Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը. «Փաստ»

Հունիս 15,2019 12:51

Ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է՝ ամեն ինչ անելով, որ Արցախը հնարավորինս մեկուսացված լինի տարբեր միջազգային կառույցների, քաղաքների և երկրների հետ ունեցած ցանկացած համագործակցությունից: Անդրադառնալով Ֆրանսիայի մի շարք քաղաքների և Արցախի, ինչպես նաև Արցախի մի շարք համայնքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Զուտ հումանիտար նշանակություն ունեցող հարց է, քաղաքական որևէ լուրջ ազդակ իր մեջ չի պարունակում, բայց Ադրբեջանի իշխանություններն անգամ այս մակարդակում են աշխատում մեր դեմ: Ամենաբարձր մակարդակով աշխատում են անգամ այն երկրներում, որոնք բարեկամական և դաշնակցային հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Եվ այդ աշխատանքը արդյունքներ է տալիս, ինչի վառ ապացույցը բարեկամության հռչակագրերի չեղարկումն է: Սա ամենահաճելի զարգացումներից չէ, ինչը կարելի էր սպասել: Արցախի քաղաքացիների համար, սա, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում: Այնպես չէր, որ այդ համագործակցությունը շատ մեծ առավելություններ ուներ, բայց պարզ է մի բան, որ Ադրբեջանը հակամարդկային և հակահումանիտար քայլեր է իրականացնում: Սա լուրջ քաղաքական գնահատականի պետք է արժանանա թե՛ մեր ԱԳՆ-ի, թե՛ դաշնակից երկրների կողմից:

Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ժամանակին մեծ աշխատանք է տարվել նման համագործակցություն ստեղծելու ուղղությամբ, բայց հիմա հետևողականության առումով լուրջ խնդիր կա. «Կապերը, որոնք ստեղծվել են քրտնաջան աշխատանքի շնորհիվ, պետք է պահպանվեն և ընդլայնվեն: Սա մեր դիվանագիտության լուրջ ձախողումն է և հերթական ազդակը՝ հայկական դիվանագիտությունից ավելի պահանջկոտ լինելու առումով: Բոլոր հարթություններում պետք է հետևողական լինել մեր շահերը պաշտպանելու գործում: Այդուհանդերձ, այսօր խնդիրը վատ կազմակերպվածությունն է:

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի պետական ապարատը նախաձեռնող չէ, միայն արձագանքում է, իսկ արձագանքը շատ հաճախ ուշացած է լինում ու արդեն ոչ տեղին»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է՝ փորձագիտական մարկարդակով արված գնահատականները, մամուլը դեռ ապրիլին էր հայտնել, որ ադրբեջանցիներն աշխատում են կապերը չեզոքացնելու այդ ուղղությամբ. «Ահազանգը եղել էր, իսկ ահազանգից հետո պիտի հետևողական լինեին, հասկանային՝ խնդիրն ի՞նչ է, օրինակ՝ Մեհրիբան Ալիևան ինչո՞ւ գնաց Ֆրանսիա, ի՞նչ խնդիրներ էր լուծում այնտեղ: Հայաստանը չի գնում այդ հարցերի հետևից, ինչը խոսում է կառավարման ճգնաժամի արտահայտման մասին, ինչն արդեն իր հետևանքներն է ունենում»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930