Հունիսի 15-ին « Բլից Ինֆո» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը խոսեց Նախիջեւանում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժություններից: Ասաց, որ այն մասշտաբներով տարբերվում է, քանի որ մոտ հինգ հազար հոգի զինանձնակազմ կար, երկու հարյուր միավոր զրահատեխնիկա: «Ադրբեջանն այս զորավարժություններին Նախիջեւանի հատվածում առաջին անգամ օգտագործեց Սու-25 -երը: Նման բան նախկինում չի եղել»,- ասաց Նահապետյանը:
Նրա խոսքերով, ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, այս զորավարժությունը իբր մարտավարական էր, բայց այն մարտական առաջադրանքները, որ իրականացնում էին զորավարժություններում ընդգրկված անձնակազմը եւ մարտական տեխնիկան, ավելի շատ ռազմավարական էր:
«Այդ զորավարժությունների սցենարով հետ էր մղվում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածք կազմող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վրա հարձակումը՝ հյուսիսային, հյուսիս-արեւելյան ուղղություններով»,- հավելեց բանախոսը:
Հայկ Նահապետյանը նշեց, որ վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական զինուժի կողմից Արցախի հատվածից հայկական կողմը փորձել է խոցել ուսումնական թռիչքներ իրականացնող Ադրբեջանի ուղղաթիռները եւ ինքնաթիռները:
Կարդացեք նաև
«Իրականում դրանք հետախուզական թռիչքներ էին Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցները եւ անձնակազմին հետեւելու իմաստով: Ավելացել են հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանա-արցախյան ճակատում»,-փաստում է ռազմական փորձագետը:
Հայկ Նահապետյանը կարծում է, որ Ադրբեջանը կարծես մտադիր է խոսքից գործի անցնել, եւ իր գնահատմամբ, լայնածավալ ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է գնում, այնպես՝ ինչպես 2016 թ. փետրվար- մարտ ամիսներին:
«Հայկական կողմի արձագանքը Ադրբեջանի գործողություններին չպետք է չափվի հայտարարություններով, հոխորտանքով, այլ պետք է լինի կոնկրետ զորքերի, հրամկազմի առավել մարտունակ վիճակի բերելու քայլերով, չեմ բացառում, որ մեր կողմից եւս որոշակի զորավարժությունների աճ լինի՝ ներառյալ նաեւ հրամանաշտաբային զորավարժությունները: Համարժեքությունն իր մեջ նաեւ ռազմական եւ պետական գաղտնիքներ է կրում, որոնք հրապարակելի չեն, բայց որ Ադրբեջանի կողմից կա հստակ գործընթաց, փաստ է, ուստի հայկական կողմը եւս պետք է գնահատի այս ամենը եւ պատրաստվի դրան:
Ես չեմ կարծում, որ 2016 թ ապրիլյան գործողությունները հայկական կողմի համար հանկարծակի էին: Դա որպես քարոզչական հնարք օգտագործվեց՝ թիրախավորելով այն ժամանակ Արցախը եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ