Մարդու ազատությունն ու արժանապատվությունը հասարակական գիտակցության մեջ ամրագրված են որպես պաշտպանվածության երաշխիքներ և կարգավորվում են օրենքի ուժով: Ու թեև մարդկությունն արդեն վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկության մասին, այսօր էլ այն տարբեր դրսևորումներով շարունակում է մնալ մեր իրականության չարիքներից մեկը:
Ամեն տարի ավելի քան 7 հարյուր հազար մարդ է ենթարկվում թրաֆիքինգի, այլ կերպ ասած՝ ժամանակակից ստրկացման: Բարդ և մտահոգիչ այս խնդիրը բազմակողմանի ուսումնասիրման ու վերլուծության առարկա է:
Որպես անդրազգային հանցագործություն՝ թրաֆիքինգի հակազդումը առանձին երկրների իրավապահ համակարգերի խնդիր լինելուց զատ նաև համընդհանուր մտահոգության առարկա է: Հայաստանում էլ մարդու թրաֆիքինգի դեմ տարվում է կանոնակարգված պայքար՝ մասնագիտական հատուկ պատրաստվածություն ունեցող իրավապահների կողմից:
Մեր երկիրը համարվում է զոհերի ծագման կամ սկզբնաղբյուր երկիր: Այսինքն զոհերը հավաքագրվում են Հայաստանում, ապա տեղափոխվում այլ երկրներ, որտեղ էլ ենթարկվում են շահագործման: Արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, այսինքն շահագործումը կատարվում է Հայաստանում:
Ներկայացնենք ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողների վերջերս բացահայտած աշխատանքային շահագործման դեպքը։
Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։
Կարդացեք նաև
Օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը և տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մասնագետները չեն բացառում, որ զոհերը կարող են չդիմել իրավապահներին: Դիմելուց խուսափելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նշենք, որ իրավապահներին չդիմելով՝ զոհերը նպաստում են հանցագործների ազատ գործելուն, ինչը բարդացնում է թրաֆիքնիգին հակազդելու գործընթացը:
Զոհի հասարակական բնականոն կյանքին վերաինտեգրվելու գործընթացը թերևս ամենակարևորներից է: Ոչ պակաս կարևոր է նաև թրաֆիքինգ երևույթի մասին բարձրաձայնելը: Զոհին հասարակական բնականոն կյանքին ինտեգրումըելը կանոնակարգվում է նաև օրենքով:
Այս հանցագործության տեսակը չի ճանաչում ոչ ազգություն, ոչ հավատք ոչ էլ այլ հանգամանք: Իսկ մարդկանց, որոնք չգիտեն կամ տեղեկացված չեն այս երևույթի մասին, առավել հեշտ է խաբել, համոզել և շահագործել: Այս տեսանյութի խնդիրն էր հասարակական իրազեկվածության բարձրացումը, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի: Ներկայացվածով, անշուշտ, թեման չի սպառվում, և պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտություն կա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ