Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ է արձանագրվել․ «Ժամանակ»

Հունիս 15,2019 11:40

Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մայիս ամիսներին սննդամթերքի գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում, ինչը մտորելու տեղիք է տալիս: Համաձայն հրապարակման՝ այս ամիսներին արձանագրվել է հատկապես ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Նախ՝ ընդհանուր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների միջին աճը մայիս ամսին հավասարվել է 5.3%-ի: Ընդ որում, սկսած փետրվար ամսից, գների աճը կայուն միտում է դրսևորել՝ 3.4%, մարտին դարձյալ այդքան, ապրիլին 3.9% գնաճ: Խոսքը առաջնահերթ օգտագործվող սննդամթերքի միջինացված գնաճի մասին է: Նույն կերպ ամենաշատն օգտագործվող հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 4.5%-ով, հացի գները՝ 5.4%-ով: Ալյուրինը՝ 4.1%-ով: Սոցիալապես անապահովները, որոնց սննդի օրակարգում միշտ մեծ բաժին ունի մակարոնեղենը, մայիս ամսին դրա դիմաց ավելի են վճարել 7.8%-ով:

Չնայած 2018թ. կեսերից սկսած մսի շուկայում՝ հատկապես խոզի և տավարի մսերի գների անկում էր արձանագրվում, ինչի արդյունքում հատկապես խոզ պահելը հերթական անգամ գյուղացու համար դարձել էր վնասաբեր, այդուհանդերձ ԱՎԿ-ի հրապարակած վերջին տվյալները ցույց են տալիս, որ մսի գների էական աճ է տեղի ունեցել: Միջինում շուկայում մսի գինն աճել է 2.4%-ով: Ընդ որում, տավարի մսի պարագայում հունվարի շեշտակի աճից հետո արձանագրվել է գների աստիճանական նվազում մինչև ապրիլ, երբ եղել է ավելի ցածր, քան անցած տարվա նույն ամսին, սակայն սկսած մայիսից՝ անկման միտումը փոքրացել է, նույնն է թե՝ հակառակ պրոցեսն է սկսվել: Խոզի մսի դեպքում ևս մի քանի ամսվա շեշտակի գնանկումից հետո մայիսին անկման ընթացքը դանդաղել է, այսինքն՝ գնաճի պրոցես է սկսվել:

Վերջին մի քանի տարիներին մեր շուկայում թերևս ամենակայունը եղել է թռչնամսի գինը: ԵԱՏՄ պայմանավորվածությունները վերջնական ուժի մեջ մտնելուց հետո Բելառուսից և ՌԴ-ից Հայաստան է ներկրվում ոչ բարձրորակ, բայց էժան թռչնամիս, ինչը մեր թռչնաբույծների մոտ խիստ դժգոհության տեղիք է տալիս: Ինչևէ, վերջիններս և՛ դժգոհում, և՛ երբեմն հպարտանում են, որ արդեն քանի տարի է՝ ամեն ինչ թանկանում է, մինչդեռ թռչնամիսը, որ, մսեղիքի մեջ լինելով ամենաէժանը, ամենաշատն է օգտագործվում սոցիալապես անապահով խավի կողմից, չի թանկանում:

Այս տարվա հինգ ամիսների ընթացքում այս ապրանքատեսակի գները կայուն աճ են արձանագրում՝ 4-8-11-13-13.6%:

Չորացրած, աղ դրած, ապխտած մսամթերքի գները ևս ոչ շատ, բայց որոշակի աճ են արձանագրել: Թարմ ու սառեցված ձկան պարագայում առաջին ամիսներին տեղի է ունեցել գնանկում, բայց վերջին ամիսներին այն դադարել է: Մինչդեռ թարմ և սառեցված ծովամթերքների գնաճը հունվարին եղել է շուրջ 40%, որոշակիորեն նվազելով՝ մայիսին մոտ է եղել 30%-ի:

Ոչ պակաս տխուր վիճակ է կաթնամթերքի շուկայում: Հունվարին, որ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի քան 2%-անոց գնանկում էր, այն աստիճանաբար փոխվել է, և ապրիլին արդեն հանրապետությունում արձանագրվել է այդ ապրանքների 1.8%-անոց գնաճ, իսկ մայիսին այն կրկնակի աճել է՝ հասնելով 3.5%-ի: Անարատ կաթի դեպքում արձանագրված գնաճն այդքան մեծ չէ՝ 1.4%, բայց վերջին ամիսների վիճակագրությունը փաստում է, որ այստեղ ևս գների կայուն աճ է ընթանում: Նույն պատկերն է նաև պահածոյացված կաթի, մածունի, յոգուրտների պարագայում. ոչ մեծ՝ 1.4-1.5%-անոց կայուն գնաճ: Պանիրը և կաթնաշոռը գնանկում են գրանցել ամբողջ 4.8%-ով: Բայց նշենք, որ այստեղ էլ գնանկումը եղել է ավելի բարձր, մայիսին նվազել է: Ձվի շուկայում տարեսկզբին 3.3%-անոց գնանկում էր, ապրիլին սրա գնաճը մոտենում էր 20%-ի, իսկ մայիսին եղել է շուրջ 27%:

 

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930