Իշխանության ներկայացուցիչները վիրավորանքների զո՞հ են դարձել, ի՞նչն է ստիպել, որ ձեր խմբակցության պատգամավորը նախագիծ գրի, որով քրեականացվում է իշխանության ներկայացուցիչներին վիրավորելը: «Առավոտը» այս հարցն ուղղեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին:
Հիշեցնենք, որ նման աղմկահարույց նախագիծ էր բերել Արմեն Խաչատրյանը, բայց քննադատություններից հետո հանել էր շրջանառությունից: Աղազարյանը պատասխանեց. «Ես էլ, որպես իշխանության ներկայացուցիչ, բազմաթիվ անգամ արժանացել եմ նման վիրավորական դրսեւորումների, բայց էն մակարդակի չեն եղել, որ պատասխանեմ: Ես դեմ եմ էդ նախագծին, որովհետեւ այդ դաշտը գործող օրենքով կարգավորված է: Ցանկացած քաղաքացու, եթե վիրավորեն, պետք է սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի եւ այդ օրենքը կա: Տարբերակել իշխանության ներկայացուցչին գտնում եմ ոչ ճիշտ»: Թե ի՞նչն էր հիմք հանդիսացել, որ Խաչատրյանը նման նախագիծ էր բերել՝ Աղազարյանը պատասխանեց. «Հիմքը եղել էր այն, որ որոշ լրատվական միջոցներ, նաեւ որոշ անհատներ երբեմն-երբեմն իրապես չափն անցնում են, դա արժանի վրդովմունքի ալիք էր առաջացրել մեր որոշ գործընկերների մոտ, երեւի դա էր շարժառիթը դարձել»:
Հովիկ Աղազարյանն ասաց, որ կոնկրետ իրեն էլ են վիրավորում, բայց հիմնականում «ֆեյքերը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15․06․2019 թ․