Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը Մինսկում կայանալիք ամառային Եվրոպական խաղերի մասնակցության չորս ուղեգիր ունի, Մոսկվայի «Գրան Պրիում» աջ ձեռքը վնասելուց հետո չշարունակեց պայքարը: Ավելի ուշ պարզվեց, որ աջ ձեռքը երկու տեղից կոտրվել է: Ստիպված գիպս են դրել:
Երեւան վերադառնալուց հետո Էդգարը մեր լավագույն սպորտային բժիշկներից մեկի՝ Դավիթ Մոսինյանի հետ միասին սովորական գիպսը փոխարինել է կարբոնե հատուկ գիպսով: «Հետաքրքիր պատմություն է: Չնայած կոտրվածքին, Էդգարը մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ որոշել է անպայման մասնակցել Եվրոպական խաղերին: Բայց հեծանվի ղեկը ամուր բռնելու խնդիր կար: Դրա համար մենք կարբոնե բեկակալ (шина) դրեցինք, որն այդ հնարավորությունը տալիս է: Հատուկ հաշվարկ ենք արել, որպեսզի ձեռքը հարմար լինի հեծանվին նստած վիճակում ղեկը ճիշտ բռնելուն»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Մոսինյանը:
Մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ասաց, որ այսօրվանից մի քանի օր մարզումներ են անցկացնելու հեծանվահրապարակում, իսկ Մինսկ մեկնում են հունիսի 19-ին: «Մինսկում նաեւ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ են խաղարկվելու: Առաջին մեկնարկը՝ խճուղում, հունիսի 23-ին է, իսկ հրապարակում՝ 27-ին, 28-ին եւ 30-ին:
Մեր՝ հեծանվասպորտի օլիմպիական ՄՊՄԴ-ի տնօրեն Մարտին Շարբաթյանը Բելառուսի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի այդ երկրի հավաքականի հետ տեղում լիարժեք մարզվենք: Պետք է որ ամեն բան լավ լինի, քանի որ Էդգարը պայքարող տեսակ է, տրամադրված է մարտական»,-ասաց Արմեն Գյոզալյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ