Առիթ ունեցել եմ ներկայացնելու ծնեբեկով եւ կիտրոնով ռիզոտոն՝ առանց չափազանցության՝ համեղագույն մի ուտեստ: Այսօր կներկայացնեմ պորտոբելո սնկով ռիզոտոն: Կարող եք վերցնել նաեւ շամպինյոն տեսակի սունկ, համային առումով գրեթե չի տարբերվի՝ նույնքան համեղ կլինի, ուղղակի պորտոբելոյով ավելի գեղեցիկ է նայվում:
Անհրաժեշտ մթերքները
Պորտոբելո տեսակի սունկ- 0,5 կգ
Սոխ- 1 գլուխ (ցանկալի է ոչ կարմիր տեսակի)
Կարդացեք նաև
Պրաս սոխ- 6-7 սմ-անոց կտոր
Թարմ կանաչ, կծու պղպեղ- կես հատ
Բուսական յուղ- 5 ճաշի գդալ
Կարագ- 50 գրամ
Ռիզոտոյի համար նախատեսված «արբորիո» տեսակի բրինձ- 300-400 գրամ
Սպիտակ չոր գինի- 100 մլ
Բանջարեղենի կամ սնկի արգանակ -600 – 700 մլ
Պարմեզան տեսակի քերած պանիր- 50 գրամ
Աղ, սեւ պղպեղ, չորացրած եւ թարմ կանաչիներ՝ ըստ ճաշակի
Ձիթայուղում պահածոյացված չորացրած լոլիկ– 5-6 հատիկ (պարտադիր չէ)
Պատրաստման եղանակը
Սունկը, սոխը, թարմ կծու պղպեղը մաքրել, լավ լվանալ, կտրատել:
Թավայի մեջ տաքացնել բուսայուղն ու կարագը, ավելացնել սոխը, երկու- երեք րոպեից՝ պղպեղը, ապա՝ սնկերը:
Թողեք տապակվի մոտ 10 րոպե, պարբերաբար խառնեք: Ավելացրեք բրինձը, լավ խառնեք, թողեք մի քանի րոպե, որպեսզի բրինձն իր մեջ քաշի բանջարեղենի եւ յուղի համերը, ավելացրեք լոլիկները՝ ձիթայուղի հետ միասին, համեմունքներն ու չորացրած կանաչիները:
Ավելացրեք սպիտակ գինին, սպասեք մինչեւ բրինձը «կխմի» ողջ գինին, ապա շերեփ առ շերեփ ավելացրեք արգանակը: Ամեն շերեփն ավելացնելուց հետո սպասեք մինչեւ ամբողջությամբ հեղուկը կներքաշվի, հետո ավելացրեք հաջորդ շերեփը: Այդպես՝ 4-5 անգամ, մինչեւ ողջ արգանակը ներծծվի: Վերջին շերեփն ավելացնելուց անմիջապես հետո ավելացրեք նաեւ կտրատած թարմ կանաչին ու քերած պարմեզանը եւ անջատեք, թողեք 3-4 րոպե, եւ մատուցեք:
Մատուցելիս վրան մի փոքր ձիթայուղ ցողեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ