«Բարգավաճ Հայաստանն» ընդդիմադիր ելույթներ է ունենում: «Լուսավոր Հայաստանը»՝ առավել եւս: Դաշնակցությունն էլ հանրահավաք է անում՝ դարձյալ ընդդիմադիր կեցվածքով: Կարճ ասած՝. ամեն ինչ խառնվել է իրար: Շունը տիրոջը չի ճանաչում: Չնայած… Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ցույց տվեց, որ շունը տիրոջը լավ էլ ճանաչում է: Քոչարյանն իր խափանման միջոցի փոփոխության մասին խոսելիս հայտարարում էր, որ եթե իր խափանման միջոցը փոխվի, ինքը Հայաստանից ոչ մի տեղ չի փախչի:
Հիմա պարզ է դառնում, որ երկրորդ նախագահի՝ Հայաստանում մնալը Հայաստանի համար առավել վտանգավոր է, քան՝ եթե ինքը Հայաստանից որեւէ տեղ փախչեր: Ասենք՝ որեւէ օֆշորային գոտի կամ աֆրիկյան երկիր: Որսի: Նկատի ունենք, որ Քոչարյանը նույնպես ընդդիմադիր շարժում սկսելու տրամադրություններով է համակված: Դաշնակցության հանրահավաքը նրան լրացուցիչ հույսեր տվեց: Հիմա ինքը ակտիվ հանդիպումներ է անցկացնում հակահեղափոխական ուժերի ու գործիչների հետ:
Ամեն ինչից զգացվում է, որ Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում լարված պայքար է սպասվում: Կարծիքներ կան, որ այդ ընտրություններին կարող են մասնակցել ոչ միայն Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը եւ ուրիշներ, այլեւ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն Նոր Հայաստանի իշխանությունների դեմ նյութվող պայքարում կարող են համագործակցել, այլեւ կարող են դառնալ մրցակիցներ: Ամեն ինչ է հնարավոր: Չի բացառվում եւ շատ հավանական է, որ Արցախի նախագահի ընտրություններին մասնակցի նաեւ Նոր Հայաստանի իշխանություններին հարող եւ անձամբ վարչապետ Փաշինյանին համակրող որեւէ մեկը: Արցախից, իհարկե:
Այսինքն, իսկապես հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանից «չփախչելն» ու Հայաստանում մնալը Հայաստանում ու Արցախում միանգամայն նոր ու միանգամայն բարդ իրավիճակների պատճառ դառնա:
Կարդացեք նաև
Էս ասածներս, իհարկե, ընդամենը ենթադրություններ են, եւ ոչ ոք ավելի ստույգ որեւէ բան չի կարող կանխատեսել, եւ, ընդհակառակը, ուրիշ շատ տարբերակներ կարելի է կանխատեսել, որովհետեւ հիմա, հետհեղափոխական Նոր Հայաստանում եւ Հայաստանից կախված նաեւ Արցախում է ամեն ինչ հնարավոր, եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքով էլ է Արցախում հեղափոխություն հնարավոր, եւ շատերն են Փաշինյանի հետ համակարծիք, որովհետեւ այս ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ Քոչարյանի առումով Արցախում էլ ոչ բոլորն են Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ համակարծիք, եւ չնայած բոլորս ենք հասկանում, որ Արցախում հեղափոխությունը ցանկալի չէ, բայցեւ ակնհայտ է, որ Արցախում էլ շատերն արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են զգում:
Չնայած շատերն են հասկանում, որ թե Հայաստանում եւ թե՚ մանավանդ Արցախում հեղափոխական լարվածությունը հատկապես Ադրբեջանին ու ադրբեջանցիներին է ձեռնտու, բայց Հայաստանում հեղափոխականների ու հակահեղափոխականների միջեւ լարվածությունն ու փոխադարձ անհանդուրժողականությունը հասել է այն աստիճանի, որ քչերն են այլեւս կողմերի միջեւ «թավշյա» հարաբերությունները հնարավոր համարում:
Արցախի նախագահի առաջիկա ընտրությունը չափազանց ու հավասարապես կարեւոր է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար: Ցանկալի է, որ ընտրվելիք նախագահը ձգտի եւ հաջողացնի իդեալական ու ներդաշնակ հարաբերություններ ապահովել Արցախի ու Հայաստանի իշխանությունների համար: Ցանկալի է, որ ընտրվելիք նախագահը ձգտի եւ հաջողացնի իդեալական ու ներդաշնակ հարաբերություններ ապահովել Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջեւ: Այլապես դժվար է պատկերացնել հայկական մեր երկու երկրների իշխանությունների փոխշահավետ համագործակցությունը, որն ավելի քան անհրաժեշտ է եւ հատկապես ու առանձնապես այսօր ու այս պահին է անհրաժեշտ:
Եվ հատկապես ու առանձնապես այսօր ու այս պահին է բարդ, որովհետեւ Ղարաբաղի անկախացումից հետո՝ առ այսօր երբեւէ Ղարաբաղում հեղափոխության հնարավորության մասին որեւէ մեկը չէր կարող ենթադրություն անել, մինչդեռ այսօր շատերն են դա հնարավոր համարում, չնայած բոլորը հասկանում են, որ դա հատկապես ու առանձնապես Ադրբեջանին ու ադրբեջանցիներին է ձեռնտու, եւ այս հարցում մենք երեւի Ադրբեջանից ու ադրբեջանցիներից պիտի օրինակ վերցնենք. Ադրբեջանում ներքին հեղափոխության լիքը դրդապատճառներ կան, բայց Ադրբեջանի քաղաքական ուժերն ու Ադրբեջանի ընդդիմությունն ամեն կերպ զսպում են իրենց, հասկանալով, որ Ադրբեջանում տեղի ունենալիք հեղափոխությունից հիմնավորապես կշահեն Ղարաբաղն ու Հայաստանը: Բայց, բարեբախտաբար, Ադրբեջանն ու ադրբեջանցիներն առավել անհեթեթություններ են հանդես բերում, որոնք, փաստորեն, մեր շահերից են բխում: Հենց թեկուզ Հենրիկ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք ֆուտբոլային եզրափակիչ հանդիպմանը չմեկնելու կապակցությամբ:
Փոխանակ Ադրբեջանը հայտարարությամբ հանդես գար եւ հայտարարեր, որ Մխիթարյանի մասնակցության դեպքում երաշխավորում է հայ ֆուտբոլիստի անվտանգությունը, սկզբում ոչ միայն լռություն պահպանեց, այլեւ ոստիկանական ուժերի հատուկ ուշադրությանն արժանացրեց այդ օրերին Մխիթարյանի անվամբ մարզաշապիկով Բաքվում շրջող ֆուտբոլասերներին՝ դրանով Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելը դարձնելով միջազգային մասշտաբի հակաադրբեջանական լուրջ իրադարձություն: Եվ միայն եզրափակիչ խաղի նախօրերին, երբ արդեն Մխիթարյանի՝ Բաքու մեկնելը տեխնիկապես անհնարին էր, Ադրբեջանը հայտարարեց, որ երաշխավորում է հայ ֆուտբոլիստի անվտանգությունը:
Ասում ենք, որ Արցախում քաղաքական սրացումները ցանկալի չեն, բայց մեզանում ոչ բոլորն են այդ կարծիքին: Օրինակ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն արտահայտելով Արցախ կատարած իրենց ավտոերթից իր ստացած տպավորությունը, հայտարարեց, որ Արցախի բնակչության մեծամասնությունը տենչում է, որ րոպե առաջ «Երեւանյան ռեժիմի մնացորդ Ստեփանակերտյան ռեժիմի մնացորդները հեռանան»:
Եթե նույնիսկ Վարուժան Ավետիսյանի տպավորությունը ճիշտ է, ցանկալի է, որ «Ստեփանակերտյան ռեժիմի մնացորդների» հեռացումը տեղի ունենա ոչ թե հեղափոխության, այլ ազատ ու արդար ընտրությունների միջոցով: Դրա հնարավորությունը կա, եւ հարկավոր է այդ հնարավորությունն օգտագործել, եւ եթե Արցախում իսկապես ազատ ու արդար ընտրություններ տեղի ունենան, էդ իմաստով էլ Արցախն Ադրբեջանի նկատմամբ առավելություն ձեռք կբերի, եւ միջազգային կառույցների ու ժողովրդավարական երկրների կողմից իրապես ժողովրդավարական Արցախի ճանաչումը կարող է համատարած բնույթ կրել:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ,
14.06.2019