Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը` հին համակարգի «բոմժի» կարգավիճակում հայտնվելու մասին (Տեսանյութ)

Հունիս 16,2019 12:52

«Ֆեյքերի եւ յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղերը ներառելու դեպքում նոր բացված աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ»,- այսօր, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համագումարում կիսահեգնական նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադառնում էր «100 փաստ Հայաստանի մասին» գրքույկում ներկայացված վիճակագրությունը: Ըստ այդմ, անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա մայիսը Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ: «Իհարկե, այդ աշխատատեղերից մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, փոքր մասը նոր ստեղծված աշխատատեղ, բայց երեկ մի զեկույց կարդացի եւ հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար, եւ յութուբում դիսլայք դնելու համար: Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին»,- ասաց նա` հավելելով. «Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն եւ համոզված եղեք` մենք բավարար կամք եւ քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի եւ դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն եւ նրանք բառիս բուն իմաստով, կներեք իրենք են սիրում էդ բառը, հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողովում նախատեսվում է փակ վարկանիշային քվեարկությամբ կուսակցության վարչության նոր կազմի ընտրություն: Առաջադրված է 51 թեկնածու: Առավել ձայն հավաքած 21-ը կձեւավորեն կուսակցության վարչության կազմը: Վարչության նախագահին ու փոխնախագահին հաստատելու է համաժողովը: ՔՊ վարչության ղեկավար Սասուն Միքայելյանը եւ ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իրենց թեկնածությունները չեն առաջադրել:

Նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն, 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու: Նախատեսվում են նաև փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ կուսակցության պատմությանը` հիմնադրման օրից: «Գաղափարական շրջադարձային փոփոխության համար մենք ահռելի հարձակման թիրախ դարձանք: Մենք 20 տարի քննադատել էինք իշխանությանը, բայց դրանից ոչինչ չէր փոխվում եւ մտածեցինք, գուցե արդեն ժամանակն է մտածել, թե ընդդիմությունն ի՞նչը այն չի անում: Մեզ համարում էին ծախված, կեղծ ընդդիմություն: Սխալվելը կարող է լինել անգամ մի բան չտեսնելը կամ չնկատելը: Մեր նպատակն ամեն անհատի վարքագծի փոփոխությունն էր»,-ասաց վարչապետը:

Առաջիկա նպատակների մասին էլ ասաց. «Մեր նպատակն է առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը կրկնապատկել, դա ամրագրված է նաեւ մեր ծրագրի 4 կետում: Երբեմն հարցնում են, թե երբվանից պետք է հաշվել ծրագրի մեկնարկը, նշում են, որ իրատեսական չէ այդ թիվը: Եթե առաջիկա 20 տարում մեր բնակչությունը ոչ թե 100, այլ 87 տոկոսով աճի, չեմ կարծում, որ դա կհամարվի ձախողում կամ մենք դրանից դժբախտ կզգանք: Մեր նպատակը այն է, որ Հայաստանում բնակչության թվի անկման միտումը փոխարինվի աճի միտումով՝ ներգաղթով կամ ծնելիության աճով:Մեր գաղափարախոսության մասնիկն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բայց պետք է կարողանա իր տաղանդն իրացնել, որը կօգնի ոչ միայն մարդուն, այլեւ պետությանը: Մենք խրախուսում ենք անհատական ջանքն ու աշխատանքը: Մենք փոխում ենք ստանդարտ գաղափարախոսությունը, ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»:

«Ոմանք փորձում են վերակենդանացնել բռնության ենթամշակույթը՝ մեզ մեղադրելով մեղմության մեջ, մեր բարեկրթությունը որպես թուլություն մեկնաբանելով, բայց այս մասին ասված է նաև մեր կուսակցության ծրագրի մեջ, որտեղ ընդգծվում է ինքնապաշտպանվելու հանրության իրավունքը: Այո, հանրությունն ինքն իրեն բռնությունից պաշտպանելու իրավունք ունի և այդ պաշտպանության լիարժեք գործիքը պետք է դառնան իրավապահ մարմինները, քրեական օրենսգիրքը, անկախ դատարանները: Անկախ դատարաններ սկսելու գործընթացը մենք սկսել ենք և որևէ կասկած չլինի, որ հասցնելու ենք մինչև վերջ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ կուսակցության խնդիրն է լինելու համակարգված եւ ամբողջական մասնակցել 2021 թվականի տեղական ինքնակառավարման, ապա հերթական խորհրդարանական ընտրություններին:

 

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930