Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը։ Այդ մասին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ազդարարեց ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Միսո Գաոն (Չինաստան)։ Շնորհվեցին մի շարք հատուկ մրցանակներ. Հռիփսիմե Աղաքարյանը արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
Մրցույթի փակման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։
Հռիփսիմե Աղաքարյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա, սակայն, նկատում է, որ ամենապատասխանատուն իր համար Խաչատրյանի միջազգային մրցույթն է, քանի որ այն Հայաստանում է անցկացվում և կրում է մեր մեծ կոմպոզիտորի անունը։ Դաշնակահարուհին նկատում է, որ մրցույթը շատ բարձր նշաձող ունի, իր մրցակիցներն աչքի էին ընկնում կատարողական վարպետությամբ, և շատ ուրախ է արժանանալ խաչատրյանական մրցույթի բարձրագույն պարգևին։
Կարդացեք նաև
Խաչատրյանի միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն իր ուրախությունը հայտնեց այն կապակցությամբ, որ 15-րդ հոբելյանական մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը։ Նա նաև ընդգծեց փաստը, որ այս տարի ավելի քան 100 երիտասարդ երաժիշտներ տարբեր երկրներից սովորեցին Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, կոմպոզիտորի այլ ստեղծագործություններ։ Արմեն Սմբատյանը կարևորեց այն մթնոլորտը, որ ձևավորվում է Խաչատրյանի մրցույթի շուրջ. «Աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտները գալիս, բացահայտում են մեր երկիրը։ Արամ Խաչատրյան անունը բոլորիս շատ օգնում է, որպեսզի աշխարհը ճանաչի հայկական երաժշտությունը։ Սա մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետության ճանաչմանն է ուղղված»։
Խաչատրյանի մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նշեց, որ Խաչատրյանի բոլոր 15 մրցույթները մեծ հեղինակություն են ունեցել երաժշտական ասպարեզում. մրցույթի հաղթողների թվում կան հիանալի կատարողներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։ «Ես նրանցից ոմանց հետ ելույթ եմ ունեցել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում։ Երախտագիտությունս եմ հայտնում ժյուրիի անդամներին, որոնք շատ ուշադիր գնահատել են բոլոր մասնակիցներին և ընտրել լավագույններին։ Եվ իհարկե ես ուզում եմ ջերմ խոսքեր հղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ու նրա գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին եզրափակիչ ելույթներում մասնակիցներին նվագակցելու համար։ Ցանկանում եմ նաև եզրափակիչ չանցած երաժիշտներին մաղթել, որպեսզի հուսախաբ չլինեն, այլ հավաքեն բոլոր ուժերը և շարունակեն երաժշտի ոչ հեշտ գործունեությունը։ Համոզված եմ, որ նրանց սպասվում է մեծ հաջողություն»,- ասաց Պավել Կոգանը։
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում առաջին մրցանակակիրը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։
Հունիսի 6-14-ը ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո Հայաստանում տեղի է ունեցել Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթը: Այն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ջանքերով։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):
«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ՄՐՑՈՒՅԹ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ