Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք պղտորում մարդկանց հոգիները, պարոն նախարար»․ ճանաչված  հայագետը՝ Արայիկ Հարությունյանին

Հունիս 15,2019 23:33

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Շիրակի պետական համալսարանը գտնվում է բարոյահոգեբանական շատ վատ վիճակում, այստեղ զրո ակադեմիզմ է, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով, եթե  իրավիճակը  շարունակվի այսպես,  հարց կդնեն բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, արձագանքել է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Հայրապետյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է բուհի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Ճանաչված հայագետը նախարարին ուղղված իր նամակը վերնագրել է․ «ԹՈՒՂԹ ԱՌ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
կամ գլխացավը բուժելու ամենադյուրին ձևը գլուխը կտրելն է»:

Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջապես․

«Նախարար Ա.Հարությունյանի հերթական անզգույշ հայտարարությունը, այս անգամ Շիրակի 85-ամյա մայր բուհը` պետհամալսարանը /նախկին մանկավարժականը/ իբր թե լուծարելու տեսլականի հնարավորության մասին, տարակուսանքի ու զայրույթի ալիք է բարձրացրել համալսարանում և պարզաբանումների անհրաժեշտություն է ծնել:

Պրոֆեսորա-դասախոսական հանրույթի բազմաթիվ անդամներ կուզենային իմանալ նախարարից`
Նախ Ձեր կարծիքն առ այն, թե «Շիրակի պետական համալսարանը … գտնվում է բարոյահոգեբանական շատ վատ վիճակում»: Համաձայնեք, հնչում է որպես վերին ճշմարտություն, ապացուցված սարսափելի մեղադրանք, որին հաջորդում է անաչառ դատավորի վերդիկտը. «և եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների»:

Ինչո՞ւ եք պղտորում մարդկանց հոգիները, պարոն նախարար, ինչու եք «զրո ակադեմիզմ»-ով պիտակավորում բազմաթիվ արժանապատիվ գիտնական դասախոսների այն մեծ հանրույթը, որ շուրջ 90 տարիների հոյակապ ավանդույթներ ունի, այն բուհը, որ Աղետին իր հարյուրավոր զոհերով, ավերակված մասնաշենքերով հանդերձ, մի օր անգամ չդադարեցրեց իր կենսագործունեությունը, չլքեց Գյումրին, որովհետև գիտեր, որ Գյումրին առանց իր մանկավարժականի և մանկավարժականն առանց իր Գյումրու հնարավոր չէ պատկերացնել: Դուք բարբառում եք այդ բուհի ներկայի «զրո ակադեմիզմ»-ի մասին: Իսկ դուք գիտեք ինչ է «Աղետի ակադեմիզմ»-ը, չգիտեք, չեք տեսել, մենք այն ապրել ենք տարիներով, ապրել ենք տնազուրկ մտավորականների մի միասնական ու հզոր ընտանիքով, ցուրտ վրանների մեջ, կիսավեր շինությունները լսարանների հարմարեցնելով… հանուն մեր բուհի, ուրեմն և` հանուն մեր գոյության: Հիմա ծանր է հիշելը, Ուղղակի ուզում եմ ասել, որ միմյանց սիրելու, խնայելու, բուհի անունը բարձր պահելու, համախումբ լինելու հիմքերն այս բուհում միշտ են եղել և հիմա էլ անհամեմատ ամուր են, քան երևանյան ուզածդ բուհում:

Դասախոսական հանրույթն ապրում և աշխատում է բնականոն ընթացքով, նորմալ գործում են ամբիոններն ու ֆակուլտետները:, հաջողությամբ ավարտվեց հերթական ավարտական գործընթացը, սկսվում է ամառային քննաշրջանը: Հետևաբար խնդրում ենք Ձեզ` դադարեք ականջալուր լինել այն «բողոքավորներին», որոնք, ինչպես իրավամբ Դուք եք նկատել, «առաջնորդվում են իրենց շահերով»:

Մեկ տարվա վաղեմություն ունեցող Ձեր երկու հպանցիկ հանդիպումները բուհում մի քանի անհաշտ անձանց հետ, կամ Ձեր աշխատասենյակի դուռը ծեծող մի քանիսի առկայությունը, կարծում եմ, բավարար հիմքեր չեն բուհի բարի անունը ցեխին հավասարեցնելու, ողջ հանրապետությունով մեկ բուհին «զրո ակադեմիզմով» պիտակավորելու, բարոյահոգեբանական իբր թե շատ ծանր վիճակի պատճառով լուծարման տանելու համար:

Այստեղ են ասել` գլխացավը բուժելու ամենադյուրին ձևը գլուխը կտրելն է:
Վերջին հաշվով, պարոն նախարար, որ բուհում հակասություններ չկան, իհարկե կան, նույնիսկ` ավելի խոշոր, առավել սկզբունքային: Սակայն ի պատիվ շատ ռեկտորների պիտի ասել, որ դրանք հիմնականում լուծումներ են ստանում բուհերում, մինչդեռ ՇՊՀ-ում ռեկտորի հրաժարականից հետո Ձեր իսկ հրամանով նշանակված ԺՊ-ն իր անձնային հատկանիշներով բոլորովին այն մարդը չէ, որ կարողանար հանգցնել հակադիր անհատների միջև հաճախ նաև դրսից բորբոքվող պայքարի կրակը: Ավելին, ինչքան թեժ լինի կրակը, այնքան հնարավորինս կերկարի ԺՊ մնալու և իր անգործության դիմաց հսկայական աշխատավարձ ստանալու նրա հնարավորությունը: Մանավանդ որ նման հոգաբարձուների խորհրդի /հիշեցնում եմ` հոգաբարձու, ասել է թե` հոգս վերցնող, հոգացող/ «շնորհիվ», ինչպես դառնորեն ծիծաղում են բուհում, մենք հազիվ թե երբևէ ռեկտոր ունենանք: Ուրեմն, ինչպես կասեր դասականը` «Կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է բռնում»:

Պարոն նախարար, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ռեկտոր ունենալ ազնիվ, համարձակ, նախաձեռնող, ուժեղ մարդու` շիտակ ու գիտակ մեկին, որ բոլորի հետ կհաստատի գործնական և աշխատանքային նորմալ հարաբերություններ, կհանգստացնի, նաև կսանձի տաքգլուխներին, կամրակայի արդեն խաղաղված բարոյահոգեբանական մթնոլորտը և ոչ թե իր աշխատակիցների հոգսից «յախեն ազատելու համար» ամեն բողոքավորի /իսկ այդպիսիներն այսօր ամեն տեղ էլ շատ են/ կհորդորի բախել նախարարության դռները` ամեն կերպ նպաստելով բուհի 400-հոգիանոց հանրույթի մասին հանրապետության պատկան մարմիններում ու տեղեկատվական տարբեր հարթակներում թյուր, աղճատված, իրականությանը չհամապատասխանող պատկերացման հնարավորինս երկար պահպանմանը: Սա է պատճառը, որ ոչ միայն նախարարը, այլև Շիրակից ընտրված ԱԺ-ի իշխանական խմբակցության ջահել պատգամավորուհին պառլամենտական հարթակից ի լուր ամենեցուն աներկբա հայտարարում են․ «ՇՊՀ-ում խայտառակություն է » /որակումն իրենցն է- Ս․Հ․/:

Հ.Գ. Ի դեպ չար լեզուները բանահյուսում են, թե 85-ամյա բուհն անվանարկելով` լուծարման են տանում, որպեսզի նրա ավերակների վրա /հեռու, հեռու իրենից/ նորը բարձրացնեն` հպարտ ու երջանիկ հանրույթով և ամենակարևորը` իրենց ռեկտորով: Առայժմ կապրենք` կտեսնենք… Իսկ իբրև վերջաբան` պարզաբանեմ. Շիրակի պետական համալսարանը եղել և մնալու է հանրապետության հին ու ամենահեղինակավոր բուհերից մեկը, և ոչ մեկին խորհուրդ չէի տա ինքնախաբվել: ՇՊՀ-ն որբի գլուխ չէ, որին ով ուզենա, երբ ուզենա, կարող է խփել ու անցնել:
Մենք, պարոն նախարար, անկեղծորեն կուզենայինք ողջ հանրույթով հանդիպել Ձեզ հետ:

Հարգանքով` բազմաթիվ գործընկերներիս և իմ անունից` Սերգո ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930