«Միանշանակ, ադրբեջանական լոբբինգի ազդեցության խնդիր տեսնում եմ: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի միջամտության արդյունք: Ադրբեջանը խավիարաթաթախ է արել Ֆրանսիայի որոշ կառավարական շրջանակներին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի եւ Ֆրանսիայի չորս քաղաքների միջեւ Ֆրանսիայի դատական ատյանի որոշմամբ բարեկամության հռչակագրերի չեղարկմանը, ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա շեշտեց. «Իհարկե, մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամների՝ խիզախ եւ իսկական ընկեր-մարդկանց ներդրումը, որոնք մինչեւ հիմա պայքարում են դատարանների այդ վճիռների դեմ: Սա մարդասիրության, ընկերակցության լավագույն դրսեւորումներից է, բայց կատարվածն Ադրբեջանի եւ ֆրանսիական որոշ շրջանակների միջեւ խավիարային կերուխումի արդյունք է»:
Մեր դիտարկմանն ի պատասխան, թե սա Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քաղաքականության հերթական քայլն է, Դավիթ Բաբայանը նշեց. «Իհարկե, բայց դա ավելի մեծ հարված եւ պարտություն է Ֆրանսիայի համար, քան Արցախի, քանի որ հարված հասցվեց Ֆրանսիայի պետականության հիմքերին, ժողովրդավարությանը, քաղաքակրթությանը, օրինականությանը: Կոռուպցիոն դրսեւորումների շնորհիվ Ֆրանսիան նման զարգացումներ ապրեց. արժեհամակարգը քանդվում է խավիարի միջոցով: Սա նորմալ է՞: Չենք կարծում, որ ժողովրդավարության օրրան հանդիսացող երկրների համար այս զարգացումները վտանգավոր չեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ