարան լիներ Խաչիկում, մարդիկ աշխատեին, չհեռանային այստեղից: Անգամ ունեւոր հայրենակից չունենք դրսում ապրող, որ ներդրում անեն գյուղում, մերոնք հոգով են ունեւոր»,-ժպտում է խաչիկցին: Ասում է այժմ գյուղում ընդամենը 420 մարդ է ապրում, տներ կան, որ դատարկ են:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ