Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքի են կանգնել Գյումրու ձկնորսները․ վաղը բողոքի երթ կանցկացնեն, փողոց կփակեն

Հունիս 16,2019 23:13

Aravot.am-ին էր ահազանգել Գյումրու ձկնորսներից մեկը՝ Ազատ Սանթուրյանը, տեղեկացնելով, որ վաղն առավոտյան ժամը 10-ին մոտ 130 ձկնորսներով հավաքվելու են Գյումրու Վարդանանց հրապարակում ու բողոքի երթով շարժվելու են դեպի մարզպետարան։

«Բանն այն է, որ 2014 թվականից գնում ենք Վրաստան՝ ձկնորսության, օրինական լիցենզիա ունենք, գնում ենք Կարզախի Խոզափին լիճը, որտեղ էլ օրինական մուծում ենք անում՝ 10 լարի։ Մեր բռնած ձուկն էլ ամենաստից ձուկն է ՝ կարասն է, բայց երեկ արդեն Բավրայի մաքսակետում չթողեցին ձուկն անցկացնել, բերել Հայաստան, ասում են՝ իրավունք ունեք անցնելու ընդամենը 5 կիլոգրամ։ Պարզաբանեցին, որ այդպես է օրենքով, եթե հարցեր ունեք՝ դիմեք ՊԵԿ-ին։ Բայց դա մեր եկամուտն է, գիշերը չենք քնում, գիշերվա կեսին գնում ենք, որ բռնենք, Բավրայի անցակետում չեն թողնում բերենք, էսպես չի լինի, բոլոր օդերը փակել են, իշխանությունը փոխվել է, ուզում ենք ավելի լավ լինի։

Ձուկն էլ որսում ենք կարթով, ոչ ցանցով, ժամանակ կա 25-30 կիլոգրամ կարողացել ենք բռնել, բայց եղել են դեպքեր, երբ հեչ չենք բռնել։ Սիրողական ձկնորսություն է, պրոֆեսիոնալ, ցանցով չէ, որ բիզնես անենք։ Ռակը, կարմրախայտը չի թույլատրվում բերելը, սա գիտենք, բայց կարասը ամենաստից ձուկն է, դրա համար էսպես սահմանափակո՞ւմ։

Պատկերացրեք Ախուրյանի ջրամբարում էլ հնարավոր չէ ձկնորսությամբ զբաղվել․ 7000 հատ լիցենզիա ունեցող ձկնորսներ կան, վճարել, լիցենզիաները հանել ենք, այնտեղ ռուս սահմանապահներ են հսկում, ընդամենը 500 մետր տարածք են հատկացնում, 7000 հոգին այդ 500 մետր տարածքի վրա ինչպե՞ս ձկնորսություն անեն։

Մենք էլ տեսանք, որ էդպես չի լինում, Վրաստանն ավելի լավ պայմաններ է ստեղծել, գնում ենք էնտեղ՝ 10 լարի մուծելով՝ բռնում ենք կարաս, մեկումեջ էլ սազան։ Մի 5 անգամ այս տարի գնացել ենք, նման սահմանափակում չի եղել, բայց արդեն երկու անգամ ասում են՝ չեք կարող 5 կիլոգրամից ավել անցկացնել, բայց բռնածներս առավելագույնը 20-25 կիլոգրամ է, մարդ կա 10 կիլոգրամ է բռնել, մարդ կա 5 կիլոգրամ։

Մենք սաղ ձկնորսներով որոշել ենք հրապարակից շարժվել, փակել Տեքստիլ փողոցը ու մարզպետին ներկայացնել մեր մտահոգությունն ու բողոքը՝ որպես իշխանության ներկայացուցչի, տեսնենք հարցին ի՞նչ լուծում կտան։ Գյումրիում ինչքան ձկնորս կա, կգա, որովհետև հոգնեցինք արդեն էս վիճակից, էսպես չի լինի, սաղ օդերը փակել են, եթե Ախուրյանի ջրամբարում գոնե մի երկու կիլոմետր տարածք հատկացնենք, մեծ լիճ է, չենք գնա Վրաստան։ Ձկնորսության ուրիշ տեղ չկա մեզ մոտ»,-ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930