Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. հռչակագրերի չեղարկումը կարող է նախադեպ դառնալ». Գրիգորի Այվազյան

Հունիս 15,2019 15:40

«Դա բնական է, բայց ՀՀ-ում եւ Արցախում այդ հռչակագրերի չեղարկումից առանձնապես չպետք է վհատվեն, որովհետեւ մեր ազգային նպատակը չէ առանձին քաղաքների հետ եղբայրական հարաբերություններ հաստատելը, այլ այն, որ Արցախը ստանա միջազգային ճանաչում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի եւ Ֆրանսիայի չորս քաղաքների միջեւ Ֆրանսիայի դատական ատյանի որոշմամբ բարեկամության հռչակագրերի չեղարկմանը, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը: Նրա բնորոշմամբ՝ նշյալ հռչակագրերի չեղարկման փաստը զարմանալի չէ. «Միաժամանակ՝ դա հետաքրքիր ֆոնի վրա է ծավալվում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին շրջանի հատկապես կոշտ հռետորաբանությունը եւ սահմանային լարվածությունը»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, ուստի իրավական տեսանկյունից նման քայլերը կարող են լինել ոչ միայն Ֆրանսիայում. «Սա կարող է նախադեպ լինել այլ երկրների քաղաքների համար: Ուստի զգոն լինենք եւ ի ցույց չդնենք ՀՀ-ի եւ Արցախի իշխող վերնախավերի ոչ հարթ հարաբերությունները: Դրանք կարելի է պարզել փակ դռների հետեւում՝ առանց հակառակորդին առիթավորվելու հնարավորություն տալու»:

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ բարեկամության հռչակագրերի չեղարկումը, ի տարբերություն այլ հարցերի, չնչին խնդիր է. «Ավելի վատ բաներ են տեսնում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լեգիտիմացնում են «Արցախի ադրբեջանական համայնքին»՝ վերջինիս ղեկավարի հետ հանդիպելով: Մեր ակտիվ գործողություններով պետք է չեզոքացնենք նման իրադարձությունները՝ առաջ քաշելով Արցախյան հակամարտության լուծման հայկական օրակարգը: Մենք վաղուց պետք է հասնեինք Արցախի ճանաչմանը՝ գոնե մի քանի երկրի կողմից»: Գրիգորի Այվազյանը շեշտեց, որ ադրբեջանական դիվանագիտությունը տարիներ շարունակ աշխատում է ողջ աշխարհում՝ իր ազգային շահին հասնելու համար. «Ադրբեջանական լոբբին ամենուր է ազդում, այդ թվում՝ Ֆրանսիայում: Ժամանակին Ադրբեջանում սարսափում էին հայկական սփյուռք հասկացությունից, իսկ հիմա հակառակն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930