Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժիրինովսկի․ Հայաստանին կարող են դուր չգալ մեր հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, բայց մենք չենք կարող չաշխատել այդ երկրների հետ․ «Հրապարակ»

Հունիս 15,2019 12:00

«Հրապարակը» բացառիկ հարցազրույց է արել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հետ։

– Պարոն Ժիրինովսկի, Ձեր դիտարկմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ է փոխվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

– Մտավախություններ կային, որ մեր հարաբերությունները կփոխվեն, քանի որ Հայաստանի նոր ղեկավարությունն ավելի շատ համագործակցում է ԱՄՆ-ի հետ։ Իսկ մեր հարեւան երկրներում Ամերիկայի հետաքրքրությունները, առաջին հերթին, ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բայց վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները որեւէ կերպ չեն տուժի։ Սակայն իրավիճակը դեռ սպասողական է։ Ռուսաստանը պետք է հավաստիանա, որ Հայաստանում Ուկրաինայի նման գործընթացներ չեն զարգանում։ Երբ դա տեղի ունենա, հարաբերությունները նորմալ հուն կմտնեն։ Բայց կարեւորը, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա՝ մենք մեր օգնությունը չենք ուզում պարտադրել։ Ռուսական բազան Հայաստանում առաջին հերթին պետք է Հայաստանին, որը շրջապատված է թշնամիներով։ Իսկ Ռուսաստանն անվտանգության երաշխավորն է, էժան էներգիայի մատակարարն է եւ հազարավոր հայերի գործատուն։ Հարաբերությունները փչացնելը հեշտ է, ա՛յ, կարգավորելը՝ շատ ավելի դժվար։ Այնպես որ, մենք պետք է թանկ գնահատենք դրանք։

– Ռուսաստանը պարբերաբար սերտ շփումներ է հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եւ այդ ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները վերածվում են խաղաքարտի։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման խաղերին, կարծում եք՝ ազնի՞վ է ռազմավարական գործընկերոջ հանդեպ։

– Ռուսաստանը գերտերություն է, մենք հետաքրքրություններ ունենք մոլորակի ամեն անկյունում։ Երկրի վրա ամենուր հարեւան երկրները վիճում են իրար հետ կամ հակամարտության մեջ են։ Այդ պատճառով ամեն անգամ, երբ Ռուսաստանն ինչ-որ մեկի հետ համագործակցում է, գտնվում են նրանք, որոնց դա դուր չի գալիս։ Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում Իսրայելի հետ, բայց դա դուր չի գալիս Իրանին, իսկ Իրանն էլ մեզնից զենք է գնում՝ դա էլ արդեն դուր չի գալիս Իսրայելին։ Մենք աջակցեցինք Սիրիայի իշխանությանը, ինչը նյարդայնացնում է Թուրքիային, որն ուզում է մեզնից գնել ՊՎՕ C-400, սա էլ իր հերթին դուր չի գալիս ԱՄՆ-ին։ Գերմանիան ուզում է ստանալ «Հյուսիսային հոսք-2»ը, իսկ Լեհաստանը եւ Ուկրաինան դրան խանգարում են։ Սա անվերջ շրջապտույտ է։

Հայերը բազմամյա վեճ ունեն, որը կանխորոշված էր, երբ Լենինը պարտադրեց իր ազգային քաղաքականությունը։ Այսօր մենք, հայերը եւ ադրբեջանցիները դրա համար վճարում ենք։ Փոխըմբռնում գտնելը չափազանց դժվար է, եւ մենք չենք կարող կողմերից մեկին ընտրել՝ ամբողջությամբ սառեցնելով հարաբերությունները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ։ Իհարկե, Հայաստանին կարող են դուր չգալ մեր հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, բայց մենք չենք կարող չաշխատել այդ երկրների հետ՝ այն պատճառով, որ որոշակի խնդրահարույց հարցերով աջակցում ենք Հայաստանին։ Բացի այդ, մեր լավ հարաբերությունները մասամբ ապահովում են այն անվտանգության երաշխիքները, որը տալիս է Ռուսաստանը Հայաստանին։

Դրա հետ մեկտեղ մեր կուսակցության (Լիբերալ-դեմոկրատական) տեսակետը բացարձակապես հետեւողական է։ Մենք ամեն տարի ապրիլի 24-ին միանում ենք միլիոնավոր հայերին, որոնց համար դա ծանր եւ դրամատիկ օր է՝ Ցեղասպանության տարելիցը։ Ռուսները կարեկցում են հայերին նաեւ այն պատճառով, որ 1914 թվականին Ավստրո-Հունգարիայի կողմից եւս ենթարկվել են ցեղասպանության։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930