ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ողջունում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: Այդ մասին, ԱԺ նախագահն ասաց այսօր, ՔՊ համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում: «Կա փաստ, կա վերաբերմունք»,-ասաց նա:
Լրագրողներից մեկը նկատեց` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմն է Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը կարելի է ընկալել իբրեւ Պուտին-Քոչարյան անուղղակի հանդիպում: Արարատ Միրզոյանն ասաց, որ անձական հարաբերություններ աշխարհում շատերը կարող են միմյանց հետ ունենալ, բայց այլ է, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջեւ հարաբերություններին. «Մեր երկու պետությունների միջեւ այս պահին որեւէ անլուծելի, կնճռոտ հարց չկա»:
ԱԺ նախագահը վստահ է, որ Պուտին-Քոչարյան հարաբերությունները երբեք չեն կարող ազդել Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա: Արարատ Միրզոյանը նաեւ ասաց, որ լուրջ չի վերաբերվում այն խոսակցություններին, թե ՌԴ ղեկավարությունը ՀՀ ղեկավարության առաջ պայման է դրել`ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. «Դա քաղաքական չի, լուրջ չի»: Բացի այդ, Արարատ Միրզոյանը համոզված է, որ որեւէ երկրի ղեկավարություն իրեն թույլ չի տա մեկ այլ երկրի ղեկավարության առաջ պայման դնել:
Լրագրողներն անդրադարձան նաեւ այն խոսակցություններին, որ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը ՔՊ-ում զիջել են իրենց դիրքերը: «Դուք էստեղ դիրքեր տեսա՞ք: Դե մամուլն ամեն ինչ էլ գրում է, ես չեմ կարծում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հիմա ինչ-որ դիրքեր կան: Ախր ստերեոտիպերով ենք մտածում, մենք մտածում ենք, որ իշխանական կուսակցությունում, անպայման, պետք է լինեն ինչ-որ դիրքեր, առանձին իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ, ՔՊ-ում կուսակցությունում էդպիսի բան չկա»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ