Հայաստանում միասնական քննությունները շարունակվում են: Հունիսի 14-ին դիմորդների գիտելիքները ստուգվել են օտար լեզու առարկայից:
Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 դպրոցում անգլերենի քննություն հանձնած շրջանավարտներից մեկը, որը դիմել է Սլավոնական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետ եւ որի հետ զրուցեցինք, քննության ընթացքի ու թեստերի հետ կապված դժգոհություններ չուներ: «Թեստերը հիմնականում շտեմարանից էին: Կային փոփոխված բաներ, բայց չեմ կարող ասել՝ դժվար էր: Միջին բարդության էր: Քննությունը շատ լավ անցավ, ոչ մի արտառոց բան չգրանցվեց»,- ասաց աղջիկը՝ չցանկանալով անունը հրապարակել: Նրա գնահատմամբ, այս տարվա թեստերը բարդությամբ չէին տարբերվում անցյալ տարվա թեստերից: Միակ նորությունն, ըստ աղջկա, այն էր, որ առաջադրանքների մի մասը նույնությամբ չէին կրկնում շտեմարանների առաջադրանքները եւ որոշակի փոփոխություններով էին ներկայացված:
Դա, փատորեն, ըստ էության, այն է, ինչի մասին խոսում էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, երբ նշում էր, որ շտեմարաններից ընտրված ու թեստերում ընդգրկված առաջադրանքները պետք է կրեն որոշակի փոփոխություններ, որպեսզի չգործի պատասխանները անգիր սերտելու եւ մեխանիկորեն առաջադրանքները կատարելու տարբերակը:
«Իրականում իր այդ գաղափարը շատ լավն է, եթե ճիշտ գործածվի: Այսինքն՝ չենք կարող միանգամից շտեմարանները հանենք ու դնենք այնպիսի բան, որը երեխեքից ոչ մեկը չի իմանա կամ չի պարապել (նկատի ունի բոլորովին նոր ու անծանոթ առաջադրանքներ-խմբ.): Բայց հիմնականում այդ գաղափարը ճիշտ է, որովհետեւ շատ մարդիկ կան, որ անգիր արած գրում են»,- կարծիք հայտնեց դիմորդը: Անգլերենի թեստերում, նրա դիտարկմամբ, որոշակի փոփոխությունների էին ենթարկվել առաջադրանքների քսան տոկոսը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ասաց, որ շուրջ մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ: Հույս ուներ, որ բարձր գնահատական է ստանալու:
Ինչ վերաբերում է «հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունների վերջնական արդյունքներին, դրանք գրեթե չեն տարբերվում ավելի վաղ մեր հրապարարակած նախնական արդյունքներից: Անբավարար կամ առավելագույն միավոր ստացած դիմորդների թիվը փոփոխվել է ընդամենը մեկ-երկուսով: Թեստերի երրորդ ու վերջին ստուգումից հետո պատկերն այսպիսին է՝ 5 370 դիմորդից անբավարար՝ 7.5-ից ցածր միավոր է հավաքել 1045 դիմորդ կամ քննության մասնակիցների 19.5 տոկոսը: Նախորդ տարի այդ տոկոսը եղել է 16: 18-20 միավոր է վաստակել 493 դիմորդ կամ մասնակիցների 9.2 տոկոսը՝ նախորդ տարվա 14.2 տոկոսի փոխարեն:
Հ.Գ. Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հիշեցնում է, որ միասնական քննությունը, որը դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության քննություն է միաժամանակ, ՀԱՆՁՆՎՈՒՄ է ՄԵԿ ԱՆԳԱՄ: «Եթե երեխան վատ է զգում, ավելի լավ կլինի, որ նա ՉՀԱՆՁՆԻ այդ քննությունը, այդ դեպքում նա իրավունք ունի հանձնել այն հուլիսի սկզբին՝ 2-րդ փուլում: Բոլորովին կարիք չկա սպասել 5 օր, տեսնել ցածր գնահատականը եւ հիշել, որ երեխան այդ օրը վատ էր զգում, կամ քննասրահում է վատ զգացել, կամ էլ հուզված է եղել այնքան, որ չի կարողացել նորմալ գրել: Ավելի լավ է ընդհատել քննությունը, հետո հանձնել: Հիշեք, եթե պատասխանի ձեւաթուղթը հանձնվել է, ուրեմն շրջանավարտը քննությունը հանձնել է, եւ ուրեմն, այն երկրորդ անգամ հանձնելու հնարավորություն այլեւս չունի»,- ընդգծում է ԳԹԿ-ն: Նկատենք, որ խոսքը վերաբերում է միայն միասնական քննությանը, այսինքն՝ բուհի ընդունելությանը, իսկ ավարտական քննությունը դիմորդները իրավունք ունեն վերահանձնել, եթե դրանից նույնպես նրանց գնահատականը անբավարար է:
Առջեւում մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա եւ ռուսաց լեզու առարկաների միասնական քննություններն են: Հիմնական այս փուլը կեզրափակվի հունիսի 25-ին:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում