«Դինամո» ՄՀԿ-ում այսօր կայացավ մաս-ռեսթլինգի Հայաստանի 9-րդ առաջնությունը: Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը, որը նաեւ ներկայացնում է բազկամարտի երիտասարդական ասոցիացիան, Aravot.am-ին ասաց, որ հաղթողները համալրելու են մեր ազգային հավաքականը, որը նախապատրաստվելու է Ուզբեկստանում եւ Լեհաստանում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ եւ 3-րդ փուլերին:
«Աշխարհի գավաթի 1-ին փուլն օրերս ավարտվեց Ադրբեջանում եւ մենք ստիպված էինք այն բաց թողնել: Հայաստանի այս առաջնությանը մասնակցում է ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի շուրջ 80 մարզիկ: Ջավախքից էլ ուժեղ մարզիկներ կան, որոնք մեկ անգամ չէ, որ ընդգրկվել են հավաքական եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրել: Մասնակիցները պայքարում են ութ քաշային կարգերում, 3-ը՝ կանանց, 5-ը՝ տղամարդկանց: Ուրախացնում է, մեր մարզաձեւը կայուն քայլերով զարգանում եւ ընդլայնում է մասսայականությունը եւ որ այս տարի անհամեմատ շատ են աղջիկները. Որոնք կազմում են մասնակիցների ընդհանուր թվի մոտ 40 տոկոսը»,-ասաց Ա. Նալբանդյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մարզաձեւի համաշխարհային ֆեդերացիան զույգ տարիներին կազմակերպում է աշխարհի ու մայրցամաքային առաջնություններ, իսկ կենտ տարիներին՝ աշխարհի երեք գավաթի խաղարկություն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ