Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հունիս 15,2019 23:11

ԳԼՈՒԽ 1

Երբ չկան պատասխաններ

Կանցնեն օրեր, և տարիներ կանցնեն, և Մարդը կկանգնի ցավի ու դառնության առջև։ Դա կլինի հետո, երբ անխուսափելիորեն կհասունանա ապրած տարիներն արժևորելու պահանջմունքը, երբ գլուխ կբարձրացնեն անցյալում աննշան թվացող սխալներ՝ դառնալով պատիժ ու դատավճիռ։

Կանցնեն, կանհետանան նպատակներ, որոնք եղան երազների գրկում, բայց մնացին անտեր, քանզի չգտնվեց դրանք իրականացնելու կամքը և ձգտում չգտնվեց։ Քանզի չկար ճշմարիտ իմաստություն, որին մարդը մոտենում է այնժամ, երբ բերանում հատուկենտ ատամներն են նվվում գիշերն ի լույս, երբ ծնկներում բուն դրած դողէրոցքն է գլուխ բարձրացնում, և մարդը գայթում է հանկարծ ու անսպասելի՝ ծերությամբ ծաղրված լինելու ճշմարտությունը հասկանալով։ Նախասահմանված այս ճանապարհին ոտք դնողը երջանիկ վախճան չի ունենում երբեք։ Երբ սկսում են քայլել նորածինները, նրանց օգնում են, երիտասարդները վազում են անհոգ, իսկ զառամյալ մարդկանց հրում են։ Նրանց հրում են ի մահն, իսկ սա յուրօրինակ օգնություն է նույնպես։

Հետո, հրաժեշտի մուգ կարմիր արյունը շուրթերի վրա հայտնաբերելուց հետո, կապիտան Ալեքսանդր Գոմեսը կհասկանա, որ եղել է դաժան ու անհոգի, որ խորտակել է կյանքեր, և հիմա չկա մեկը, ով կարող է նեցուկ լինել իր ավարտվող կյանքում։

Նա կզղջա։

Նա կապաշխարի։

Սակայն ապաշխարող մարդուն անգամ չի տրվում լրացուցիչ օրեր ունենալու հնարավորություն, և նրան չի տրվում սխալներ ուղղելու ժամանակը։  Եվ մարդը, որ գայթում է ոտքերում բուն դրած դողէրոցքի պատճառով, նախ և հետո գայթում է Արարչի առջև։ Ի վերջո ընկնում են բոլորը, սակայն դողէրոցքի ճոճքը ճանաչվում է այնժամ, երբ մարդն ընկճվում է ներքուստ՝

ապագայում հավանական իր անկումը կանխատեսելով։

Մի՞թե Աստված գտնվում է լոկ անկումների մեջ, աղերսների, ապաշխարության կամ հարցականների մեջ։ Ապա ի՞նչ է մահը։ Աստծուն մոտեցնող կամո՞ւրջ, թե՞ մեկ այլ՝ անհայտ ազատություն։

Ահա հենց այս ազատության առջև էր կանգնած կապիտան Ալեքսանդր Գոմեսը։ Հիմա, երբ օրերի պատրույգն էր մարմրում, նա հստակ գիտակցում էր, որ ետդարձի կամուրջները հրկիզված են այլևս, և չկան մարդիկ, ովքեր սիրո պարտքեր կարող էին վճարել։

Այս ամենում  առկա է շատ զարմանալի և շատ տարօրինակ մի ճշմարտություն։ Մարդիկ մերժում են մահվան անհայտ ազատությունը՝ գերադասելով հիվանդ, բայց կենաց կայծը պահպանող օրեր, նախընտրելով չարչարանք, որից գոյության քրտինքն է ծորում, նախապատվելով թերևս հաշմանդամ, բայց արևշատ գոյակցություն։ Մարդիկ սովորաբար չեն ուզում այն կյանքը, որով ապրում են, բայց մարդիկ, այնուամենայնիվ, ցանկանում են ապրել։

Սակայն ճշմարտությունն ընդմիշտ հարաբերական հասկացություն է, քանզի բացարկվում է իր մեջ առկա այլ ճշմարտություններով, որոնք ակնհայտ են մտածող՝ ամբոխից ազատ մարդկանց վարքագծում։

Եվ հիմա, նախասահմանված գոյապայքար մերժելով, իր գոյության մեջ իմաստ էր որոնում Ալեքսանդր Գոմեսը։ Նա կյանք էր կորզել կյանքից՝ նվաճելով օրեր, որոնք, սակայն, ցնցոտիներ հագան ապագայի պարահանդեսում, իսկ աստվածները չընդունեցին նրանց աղքատությունը։

Գալիս է պահը, երբ ճանապարհներ են հատվում շրջապտույտի մեջ, և մարդն անխուսափելիորեն հանգում է մեկ այլ՝ լավագույն ուղի գտնելու գաղափարին։ Եղան մարդիկ, ովքեր ճշմարտություններ վկայեցին ականատեսի իրավունքով, և Ալեքսանդր անունը կրող անձնավորության մասին լեգենդներ հյուսվեցին։ Սակայն չգտնվեց լավագույն ճանապարհը՝ թերևս հենց այն պատճառով, որ մեկ այլ անցուղի գոյություն չուներ այլևս, և կապիտան Ալեքսանդր Գոմեսը մնաց փակուղում՝ հանրահռչակ իր լեգենդով հանդերձ։

Թողնենք Ալեքսանդր Գոմեսին իր տանը, թողնենք նրա փայտաշեն կացարանն ու շարժվենք ժամանակին ընդդեմ, քանզի ժամն է վկայության, և հասունացել է սրտառուչ մի պատմություն շարադրելու անհրաժեշտությունը

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 «Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել