Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՛չ պատերազմ, ո՛չ բանակցություն․ Իրանի նոր մարտավարությունը ԱՄՆ-ի ճնշումների դեմ

Հունիս 15,2019 15:20

ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների  և Պարսից ծոցի տարածաշրջանի արագընթաց զարգացումների համատեքստում, ստեղծված իրավիճակը իբր մեղմացնելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրանական կողմի հետ բանակցության վերսկսման առաջարկի ուղերձը Իրանի հոգևոր և ռազմական իշխանություններին փոխանցելու նպատակով հունիսի 13-ի  առավոտյան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Թեհրանում հանդիպում ունեցավ, Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ։

Հանդիպման սկզբում Սինձո Աբեն ասել է, որ մտադիր է  ԱՄՆ նախագահի ուղերձը փոխանցել ԻԻՀ առաջնորդին: Իրանի գերագույն առաջնորդն ասել է.«Մենք կասկած չունենք ձեր բարության և լրջության վրա, բայց ես Թրամփին արժանի չեմ համարում որեւէ ուղերձ փոխանակելու համար, և ես  նրան պատասխան չեմ տա»: Նա ասել է, որ ԻԻՀ չի վստահում Միացյալ Նահանգներին: Սակայն միաժամանակ նա նշեց, որ պատրաստ է հատուկ խոսել Աբեի հետ առանձին հարցերի շուրջ, Իսկ Իրանի գերագույն առաջնորդն ինչ մասնավոր ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին դա հայտնի չէ։

Դրա հետ մեկտեղ է,  Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջև հունիսի 12-ին կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը դիմել է Տոկիոյին՝ անձամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները հանելու պահանջը:

Միայն, Աբեի Թեհրանից մեկնելուց հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այս պահին պայմանները նպաստավոր չեն Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Սա ուղղակի նահանջ էր ԱՄՆ-ի նախկին դիրքերում, ինչը հույս ունեին Սինձո Աբեի միջոցով հնարավոր կլինի դիվանագիտական ճանապարհով մեղմացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը։

Ակնհայտ է, որ Իրանը մոտ ապագայում չի պլանավորում երկխոսություն նախաձեռնել ԱՄՆ-ի հետ և պահանջում է չեղարկել Իրանի նավթի արտահանման վերաբերող պատժամիջոցները:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Թեհրան կատարած այցին համընթաց,  Օմանի ծոցում հունիսի 13-ին նավթային երկու լցանավ հարձակման են ենթարկվել։ Հինգշաբթի առավոտյան Օմանի ծովում  երկու խոշոր նավթատար տանկերների վրա իրականացված հարձակման հետևանքով,  այդ նավերի վրա հրդեհ է բռնկվել, այնուհետև  պայթյուն է  տեղի ունեցել: Ճապոնիայի Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ երկու տանկերը պատկանում են  այդ երկրին:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հարձակման մեջ մեղադրում են Իրանին: Թեհրանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

Միջադեպից անմիջապես հետո Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ իրանցիները կոպիտ հարձակում են իրականացրել ծոցի լցանավերի վրա:

Այս դեպքից հետո, Ռոյտերսի արաբական ալիքը հայտնել է, որ նավթի յուրաքանչյուր բարելի գինը բարձրացել է 2 դոլարով:

«Fox & Friends»-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ հենց Իրանն է կանգնած հարձակումների հետեւում՝ վկայակոչելով տեսանյութը, որը հրապարակել են ամերիկացի զինվորականները: Դրանում, ենթադրաբար, իրանցիները Kokuka Courageous լցանավից հանում են չպայթած ականը: Թրամփի խոսքով՝ ականի վրա գրված էր «Իրան»:

Ավելի վաղ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշնակիցներին թույլ խոչընդոտեն Պարսից ծոցից Իրանի նավթի մատակարարումը, ապա Իրանը թույլ չի տա ո՛չ ոք տարածաշրջանից նավթ արտահանի միջազգային շուկաներ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, հակադարձելով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղարի մեղադրանքներին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատու է Հորմուզի նեղուցի անվտանգությունը ապահովելու համար»: Իրանի մոտեցումը Պարսից ծոցում ընթացող զարգացումների վերաբերյալ ցույց է տալիս, որ Իրանի իշխանությունները կամովի ցանկանում են տարածաշրջանում լարվածություն առաջացնել և նավթային պատժամիջոցները շրջանցելու նպատակով տանկերների պատերազմ հրահրելու միջոցով՝ նավթի գինը բարձրացնել միջազգային շուկայում։ Սա կնպաստի Իրանին ներկայումս 300-350 հազար բարել արտահանվող իրանական նավթի եկամուտով շարունակել երկրի տնտեսական կյանքը, մինչև 2020 թ․-ին ԱՄՆ-ում կայացող նոր նախագահական ընտրությունները։

ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին հայտարարելով և հակաիրանական միջուկային պատժամիջոցները վերականգնելով, ԱՄՆ նախագահը սկսել է տնտեսական պատերազմ՝ նպատակ ունենալով Իրանում անհանդարտություններ ստեղծել։ ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանի դեմ աննախադեպ տնտեսական ճնշում գործադրելով և քարոզչական պայքար մղելով, կարող է Թեհրանին պարտադրել հանձնվել իր ցանկություններին:

ԱՄՆ նախագահը Իրանի իսլամական պահակազորը համարել է «աշխարհում ահաբեկչական գործունության համար Իրանի կառավարության գլխավոր միջոցը»:

Հունիսի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման դեպարտամենտը հայտարարել էր, որ Իրանի ամենախոշոր նավթաքիմիական  հոլդինգային ընկերությունը և դրա դուստր ձեռնարկությունները, ենթարկվել են պատժամիջոցների:

ԱՄՆ Գանձապետական նախարարությունը հայտարարել էր, որ պատժամիջոցների պատճառը՝ Իրանի պահապանների կորպուսի Խաթամ օլ Անբիա ռազմակայանի հետ համագործակցությունն է, որը համարվում է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի տնտեսական կենտրոնը:

Սթիվ Մենուչինը հայտարարել էր, որ Վաշինգտոնն այս քայլով նպատակ ունի կանխել Իրանի Պահապանների կորպուսի կողմից ֆինանսական միջոցների ձեռքբերումը պետրոքիմիական ոլորտի միջոցով:

Հատկանշական է, որ Խաթամ օլ Անբիա ռազմակայանում իրականացվում Իրանի ամենախոշոր նավթային, գազային նախագիծը:

ԱՄՆ-ի կողմից այս անմիտ քայլն, այն էլ միջնորդական առաքելությամբ Ճապոնիայի վարչապետի Իրան կատարելիք այցի նախօրեին, պատճառ դարձավ, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին մոտ կանգնած  պահապանների կորպուսի ծայրահեղական գեներալներն ավելի շատ գրգռվեն իրենց տնտեսական շահերը պահպանելու համար նախաձեռնել Պարսից ծոցում Արևմուտքի նավթային և տնտեսական շահերին հարված հասցնել և տապալել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ տարածաշրջանային կայունության ուղղությամբ վերցրած դիվանագիտական քայլերը;

Մոտ մեկ ամիս առաջ, Ալ Ֆուջեյրա նավահանգստում ևս պայթյուններ տեղի ունեցան չորս նավթատար տանկերների վրա:

Այս դեպքերը կարող են քաղաքական լարվածության  առաջացնել, ոչ միայն տարածաշրջանում այլև աշխարհի նավթային և տնտեսական բորսաներում:

Այս սցենարը պլանավորողների տեսակետից, նման միջադեպերը կարող են խոշոր ցնցումներ առաջացնել Իրանի և ԱՄՆ-ի առանց այն էլ անկայուն հարաբերություններում և առավել ամրագրել Իրանի պահապանների կորպուսի ծայրահեղական թևի  գեներալների և իսլամական հեղափոխության առաջնորդին մոտ կանգնած արմատական հոգևորականներ իշխանությունը երկրի ներսում: Ներկայիս դրությամբ ԻԻՀ իշխանությունների վերնախավում տարաձայնություններ են առաջացել ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու մարտավարության գործընթացների կիրառման և քաղաքականու ռազմական միջոցների դիմելու ընթացակարգերի շուրջ։ Կառավարության կազմը Նախագահ Հասան Ռոհանիի և ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հակված են Արևմուտքի հետ քաղաքական երկխոսության և դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրները, իսկ դրա դիմաց ստանալ տնտեսական երաշխիքներ  իսլամական համակարգը պահպանելու համար։ Սակայն ակնհայտ է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը և նրա համախոհ պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության գեներալները դեմ են ԱՄՆ-ի հետ համերաշխության ուղիների որոնմանը և շարունակում են պնդել իրենց հեղափոխական և իսլամական արժեքների պահպանման և տարածման սկզբունքների վրա, այն հուսով որ տարածաշրջանում Իրանի իսլամական հեղափոխության ազդեցությունը տարածելով կարող են ռազմավարական անվտանգ մթնոլորտ ստեղծել համակարգի պահպանման և գոյատևման համար։

Հունիսի 10, նախքան Սինձո Աբեի՝ Իրան կատարելիք այցը,  Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել էր.«Իրանը երբեք պատերազմ չի սկսել, բայց եթե որևէ մեկը պատերազմ սկսի Իրանի դեմ, նա պատերազմի վերջացնող կողմը չի կարող լինել»:

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել էր, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության նվազեցման միակ ճանապարհն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հրահրած տնտեսական պատերազմի դադարեցումն է: Սա կարևոր ուղերձ էր պարունակում իր մեջ ուղղված Արևմտյան պետություններին, թե Իրանը, գոնե այս դեպքում Թեհրանի չափավոր իշխանություններն, ԱՄՆ-ի հետ լարվածությունը դիտում են տնտեսական պատերազմի դաշտում և դրա լուծումը գտնում են Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագրի (ՀԳՀԾ) շրջանակում Իրանի տնտեսական շահերի և իրավունքների ապահովման ոլորտում։

Այաթոլլահ Խամենեիի տեսակետից ԱՄՆ-ի հետ բանակցելը նշանակում է հրաժարվել Իրանի ռազմավարական շահերից տարածաշրջանում և տեղի տալ հրթիռային և միջուկային սպառազինության հարցերում ԱՄՆ-ի պահանջներին, մի հարցեր, որոնք Այաթոլլահի բնութագրմամբ՝ Իրանի իսլամական համակարգի պատվարժանության և գոյատեւման անվիճելի և հիմնական սյուներն են։

Պարսից ծոցում Իրանի կողմից տանկերների պատերազմ հրահրելու սպառնալիի ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, Իրանը փորձում է «Դադարեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով», եւ դա `լարվածության էսկալացիայի արշավի մի մաս է: Նա նշել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի տարածաշրջանում իր ուժերն ու շահերը:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ նավթատարերի վրա հարձակման կապակցությամբ Օմանի ծոց է ուղարկում հրթիռային կործանիչ: Իհարկե ԱՄՆ-ի այս քայլն ունի միայն կանխարգելիչ բնույթ ի պատասխան՝ Իրանի կողմից տանկերների վրա կատարած հարձակման և տարածաշրջանային դաշնակիցների անվտանգության հետ կապված մտահոգությունները փարատելու նպատակով։

Աշխարհի էներգակիրների առանցքային առևտրային ծովային ուղի՝ Հորմուզի նեղուցում,  երկու նավթային լցանավերում տեղի ունեցած հարձակումներից հետո, Եվրոպայի համար, արդեն ապացուցվել է, որ Իրանի կողմից Հորմոզի նեղուցը փակելու հայտարարված սպառնալիքները լուրջ են և այդ հարցում չի կարելի վստահել ԱՄՆ-ի ծովուժի կարողության կամ Ռոհանիի չափավոր կառավարության երկդիմի քաղաքականություններին և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել պահապանների կորպուսի տնտեսական շահերին վտանգող արգելքները վերացնելու ուղղությամբ։

2019թ հունվարի 31-ին Եվրոպան, երկար ձգձգումներից հետո, վերջապես հայտարարեց Իրանի հետ առևտրային փոխանակումների INSTAX մեխանիզմի գործարկման մասին: Սակայն այս մեխանիզմը դեռևս գործադրման չի հանձնվել:

Պարսից ծոցում տեղի ունեցած վերջին դեպքից և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի՝  Իրան կատարած այցից ու Ճապոնիայի վարչապետի միջնորդական առաքելության ձախողումից հետ, հունիսի 15-ին Բրիտանիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանները հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ, որում ընդգծել են ՀԳՀԾ-ն գործադրելու իրենց հանձնառությունը: Իրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանները  հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ, որում ընդգծել են՝ Իրանի հետ վերջին բանակցությունների կարևորությունը: Նրանք նշել են, որ հնարավորինս արագ պետք է գործադրման հանձնվի Իրանի հետ ֆինանսական փոխանակումների  INSTAX մեխանիզմը: Սա այն քայլն է, որ Իրանի թ՛ե ծայրահեղական, թ՛ե այսպես ասած չափավոր իշխանությունները արդեն երկար ժամանակ է, որ պահանջում են Եվրոպայից։ Թվում է թ՛ե Եվրոպան տեղի է տվել Իրանի սպառնալիքներին և չի պատրաստվում ներգրավել Պարսից ծոցի երրորդ հավանական, ներկայիս պայմաններում տնտեսական պատերազմի մեջ, աջակցելով ԱՄՆ-ին։

Սակայն, Թեհրանում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին  ասել է,  «ՀԳՀԾ-ի շրջանակում Միացյալ Նահանգների հետ նախորդ բանակցությունների դառը փորձը չի կրկնվի, քանի որ ոչ մի ազատ և խոհեմ ժողովուրդ պատրաստ չի լինի ճնշումների պայմաններում բանակցել հակառակորդի հետ»: Այաթոլլահ Խամենեիի այս դիտարկումը կարելի ասել շատ տրամաբանական է, քանի որ չկա երկրում ներքին ճնշումներ վերնախավ իշխանության վրա և Իրանի քաղաքացիական ընդդիմության և տնտեսական պայմաններից դժգոհ հասարակության մոտ  Վաշինգտոնը չունի ազդեցության լծակներ, ուստի Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունների համար ոչ մի պատճառ չկա միայն արտաքին ճնշումների պայմաններում ուղղակիորեն բանակցել ԱՄՆ-ի հետ։

Ռայ-Ալ-Յոմ օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդոլբարի Աթվանը գրել է.«Իրանցիներն այնպիսի մարդիկ են, որ ոչ միայն չեն ենթարկվում ԱՄՆ-ի ճշտած պայմաններին, այլև այնպես են վարվել, որ Վաշինգտոնը ողջունում է Թեհրանի հետ բանակցությունը»:

Այժմ թվում է, թ՛ե ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ որդեգրած «Առավելագույն ճնշում» քաղաքականությանը դիմագրավելու նպատակով Իրանի հոգևոր իշխանությունները փորձում են կիրառել՝  «Առավելագույն դիմադրություն» մարտավարությունը, մինչև այն ժամանակ, երբ իրենց տնտեսական պայմանները թույլ կտա ռազմական և գաղափարական ներկայություն ունենալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մուսուլման և Իրանին համախոհ երկրներում և իհարկե՝ Պարսից ծոցի ջրերում։ Այդ տեսակետից Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ի հետ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ գործարքի մեջ մտնելու համար ոչ մի պատճառ չունի և նրանք այս վիճակը կձգձգեն մինչև ԱՄՆ-ի  և նունյիսկ ԻԻՀ նախագահական նոր ընտրությունները։

 

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930