Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ռեալ տեսնում ենք, որ համակարգային բարեփոխումները երկրում դանդաղում են․ «Փաստ»

Հունիս 15,2019 12:40

Գերատեսչությունների, պետական տարբեր մարմինների 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը հասարակական կազմակերպությունների քննարկումների և ուսումնասիրության շրջանակում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է եղել, որ գերատեսչություններն իրենց բյուջետային հայտերը քննարկեն հ/կների հետ: Ապահովված է նաև հայտերի հասանելիությունը՝ դրանք հրապարակված են պաշտոնական կայքերում:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը ևս մասնակցում է քննարկումներին: Նա ողջունելի է համարում նախաձեռնողականությունը, նշում, որ պետական տարբեր մարմիններից ևս առանձին հայտեր են ստանում: Այդուհանդերձ, գալով բովանդակային դաշտ, անդրադառնալով ուսումնասիրությունների նախնական տպավորություններին՝ «Փաստի» հետ զրույցում նա նկատեց.

«Հայաստանում այժմ ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունն է կիրառվում, այսինքն, հայտերը պետք է հիմնված լինեն կոնկրետ ծրագրերի վրա: Այդուհանդերձ, մենք, ըստ էության, էական բարեփոխումներին ուղղված բյուջե չենք տեսնում: Մեծամասամբ բոլոր ծրագրերը նախորդ տարիների ծրագրերի կրկնողությունն են: Որոշ դեպքերում ոչ թե ծրագրերը, այլ անգամ թվերն են նույնը մնացել՝ մի քիչ ավելանալով, մի քիչ պակասելով: Ու այս պարագայում պարզ չէ, թե մենք ընդհանրապես մեր կառավարման համակարգը փոխո՞ւմ ենք, թե՞ ամբողջը նույնն ենք թողնում, երկրի զարգացմանն ուղղված ակնառու ծրագրեր ընդհանրապես ունե՞նք, թե՞ ոչ: Եթե կա մի գերատեսչություն, որն ունի այնպիսի բյուջե, որը դիտարկելով կարող ենք ասել, որ այսքան գումարներ են ներդրված փոփոխությունների վրա, այսքան գումարներ կրճատվել են, որովհետև անիմաստ են եղել, կամ այդքանը պահպանվել է, որովհետև անհրաժեշտ ծախսեր են, թող ասի այդ մասին: Մենք դեռ չենք արձանագրել մի գերատեսչություն, ըստ որի՝ կարող ենք ասել, որ ըստ ներկայացված հայտերի՝ մի քանի տարուց կամ առաջիկայում ռեալ փոփոխություններ կտեսնենք: Սա շատ մտահոգիչ է, որովհետև մենք ռեալ տեսնում ենք, որ համակարգային բարեփոխումները երկրում դանդաղում են: Սա նաև վտանգավոր է ոչ միայն նոր կառավարության, այլև երկրի զարգացման համար, որովհետև 2018թ.-ին ժողովրդի և միջազգային հանրության կողմից տրված կրեդիտն ուղղակի մարելու է՝ առանց որևէ համակարգային փոփոխությունների»:

Ա. Կիրակոսյանը նշեց, որ ժողովուրդը կառավարությունից փոփոխությունների է սպասում, բայց, համենայն դեպս, բյուջեից դա չի երևում: «Իսկ դա այն ամենահստակ տեղն է, որտեղ ռեալ տեսնում ես, թե հանրային միջոցներն ուր են գնում: Իսկ եթե չի երևում, թե գումարներն ուր են գնում, հոսքերն ինչպես են փոխվում, ուրեմն, ըստ էության, ոչինչ էլ չի կատարվում: Ըստ այդմ, մենք կարող ենք հայտնվել նախորդ տարիներին արձանագրված այնպիսի իրավիճակներում, երբ, օրինակ, որևէ գերատեսչության կարիքների համար ֆինանսներ հատկացվեն պահուստային ֆոնդից կամ միջազգային կազմակերպությունները վարկ տան: Իսկ այդ մեթոդն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տեսանելի արդյունք չի բերի»,-ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերը բյուջեի վատ պլանավորման մասին են վկայում:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930