Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանությունները հաջողեն մեկի հանդեպ ճնշումների մեջ, հետո այն տարածվելու է մյուսների նկատմամբ». Աղասի Ենոքյան

Հունիս 16,2019 17:00

Մեր զրուցակիցն է՝  «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

-Պարոն Ենոքյան, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ՀՀ Դատական դեպարտամենտին դիմել և ստացել է վիճակագրություն, համաձայն որի` մամուլի դեմ անցած մեկ տարվա ընթացքում ավելի շատ դատական հայցադիմումներ են եղել, քան դրան նախորդած հինգ տարիների ընթացքում` միասին վերցրած: Ինչի՞ մասին է այս փաստը վկայում:

– Չափազանց հետաքրքիր փաստ է, որն անհրաժեշտ է ընկալել մի քանի շերտով։ Առաջին, սա խոսում է անցած մեկ տարում մամուլի դերի կտրուկ աճի մասին, ինչը զարմանալի չէ։ Անցած մեկ տարին Հայաստանում հեղափոխության շրջանն է, իսկ հեղափոխության մեջ մամուլը մեծ դեր խաղաց, եւ ուրեմն, նման հետաքրքրությունը բնական է։

Երկրորդ, հեղափոխականների մեջ շատ են մամուլի ներկայացուցիչները, ըստ որոշ տվյալների իշխանությունների 20-25%-ը նախկին լրագրողներ են, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը նախկին լրագրող է, ու պատահական չէ, որ նրանք աչալուրջ հետեւում են մամուլին, քանի որ հասկանում են, որ այն, ինչ իրենք արեցին մամուլի միջոցով, կարող են անել նաեւ իրենց հետ։

Սակայն պետք է հստակ արձանագրենք, որ անցած մեկ տարում մամուլը շատ չի փոխվել, այլ փոխվել են իշխանությունները։ Մենք դեռեւս սպասում ենք ավելի ճշգրիտ տվյալների, թե ովքեր են դատվում մամուլի հետ, սակայն կարծում եմ, որ մեծ թիվ են կազմելու իշխանության ներկայացուցիչները եւ նրանց հետ կապված անձինք։ Իսկ սա նշանակում է, որ նախկին լրագրողները եւ նրանց հետ կապված շրջանակները չեն ուզում, որ մամուլն աշխատի այնպես, ինչպես իրենք են ժամանակին աշխատել, եւ որքան էլ որ հայտարարեն, թե չեն վստահում Հայաստանի դատարաններին, փորձում են դատական հայցերով ոչ միայն հստակություններ մտցնել, այլեւ ճնշել մամուլին, քանի որ իրենք իրենց մաշկի վրա ժամանակին շատ լավ են զգացել, թե ինչ է նշանակում դատվել որպես մամուլի ներկայացուցիչ։

Կա նաեւ ընկալման շատ լավ շերտ՝ ըստ էության, իշխանությունները շատ լավ էլ օգտագործում են մամուլի հետ աշխատելու օրինական եւ դատական մեխանիզմները։ Իսկ սա նշանակում է, որ նրանք խոստովանում են նման էֆեկտիվ մեխանիզմների մասին, եւ սին են այն պնդումները, թե անհրաժեշտ են մամուլը կարգավորող արտադատարանական ձեւեր ներդնել։ Այս դեպքում իշխանության ներկայացուցիչների՝ մամուլի հանդեպ նոր գործիքակազմ հնարելու փորձերը պարզապես մամուլին ճնշելու փորձեր են դառնում։

-Պարոն Ենոքյան, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ մամուլը Հայաստանում երբեք այսքան ազատ չի եղել: Արդյո՞ք այս հայտարարությունները հակասության մեջ չեն մտնում Դատական դեպարտամենտի ներկայացրած վիճակագրության հետ:

– Մամուլի հանդեպ ճնշումները եղել են թե նախկինում, թե այժմ, իսկ մամուլն էլ այդ ամենին դիմագրավում է այնքանով, ինչքան եւ ինչպես կարողանում է։

Հիշում ենք, որ օրինակ, նախկինում անգամ դեպքեր են եղել, երբ, ասենք, այրել են լրատվամիջոցին պատկանող ավտոմեքենան։ Սակայն նման կորուստները վերականգնվել են, ճիշտ է՝ ոչ դատական, բայց այդ ժամանակների բնորոշ այլ մեխանիզմներով։ Այժմ գործում են դատական մեխանիզմները, ամեն շրջան իր մեթոդներով է աշխատում։

Իսկ իշխանությունների կողմից հայտարարությունները, թե մամուլն այժմ ամենաազատն է՝ կոռեկտ չի։ Դա իշխանությունների սահմանադրական պարտականությունն է։ Իշխանությունները մեր վճարած փողերից աշխատավարձ են ստանում նաեւ նրա համար, որ ապահովեն մամուլի ազատությունը։ Իսկ սրա վերաբերյալ գնահատականներ կարող են տալ լրագրողները եւ նրանց ընթերցողները։

– Արդյո՞ք մեկ տարվա ընթացքում մամուլի դեմ դատական հայցադիմումների թվաքանակի աննախադեպ աճը չի վկայում, որ գործող իշխանությունը նպատակաուղղված և համակարգային պայքար է ծավալում մամուլի ազատությունը կաշկանդելու համար:

– Ցանկացած իշխանություն ձգտում է ավելի շատ իշխանության․ դա քաղաքականության հիմնական օրենքն է։ Դրա համար էլ գոյություն ունի Սահմանադրություն, որը սահմանափակում է իշխանության նման ձգտումները, գոյություն ունի քաղաքական բարոյականություն, հանրային կարծիք, դատական մեխանիզմներ եւ այլն, որոնք հնարավորություն են ստեղծում խուսափել մեկի կողմից իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ վերահսկողությունից՝ ամբողջատիրությունից։

Ներկա իշխանությունները միտինգային եղանակներով վերցրեցին գործադիր եւ օրենսդիր ճյուղերը։ Դատական իշխանությունների հանդեպ միտինգային մեթոդները չաշխատեցին, այժմ այլ ձեւեր են փորձարկվում։ Բնական է, որ տարբեր ձեւերով, այդ թվում նաեւ՝ դատական հայցադիմումներով, փորձեր են արվում վերահսկողության տակ վերցնել նաեւ չորրորդ իշխանությունը։

– Պարոն Ենոքյան, ի՞նչ պետք է անի մամուլը դատական հայցադիմումներից պաշտպանվելու համար: Ի՞նչ մեխանիզմներ եք առաջարկում:

– Խոսքի ազատությունը մարդու անքակտելի իրավունքներից է, եւ կարծում եմ, որ բոլոր լրատվամիջոցները այս հարցում պետք է միասնական լինեն՝ անկախ նրանից, թե ճնշումները իրենց քաղաքական հակառակորդների կամ բիզնես մրցակիցների նկատմամբ են։ Երբ ես ակտիվ խմբագրական աշխատանքի է, միշտ այս հարցերը փորձել եմ պահել հասարակության ուշադրության ֆոկուսում։

Կարծում եմ, այստեղ մամուլի միասնականությունը շատ կարեւոր է, որովհետեւ եթե իշխանությունները հաջողեն մեկի հանդեպ ճնշումների մեջ, հետո այն տարածվելու է մյուսների նկատմամբ։

Կարեւոր եմ համարում այս հարցերի ամենօրյա մոնիթորինգը եւ ահազանգումը ինչպես մեր հանրությանը, այնպես էլ՝ միջազգային կազմակերպություններին։

Անհրաժեշտ է մշտական կապ իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Հնարավորության դեպքում, կարծում եմ կարելի է ստեղծել օպերատիվ փաստաբանական խումբ, որը կզբաղվի այս հարցերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930