Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ինչ ջիգյար եք կերել, որ ուզում եք վերակենդանանալ». Սասուն Միքայելյանը`«նախկիններին» (Տեսանյութ)

Հունիս 16,2019 14:40

«Մեր ժողովուրդը խելոք է, իմաստուն եւ ունի լավ հիշողություն, նա երբեք էլ թույլ չի տա իշխանության բռնազավթում, որը դուք կատարել եք ձեր իշխանության օրոք»,- այսօր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, իր ելույթից հետո, հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ձեզ` նախորդներիդ, եւս մեկ անգամ հիշեցնում եւ զգուշացնում ենք, որ ձեր իշխանության օրոք է եղել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը եւ այլ ոճրագործություններ:

Դրանց պատասխանատուն դուք եք: Ձեր իշխանության օրոք էր, որ հայի ձեռքով հայի արյուն թափվեց, դուք այսօր ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք, մեր առողջ եւ ողջամիտ դատող ժողովրդին, դուք ձգտեցիք նսեմացնել ազատամարտը եւ ստեղծեցիք մի բանդա, որը բռնությամբ համարեցիք իշխանություն, եւ հիմա էլ այդ թալանով ուզում եք վերակենդանանալ, էդ ինչ ջիգյար եք կերել: Ձեր վերակենդանանալը կարող է ունենալ միայն մեկ նպատակ վերջնականապես վերացնել ու հողին հանձնել սեփական ժողովրդին, ձեր այսօր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման, որի արդյունքում համոզված եմ, որ տուժողը լինելու եք դուք: Բայց մենք, որ հիմք ենք դրել ժողովրդավարությանը, դա թույլ չենք տա: Ի սեր Աստծու սսկվեք խաղաղությամբ եւ մեղքերի թողություն խնդրեք, եւ իհարկե ձեզ կների Աստված»,- ասաց նա:

Մինչ այդ, նա ասաց. «Համատարած ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսների կիրառման պայմաններում անցկացված 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը, հանդիսանալով մեր կուսակցության նորամուտը, բուն քաղաքական պայքարին կարելի է գնահատել բավարար, քանի որ որքան էլ մեզ չհաջողվեց ժողովրդին համոզել չտրվել ընտրակաշառքի գայթակղությանը, չվաճառել սեփական երեխայի ապագան, այնուամենայնիվ մեզ հաջողվեց ունենալ թեկուզ փոքրաթիվ ներկայություն խորհրդարանում, ինչ հետագա գործընթացների համար առանցքային նշանակություն ունեցավ»:

Ըստ նրա, նախկին իշխանություններին թվացել էր, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում, սակայն սխալվել են: Ժողովրդի հաղթանակն ապահովելու հարցում նա դրվատանքի խոսքեր ասաց Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Սասուն Միքայելյանի ելույթը հաջորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ուշագրավ է, որ Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ, համագումարի մասնակիցներից շատերը լքեցին դահլիճը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930