Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ԱՄՆ քաղաքացին նշանակվում է նման պաշտոնի, ՌԴ-ն նրան ընկալելու է որպես ԱՄՆ ներկայացուցչի». Արա Պապյան

Հունիս 15,2019 23:03

«Ինչպես ամեն նշանակում, այս մեկը եւս չի կարելի միանշանակ ընդունել, քանի որ պարունակում է դրական եւ խնդրահարույց կողմեր»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակվելուն, ասաց քաղաքագետ, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը: «Դրական է այն, որ Սինանյանը սփյուռքի մեջ ապրած մարդ է, միաժամանակ՝ ծնվել եւ մեծացել է ՀՀ-ում: Հետեւաբար, երկու կողմին էլ նա կհասկանա: Շատ սփյուռքահայերի համար նման նշանակումն ավելի ցանկալի է: Իսկ բացասականը, որքան էլ տարօրինակ է հնչում, որպես դրական մատնանշածս է»,-ասաց Արա Պապյանը:

Նա վերոնշյալն այսպես բացատրեց. «Զարեհ Սինանյանը, լինելով սփյուռքահայ, կարող է սփյուռքահայ մի թեւի կողմից ավելի ընդունելի լինել, մյուսի կողմից՝ ոչ այնքան: Երբ նման պաշտոնյան լինում է զուտ հայաստանցի, սփյուռքահայերը պատրաստ են լինում նրան ընդունել: Ինչպես իրենք են ասում՝ «հայրենիքեն կուգա», այսինքն՝ հայրենիքի ներկայացուցիչն է: Բայց, լինելով սփյուռքահայ, Սինանյանն արդեն իսկ որոշակի համայնքի ներկայացուցիչ է: Ավելին՝ այստեղ այլ խնդիր կա. նա ԱՄՆ քաղաքացի է: Մենք մոռանում ենք, որ երբ ասում ենք «սփյուռք»՝ դա վերացական հասկացություն է, այն տարբեր երկրների քաղաքացիների համախումբ է՝ Սիրիայի, Իրանի Ռուսաստանի…: Հետեւաբար, երբ ԱՄՆ քաղաքացին նշանակվում է նման պաշտոնի, կարծում եմ, հաշվի առնելով ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները, ռուսահայերի հետ աշխատելիս նա խնդիր է ունենալու հենց Ռուսաստան պետության հետ: Չեմ ասում, թե նա, լինելով ԱՄՆ քաղաքացի, «պրոամերիկյան» է: Շատ ամերիկահայ ընկերներ ունեմ, որոնք «պրոպուտինիստ» են՝ «հակաամերիկացի»: Ես Ռուսաստանի ընկալման մասին եմ ասում: Ռուսաստանն ԱՄՆ քաղաքացուն ընկալելու է որպես ԱՄՆ ներկայացուցչի»:

Արա Պապյանի բնորոշմամբ՝ ընկալման խնդիրներ են լինելու նաեւ Իրանում. «Ամերիկայի քաղաքացին, որքան էլ Իրանում հանդես գա որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, այնուամենայնիվ, խնդիրը կա: Իմիջիայլոց, այս խնդիրը եղել է ժամանակին Վարդան Օսկանյանի հետ, որն ուսում էր առել եւ տարիներ շարունակ ապրել ՀՀ-ում, բայց որոշակի վերաբերմունք կար նրա հանդեպ: Երբ նա դարձավ ՀՀ ԱԳ նախարար, հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից, իսկ այս պարագայում դա չկա, որովհետեւ հանձնակատարի առաջ նման պահանջ չկա: Սինանյանը չէր կարող նշանակվել, օրինակ, Սփյուռքի նախարար, որովհետեւ Սահմանադրությունն արգելում է»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ սփյուռքի հետ հարաբերություններն ավելի շատ վերաբերում են միջպետական ոլորտին. «Սփյուռքահայ գոյություն չունի, գոյություն ունի ԱՄՆ քաղաքացի-հայ, ՌԴ քաղաքացի-հայ…հետեւաբար, հանձնակատարը միջպետական հարաբերությունների փորձ պետք է ունենա, որովհետեւ այս ամենը միջազգային իրավունքի դաշտում է: Պարոն Սինանյանի փորձը, որքան հասկանում եմ, վերաբերում է տեղական ինքնակառավարմանը: Թե որքանով այդ փորձը նրան կօգնի, օրինակ, հարաբերություններ զարգացնել Իրանի հետ…ինչպես էլ անես՝ շփվելու ես պետության հետ: Ամեն հայ համայնք տվյալ պետության մասնիկն է: Չմոռանանք, որ Համահայկական խաղերի ժամանակ խնդիրներ էինք ունենում Իրանի եւ Իսրայելի հայերի թիմերի միջեւ»: Արա Պապյանը հավելեց, որ Զարեհ Սինանյանի մասին դրական կարծիքներ է լսել եւ շատ է ցանկանում, որ նա իր աշխատանքում հաջողի, բայց որոշակի մտահոգություններ կան, որ որոշ երկրների կողմից նման նշանակումը կարող է ճիշտ չընկալվել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930