Ա1+ – ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանն ասաց, որ իր պաշտպանյալը հունիսի 14-ին 15։00-ի սահմաններում է տեղափոխվել «Նաիրի»։
Իսկ թե ինչո՞ւ է տեղափոխվել, պարոն Մկրտչյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղղակի այդպիսի ցուցում էր տվել, որպեսզի ԵԿՄ նախկին նախագահը տեղափոխվի այն հիվանդանոց, որտեղից տարել են իրեն։
«ՄԻԵԴ ուղարկված դիմումի մեջ գրել էինք, որ իր նախընտրած հիվանդանոցից տեղափոխել են իր կամքին հակառակ»,- ընդգծեց նա։ Փաստաբանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ»-ում վերակենդանացման բաժանմունքում էր, և երբ առողջական վիճակը թույլ է տվել տեղափոխել, տեղափոխվել է «Նաիրի»-ի հիվանդասենյակ։
Հարցին, թե ի՞նչ ինտենսիվությամբ է դեղորայք ստանում, նա պատասխանեց, որ գրեթե շուրջօրյա. «Իր վիճակն այնպիսին է, որ ներերակային կաթիլային ներարկման սարքավորումներն անընդհատ միացրած են։ Ինսուլին է ստանում, թթվածնի սարքավորումը անընդհատ միացրած է»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանները բազմիցս նշել էին, որ իրենց պաշտպանյալը չի ցանկանում տեղափոխվել՝ նշելով, որ միայն այնտեղ է հնարավոր կազմակերպել Գրիգորյանին պատշաճ բուժօգնության տրամադրումը։
Սակայն հունիսի 6-ին առողջական վիճակից ելնելով՝ ՔԿՀ-ից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Նույն օրը ՄԻԵԴ-ը հունիսի 6-ի որոշմամբ բավարարել էր Մանվել Գրիգորյանի՝ 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Սույն որոշմամբ դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջել էր հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն և մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Նշենք նաև, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ գեներալ-լեյտենանտը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց հունիսի 6-ին՝ մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը։