Մինսկի Եվրոպական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ երեկ ՀԱՕԿ նաախագահ Գագիկ Ծառուկյանը մեր 37 մարզիկներին ոգեւորելու նպատակով հիշեց Բաքվում կայացած 1-ին խաղերը, երբ 70 հազարանոց ստադիոնում բացման շքերթի ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ձեռքերում ամենաբարձրը եւ ի պատիվ ըմբիշ Միհրան Հարությունյանի նվաճած արծաթե մեդալի, ծածանվում էր Հայոց Եռագույնը:
«Դա հպարտություն է, դա պատմության մեջ պետք է գրանցվի, որովհետեւ մենք մեր մարզիկների կյանքի համար անվտանգության երաշխիք ստանալով՝ պատերազմող երկրում կարողացանք մեր մարզիկներին ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք: Ովքեր գնացել են Բաքու, հիշում են, գիտեն, որ ես խոսք տվեցի, որ մեր պատվիրակության ոչ մի անդամի ոչինչ չի սպառնա եւ որպես վստահության նշան պատրաստակամություն էի հայտնել, որ իմ տղան էլ նրանց հետ մեկնի Ադրբեջան: Հիմա միանգամայն այլ է: Դուք սիրելի մարզիկներ, հանդես եք գալու բարեկամ երկրում՝ Բելառուսում: Վստահ եմ, որ հաջող մասնակցություն կունենաք եւ կուրախացնեք մեր ժողովրդին: Ես ինքս այնտեղ լինելու եմ ձեր կողքին եւ ամեն ինչով սատարելու եմ ձեզ», – հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ