«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կուտակված են սահմանին, եւ ինձ մտահոգում է այն, որ արդեն նավատորմի հատուկ նշանակության ամենաէլիտար ստորաբաժանումներն էլ են կուտակվում սահմանին»,- «Պոստ սկրիպտում» ակումբում նշեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Նրա խոսքերով, այս ֆոնին լրացուցիչ լարվածություն է ստեղծում այն հանգամանքը, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում անցյալ շաբաթ լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ իրականացվեցին:
«Սրանք ուղղակի զորավարժություններ չէին, ես դեռ անցյալ տարվանից իշխանություններին փորձում էի իրազեկել, որ Թուրքիայի Հանրապետությունը պատրաստվում է Նախիջեւանում տեղակայել ռազմաբազա, փորձում էի, որ այս լուրը՝ ինչքան հնարավոր է տարածում ստանա: Իմ ասածներն իրականացան:
Այս վերջին զորավարժության ժամանակ Թուրքիայի զինված ուժերը ներկայացել էին սեփական սպառազինությամբ՝ հետները բերելով հիմնական մարտական տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ, հրետանային միջոցներ, 150 մմ-անոց ինքնաշարժ թնդանոթներ, ռեակտիվ համազարկային հրետանային կայանքներ: Նախիջեւանից Երեւան ընկած հեռավորությունը 42 կմ է, պատկերացրեք, թե ինչ կարող են անել նրանց՝ 120 կմ-անոց զինատեսակները»,-հավելեց Վան Համբարձումյանը
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:
Ռազմական փորձագետն անդրադարձավ ՌԴ-ից ձեռք բերված Թուրքիայի S–400 զենիթահրթիռային համակարգերին, որոնց մի դիվիզիոնը պատրաստվում են տեղակայել Նախիջեւանում: «Ի՞նչ է դա Հայաստանի համար ներկայացնում, այսպես ասեմ՝ դրանք 400 կմ-ի վրա խոցում են աերոդինամիկ թիրախները, 60 կմ-ի վրա՝ իսկանդերները: Դրանք նաեւ միաժամանակ 36 թիրախ են խոցում: Սա Հայաստանի Հանրապետության համար ծայրահեղ վտանգավոր է:
Ինչքան աշխարհաքաղաքական ֆոնը լարվում է, ՌԴ-ն ներքաշվում է լայնամասշտաբ գործողությունների մեջ՝ Ուկրաինայում, Սիրիայում, Ադրբեջանում զինված ուժերը միշտ ակտիվանում են: Հենց հիմա Ուկրաինայում արդեն ուժեղ մարտեր են ընթանում, անցյալ շաբաթ 230 հրետանային արկ է բաց թողնվել Դոնբասի ուղղությամբ, եւ Ռուսաստանը ներքաշվում է պատերազմի մեջ:
Հենց այս ֆոնին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվանում են, Վենեսուելայում, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում նույնպես ներքաշված է Ռուսաստանի Դաշնությունը: Հետեւաբար, այս համատեքստում ինչքան Ռուսաստանի Դաշնության գլուխը խառը լինի, այնքան ադրբեջանական զինված ուժերն ակտիվանալու են»,-նշեց Վան Համբարձումյանը:
Նրա համոզմամբ, բարենպաստ պայմաններ է ստեղծվել Ադրբեջանի համար՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու՝ սկսած նրանից, որ ուժերի կուտակումներ կան, հայ-ռուսական հարաբերությունները սառեցված են, իսկ դրա ֆոնին ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են ջերմանում, նաեւ ՌԴ-ն ներքաշվում է մի քանի մեծ պատերազմների մեջ, որոնք արդեն անխուսափելի են:
«Ադրբեջանի ղեկավարությունը միշտ ուզում էր, որ պատերազմ սկսելու հիմք ունենա, իսկ այդ հիմքը նա այժմ ունի: Երբ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղում դավադիր ուժեր կան, որոնք ուզում են պատերազմ հրահրել, Ադրբեջանի նախագահը ստացավ ջեքփոթ: Նրանք կարող են սկսել ռազմական գործողություններ ու ասել, որ իրենք չեն դա սկսել, այլ պարոն Փաշինյանի ասած՝ Ղարաբաղում եղած դավադիր ուժերը»,-ընդգծեց բանախոսը;
Ռազմական փորձագետը կոչ արեց վերջ դնել ներքին խժդժություններին եւ բռունցքվել հանուն ինքնիշխան Հայաստանի ապագայի, որի գլխին պատերազմի լրջագույն վտանգ կա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ