Ասում են՝ մարդկության հիշողությունը, բարեբախտաբար, սահմանափակ է։ Երևի այդպես է, հակառակ դեպքում անցյալի շուրջ մեր մաշող ու աննպատակ բանավեճն ու հետահայաց դիմակայությունն ավելի հեռուն կգնան։ Հետանկախական մեր անցյալի մեջ խարխափելով՝ դրա մի տասնամյակն անվերջ հակադրում ենք մյուսին, առաջնորդներին հակադրում ենք թիմերին, ոչնչացնում ենք ցանկացած նախորդ ձեռքբերում՝ ընդ որում, առանձնակի դաժանությամբ ու մինչև վերջ։
Իսկ ո՞րն է, ի վերջո, նպատակը: Ինչի՞ն հասնելու համար են սոցցանցերի հայհոյանքները, հասարակության նյարդային սնուցումները, զտումներն ու դատաստանները, հեղափոխություններն ու բարեփոխումները, իշխանություններն ու ընդդիմությունները: Այս ամենն ինչի՞ համար է, որ ի՞նչ լինի: Ո՞րն է շուրջբոլորը հեռացնելու, բաժանելու, պիտակավորելու, հեղինակազրկելու հետևանքը: Սրա հետևանքով մարդիկ ավելի լա՞վ են ապրում կամ ապրելու: Եթե այո, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Բայց ակնհայտ է, չէ՞, որ այս քայլերն ու այս հետևանքն իրար կապող ճանապարհ ուղղակի չկա: Մինչդեռ մարդիկ ուզում են իրականանալի երազանք: Մարդիկ ցանկանում են լավ ապրել: Ու միշտ են ցանկացել: Մարդիկ ձգտում են բարեկեցության և հայացքներն ուղղում դեպի այնտեղ տանող առաջնորդին: Տեղի ունեցածը կամ տեղի ունեցողը տանո՞ւմ է լավ ապրելու նպատակին, թե՞ պարզապես ինքնանպատակ է:
Այսպես կարելի է շարունակել անվերջ։ Այսպես մենք կառուցում ենք պատժող ու ագրեսիվ հանրույթ, որտեղ բոլորն ապրում և աշխատում են այնքան, մինչև հասնի պատժելու և պատժվելու իրենց հերթը։ Մինչդեռ ապագայի հասարակությունը պետք է լինի խրախուսող, լավ օրինակը բազմապատկող, լավ գործը շարունակող, լավ միտքը զարգացնող։ Լավ ապրելու, բարեկեցիկ ապրելու այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Հնարավոր չէ փոփոխական հաջողություններով ատելության, մեկը մյուսին ստորացնելու և ոչնչացնելու պատերազմ վարել ու լավ ապրելու հավակնություն ունենալ:
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու հնարավորություն են ստանում միայն այն հասարակությունները, որոնք կարողանում են պայմանավորվել բարեկեցիկ ապագա ստեղծելու շուրջ: Լավ ապրելու իրավունքը հնարավոր է միայն վաստակել ընդհանուր շահի գիտակցման, համերաշխության, փոխադարձ վստահության և գործակցության մթնոլորտում։
Կարդացեք նաև
Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ՝ սխալները շտկելով։ Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մի քանի սերնդի նույն սխալները, դրանց հետևանքները, ունենք դրանք չկրկնելու շանսը, նոր սխալներից խուսափելու հնարավորությունը, ունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են, նոր սերունդ, որը կարող է։ Ընդամենը պետք է մի օր դադար առնել, խորը շունչ քաշել, գիծ քաշել ու սկսել նորից։ Ու դա հնարավոր է։
Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան
Ճիշտ ժամանակին և ճիշտ խորհուրդ….