Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. «Երկիրը պատերազմի վտանգի առաջ է, Հայաստանում մարզպետ Գարիկի կոկորդիլոսներն են քննարկում»

Հունիս 15,2019 14:45

«2016 թ Ապրիլյան քառօրյայից այս կողմ առնվազն իմ գնահատականներով Հայաստանի Հանրապետությունում առկա է ամենավտանգավոր լարվածության աճ: Այսօր Ադրբեջանը շատ մեծ ուժեր է կուտակել սահմանի ողջ երկայնքով՝ սկսած Նախիջեւանից, վերջացրած Տավուշի մարզով, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծով:

Այդ ուժերը կուտակվել են դեռ անցյալ  տարվա իշխանափոխության օրերից սկսած, մեր ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ հաղորդագրություններ էր տարածում, որ Ադրբեջանի զինված ուժերը  կուտակվում են սահմանին: Այդ կուտակված ուժերը մինչ այսօր սահմանից հետ չեն տարվում: Բացի դրանից, այս տարի Ադրբեջանի զինված ուժերն արդեն 14 զորավարժություն են իրականացրել, մեկն էլ՝ երեկ: Ամեն զորավարժության  ժամանակ ուժեր են կուտակել սահմանին, եւ այդ ուժերը հետ չեն ուղարկվել մշտական տեղակայման վայրեր մինչեւ այսօր»,- «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է սահմանային լարված իրավիճակին, նրա ձեւակերպմամբ՝ այն շատ սրված է. «Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր կիրառում են 60 մմ-անոց ականանետեր, հաստոցավոր ավտոմատ նռնականետեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ … Գնդակոծում են ՀՀ սահմանը, որի վերաբերյալ  ՀԱՊԿ-ը քննադատական դատապարտող ոչ մի հայտարարություն չի անում: Իրավիճակը աննախադեպ է, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերի օդուժը, գրոհային ավիացիան եւ կործանիչները սահմանին շատ մոտ են սկսել թռչել: Ես չեմ հիշում, որ ավիացիան, այն էլ՝ այդ քանակի եւ որակի, սահմանին շփման գծում այսքան մոտ թռչի: Բացի դրանից անօդաչու թռչող սարքերի թռիչքներն են ավելացել: Այդ ինտենսիվությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պատրաստվում են ինչ-որ գործողությունների»։

Ռազմական փորձագետի բնորոշմամբ, այս ամենը նախապատերազմական փուլ է. «Երկիրը լրջագույն վտանգի առաջ է, բայց երկիրը քննարկում է մարզպետ Գարիկի կոկորդիլոսները»: Նրա խոսքերով, իրավիճակն ավելի է լրջանում՝ պայմանավորված Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությամբ, զորավարժությունների քանակի մեծացմամբ, ադրբեջանցի դիպուկահարների ակտիվացմամբ, իսկ եթե աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Իրանը ներքաշվի պատերազմի մեջ, եւ այնտեղ ռազմական գործողություններ սկսվեն, Հայաստան-Իրան սահմանը կփակվի, ինչի արդյունքում  շրջափակման մեջ գտնվող Հայաստանը կհայտնվի պաշարման մեջ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930