Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը՝ բուհի հնարավոր լուծարման ու  նախարարի ընկերոջը՝ իր զարմիկին ռեկտոր նշանակելու մասին

Հունիս 16,2019 00:14

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում բուհի կամ լուծարման կամ միավորումների մասին հայտարարության շուրջ մեզ հետ զրույցում իր կարծիքն է հայտնել նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

Համալսարանի մի քանի աշխատակիցներ մեզ հետ զրույցում քննադատել են նաև նրան՝ մեղադրելով, որ չի կարողանում նորմալ կառավարել բուհը։ Բացի այդ, խոսվում է նաև այն մասին, որ Երվանդ Սերոբյանը նախարարի մոտ ընկերոջ քեռին է, և որ  բուհը լուծարում են ռեկտորի ժ/պ-ի զարմիկին միավորված բուհերի ռեկտոր նշանակելու հատուկ նպատակով։ Այդ պատճառով էլ, մեզ հետ զրուցած աշխատակիցների ասելով, նախարարին թյուր, ոչ ազնիվ տեղեկություններ են հաղորդվում բուհի ներկա վիճակի մասին։ Այս հարցերի շուրջ ևս պարզաբանում ենք ստացել պարոն Սերոբյանից։

Ռեկտորի ժ/պ-ն աշխատակիցների բուռն արձագանքը, զայրույթը բուհի հնարավոր լուծարման մասին բնական է համարում։

«Կա բնական արձագանք, ցանկացած հիմնարկություն, որի մասին խոսեն, թե հնարավոր է լուծարվի, կամ հնարավոր է միավորվի, բնական է՝ բոլոր աշխատակիցները կանհանգստանան։ Բոլորիս մոտ կա այդ անհանգստությունը, «ս» տառը շեշտում եմ, բոլորիս»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Սակայն, ըստ նրա, ավելի մոտ լինելով իրադարձություններին ու հաճախ շփվելով նախարարի, փոխնախարարի, նախարարության աշխատակիցների հետ՝ այս հարցին այլ տեսանկյունից է նայում․ օրակարգում քննարկվող նման հարց չկա, նախարարը «եթե-«ով է խոսում։

«Բնական է՝ եթե ինչ-որ խնդիրներ չլուծվեն, հաստատ լինելու են տարբեր լուծումների տարբերակներ, նախարարը թվարկել է այդ տարբերակներից երկուսը, կարող է երեքը թվարկեք, չորսը թվարկեք, չեմ ուզում մեկնաբանել նախարարի խոսքը, բայց այնտեղ խոսք է գնում մի մոտեցման մասին, որը 15 տարի, 20 տարի մեր քաղաքում, մեր մարզում գործածվում է՝ բուհերի միավորման հարցն է։ Այդտեղ կան տարբեր ճանապարհներ, եթե կա նպատակ միավորման, օրինակ եմ բերում, չմտածեք ջատագով եմ, եկեք միավորում չասեմ, եթե ինչ-որ գործողություն  կատարվի ուսման որակի, կրթության որակի, մեր քաղաքում ուսանողության թվաքանակի աճի, չարժե՞ անել, իհարկե, արժի անել։ Բայց նախարարի խոսքը՝  եթե հանկարծ շարունակվի վատ իրավիճակ և այլն․․․ Ես չէի ուզի ահռելի մեծ աժիոտաժ բարձրանա, ես ինքս դրան շատ սառն եմ  վերաբերում, քննարկվում է տարբերակներից մեկը, գործողության որևէ ծրագիր, միտում այդ քայլերն անելու, այս պահին գոյություն չունի», -ասաց Երվանդ Սերոբյանը։

Ռեկտորի ժ/պ-ն հավաստիացնում է, որ բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալացել է, և որ նախարարի խոսքը մեկ տարի առաջվա դեպքերի մասին։ Ըստ Երվանդ Սերոբյանի, 400-500 աշխատակիցներ ունեցող բուհում, բնականաբար, կլինեն անհամաձայնություններ, անձնական որոշակի խնդիրներ, ինչպես ցանկացած հիմնարկում, սակայն դրանք միշտ էլ ծագելու են ու միշտ էլ  լուծվելու են։

Մեր հարցին՝ եթե նախարարն այս պահին այցելի բուհ, կտեսնի՞ այն խայտառակ իրավիճակը, որի մասին խոսում է, մեր զրուցակիցն ասաց․ «Այն իրավիճակը, ինչ ունեինք մեկ տարի առաջ, ես ավելի քան համոզված եմ, չի տեսնի, որովհետև ինչ-որ բան տեսնելու համար այդ բանը պիտի գոյություն ունենա։ Ունենք խնդիրներ, ունենք բողոքներ, եկեք չմոռանանք երկրում իսկապես իրավիճա՞կ է փոխվել, երբ դուք շփվում եք մարդկանց հետ, ցանկացած մարդ ցանկացած պահի ասում է՝ ես կբողոքեմ, ես կգրեմ էստեղ։ Նախարարություն էլ բողոքներ լինում են, ինչպես լինում են ցանկացած հիմնարկությունից, այդ ամենը կա։ Պրոբլեմներ կան, որոնք պիտի լուծվեն, պրոբլեմներ կան, որոնք ծանր են լուծվում»։

Հարցին՝ ձեր հասցեին ևս հնչում են մեղադրանքներ, որ մեկ տարի ՝ ժամանակավոր պաշտոնակատար եք, բայց չեք կարողանում իրավիճակը նորմալացնել, Երվանդ Սերոբյանն ասաց․ «Այո, ես այդ մեղադրանքները հաճախ լսում եմ, հատկապես մի փոքր խումբ հնչեցնում է ՝ շեշտադրված, անձնավորված հանրային հարթակում, ավելին,  ես նախարարի ընկերոջ քեռին եմ, ես իմ զարմիկներից որևէ մեկից երբեք չեմ հրաժարվում, բոլորով հպարտանում եմ։ Այն ժամանակ, երբ ինձ նշանակել են ռեկտորի պարտականությունները կատարող, խոսքը 2018 թվականի մայիսի 15-ի մասին է, նախարարն ընդհանրապես չի գիտեցել՝ ես ով եմ։ Սա առաջին, երկրորդ՝ ինձ ի պաշտոնե են նշանակել։ Երրորդ՝ սկզբում եղել եմ պարտականություններ կատարող, հետո ժամանակավոր պաշտոնակատար»։ Նա նաև հիշեցնում է, որ երկու անգամ հրաժարական է ներկայացրել։

Ըստ նրա, Շիրակի պետական համալսարանում ազատ խոսք կա, ով ուզում ազատ արտահայտվում է, քննադատում է ու երբեք ճնշման չի ենթարկվում իր կողմից։

«Մեղադրել, պիտի մեղադրեն, բայց պիտի ասեմ անկեղծորեն, բերեք համեմատենք ուղիղ մեկ տարի առաջվա իրավիճակն այսօրվա հետ․ ուզում եմ իմանալ՝ ի՞նչ չեմ կարողացել անել․ ուսումնական պրոցեսն անխափան  գործում է, երբ ես եկել եմ, արդեն այդ պահին, հենց նույն ամառը ես ստիպված եմ եղել վարկ վերցնելու։ Իմիջիայլոց, ասեմ՝ անձնական գույքը գրավ դնելով, կարող եք հաշվապահությունից իմանալ, որպեսզի ես կարողանամ արձակուրդայինների ժամանակ պետության հարկերը-տուրքերը տալ։ Փառք Աստծո, այսօր աշխատավարձի մի կոպեկի պարտք չունենք։ Հարկերի, տուքերի պարտք չունենք։ Պատրաստվում ենք տալ և՛ աշխատավարձը, և՛ արձակուրդայինը»,- ասաց Երվանդ Սերոբյանը։

Մեր զրուցակիցն ասում է, որ Շիրակի պետական համալսարանը չի կարող լուծարվել։

«Նախարարի մոտ էլ եմ իմ կարծիքը հայտնել, հիմա էլ եմ հնչեցնում՝ Շիրակի պետական համալսարանը ստրատեգիական նշանակություն ունի մեր երկրի համար, ոչ միայն կրթական առումով, բերեք վերացնենք Շիրակի պետական համալսարանը, հաստատ չի լինելու այդ բանը, դուք պատկերացնո՞ւմ եք ինչի է վերածվում Գյումրին 15-20 տարի հետո, ծերանոցի», ասում է ռեկտորի ժ/պ-ն։

Ի դեպ, Երվանդ Սերոբյանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, հատկապես քաղաքագետ Գագիկ Համբարյանի մեկնաբանություններին, թե ինքը մտածված գործում է, որպեսզի իր բարեկամը դառնա ռեկտոր։ «Եղբայր, եթե  ուզեն ինչ-որ մեկին, չակերտներով ասած՝ իրենց մարդուն նշանակեն, ի՞նչը կխանգարեր մինչև այսօր անելուն, պիտի անպայման միավորե՞ն, լուծարե՞ն․․․»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Համբարյան says:

    Զարմացած եմ պարոն Սերոբյանի մեկնաբանությունից…Ո՞վ է նրան ասել,որ ես իր զարմիկի անունը երբևէ տվել եմ՝որպես ռեկտորի թեկնածու…Դա ապատեղեկատվություն է և այսուհետ իմ անունից չփորձեք կեղծիքներ տարածել և այն մեկնաբանել…Որևէ հարթակում երբևէ նրա անունը չեմ տվել,դա հենց Դուք եք տալիս այս հարցազրույցում և վերագրում եք ինձ…
    Ձեր վատ կառավարման վերաբերյալ ապացույցը՝վերջին գիտխորհրդի կոչն է,որտեղ Ձեր գործնեությունը բացասական է գնահատվել և այն ընդունվել է գիտխորհրդի անդամների պարզ մեծամասնության կողմից…Դե եթե դա Ձեզ համար փոքր խումբ է՝ուրեմն դա Ձեր խնդիրն է…Ի դեպ, դեմ են քվեարկել երեքը,որից մեկը Դուք եք…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930