ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում հարց կդնեն բուհի կամ լուծարման կամ միավորումների, առաջացրել է բուհի աշխատակիցներից շատերի զայրույթը։ Գիտխորհուրդն արդեն պատասխանել է նախարարին՝ նշելով, որ բուհի մասին իրեն ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է ու ընտրողական, և որ կան ուժեր, որոնք հեռահար հավակնություններ ունեն, այդ պատճառով էլ փորձում են բուհի ճակատագիրը դնել զոհասեղանին։
Աշխատակիցներից շատերը դիմել են Aravot.am-ին՝ խնդրելով իրենց կարծիքն ու մտահոգությունները փոխանցել նախարարին։
Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բուհի հնարավոր լուծարման մասին նախարարի հայտարարությունից հետո ակնհայտ դարձավ, որ համալսարանի անձնակազմը համախմբված է։ Դեկանի հավաստիացմամբ, բուհն ապրում է իր բնականոն կյանքով, բավական մեծ թվով դիմորդներ կան արդեն։ Մեր զրուցակցի բնութագրմամբ, բուհն ունի 85-ամյա պատմություն և այդ էջը ոչնչացնելն ու շուռ տալը կործանարար կլինի Հայաստանի Հյուսիսային տարածաշրջանի համար։
«Այս երկու օրվա ընթացքում՝ նախարարի հնչեցրած խոսքից հետո, ակնհայտ դարձավ մի իրողություն․ բուհի աշխատակիցներս համախմբվեցինք, միավորվեցինք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ այն է՝ մեր բուհը չի կարող լուծարվել։
Կարդացեք նաև
Բարոյահոգեբանական մթնոլորտի վատ լինելը, եթե այդպես են ներկայացնում, չի կարող պատճառ դառնալ հիմնադրամի լուծարման։ Այլ հարց է՝ բարոյահոգեբանական մթնոլորտը որ ներկայացվել է իբրև վատ, ինչպե՞ս է ներկայացվել, նախարարը բուհ այցելել է մեկ տարի առաջ, և եթե իրողությունները, պատճառները, պատրվակները ներկայացվել են մտացածին և կարելի է ասել ընտրողաբար, մի՞թե կարող են հենք հանդիսանալ մի ամբողջ բուհի լուծարման։
Մեր բուհը, կարելի է ասել, հաստարմատ, խորարմատ, հաստատուն ծառ է, որը չի կարող հատվել»,- ասաց դեկանը։
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սուսաննա Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Նախարարի հայտարարությունից անմիջապես հետո ես արտահայտեցի իմ կարծիքը սոցիալական ցանցում, որովհետև շարժվեց զայրույթս, հատկապես այն արտահայտության շուրջ, թե մեր բուհում չկա ակադեմիզմ։ Երբ պարոն Հարությունյանը հանդիպում ունեցավ մեզ հետ, նորանշանակ նախարար էր, նշված ժամից շատ ուշ եկավ, գրեթե գիշերով հանդիպեցինք, մենք իրեն ասացինք, որ եթե շարունակվի այսպես, ակադեմիզմը կկորչի։ Մեր գրեթե մեկդարյա պատմություն ունեցող բուհում, որը բազմաթիվ ավանդույթներով է օժտված և համարվում է Հյուսիսային տարածաշրջանի մայր բուհը, ունի կենդանի լեգենդներ, որոնք այսօր մեր կողքին են, աշխատում եմ մեզ հետ, այդ ակադեմիզմը շատ բարձր հիմքերի վրա է։
Իսկ այն, որ նախարարն ասում է կան առանձին խմբեր և տարաձայնություններ, իրավունք եմ վերապահում ինձ ասելու՝ նախարարը սխալվում է, եթե կան փոքր անհամաձայնություններ, որոնք, ի դեպ, կան նաև մյուս բոլոր հիմնարկներում ու բուհերում, դա չի կարող պատճառ դառնալ բուհի լուծարման։ Նորից եմ կրկնում՝ մենք Հայաստանի Հյուսիսային տարածաշրջանի մայրն բուհն ենք, լուծարման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, իսկ եթե վերամիավորում, այո՛, պետք է անշուշտ միանան մեզ, և մենք դարձյալ պետք է լինենք մայր բուհը»,-ասաց Սուսաննա Զաքարյանը։
Նույն ամբիոնի դասախոս Աստղիկ Հայրապետյանն էլ ասաց, որ նախարարի հայտարարությունը շատ կտրուկ է ու սուր։ «Չի կարելի կայուն ավանդույթներ ունեցող բուհին այդպես վերաբերվել, չեմ կարողանում զսպել զայրույթս։ Անչափ կտրուկ են նախարարի հայտարարությունները․ չկա ակադեմիզմ, ի՞նչ է նշանակում, բուհի աշխատակիցների մեծամասնությունը պաշտպանած մասնագետներ են, հիանալի տիրապետում են իրենց մասնագիտությանը ու կարողանում են բարձր կրթական որակ ապահովել, ինչպե՞ս կարելի է նմանատիպ հայտարարություն անել»,- ասաց Աստղիկ Հայրապետյանը։
Ըստ նրա, ցանկացած բացասական երևույթ ենթակա է շտկման և դեռ հարց է՝ արդյո՞ք բուհի բարոյահոգեբանական մթնոլորտն այդ աստիճան ճգնաժամային է, որ պետք է դրա հիման վրա լուծարել։
Հայոց լեզվի ամբիոնի նախկին վարիչ Մարիետա Խաչատրյանն էլ ասաց, որ զարմացած է նախարարի հայտարարությունից։ «Պատմություն կերտած, մտավորականներ, մասնագետներ, դաստիարակված քաղաքացիներ, բազմաթիվ սերունդներ հանրությանը տված բուհի մասին միշտ պետք է խոնարհումով խոսել։Իսկ եթե, այնուամենայնիվ, եկել են վատ ժամանակներ են բուհի կենսագրության մեջ, պետք է որոնել ճշմարիտ պատճառը, հերոսություն ունենալ ճշմարտությունը բացահայտելու և վարկաբեկման ճանապարհին գտնվող այս իրադարձության մեջ լամպը ձեռքին առաջարկել այն ուղին, որը բուհը դուրս կբերի ժամանակավորապես խավարի իրականությունից»,-ասաց Մարիետա Խաչատրյանը։
Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, Էթնոհոգեբան Կարինե Սահակյանը բուհի լուծարումը համարում է աբսուրդ։ Ըստ նրա, նախարարի հայտարարությունը հապշտապ էր և 85-ամյա բուհի մասին չի կարելի մեկ հարվածով բնութագրել։ Կարինե Սահակյանի ասելով, բուհը իր գործունեության ընթացքում իր տված կադրերով միայն պատիվ է բերել Հայաստանի Հանրապետությանը։
«Կուզենամ մի դիտարկում անել, քանի որ մասնագիտությամբ էթնոհոգեբան եմ, կուզենայի հայ ժողովրդի մտածողության գոհարներից ասել, որ գրեթե բոլոր հանդիսությունների ժամանակ խմել են առաջին հնձվորի կենացը, եթե առաջին հնձվորը իր եղանի չափը սխալ է բռնում, մնացած բոլոր հնձվորները բոլորի գրունտները կտրում են։ Այսինքն հարվածը հասնում է բոլորին։
Բարոյահոգեբանական մթնոլորտի համար թերևս կուզենայի առաջին հնձվորի կերպարի անձնային և մասնագիտական կոմպետենցիաների մասին խոսել, անձը և պաշտոնը ճիշտ պատկերացնել, և սա շատ փոքր, թռուցիկ բան է 85-ամյա բուհի համար և կարելի է շտկել, ժամանակի մեջ կարելի է ուղղել և մեկընդմիշտ բնութագիր տալ չի կարելի»,- ասում է Կարինե Սահակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ